Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋՐԻՆ ԼՈ՛ՒՐՋ ՄՈՏԵՑԵՔ»

Հուլիս 22,2010 00:00

\"\"Հորդորում է «ջրի» մարդը

Հունիսի 16-ին «Ջուր չեն տվել՝ փո՞ղ են ուզում» հրապարակմամբ ներկայացրել ենք Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչների բողոքը՝ ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ընկերության: Դարակերտցիները պնդում են, որ իրենց մատակարարվող ջուրը անորակ է, ու դրա դիմաց ընկերությունը տասնյակ հազար դրամներ է ուզում՝ պնդելով, որ դրանք հնից եկող պարտքեր են:
Այս բողոքներին ի պատասխան, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի Մասիս տեղամասի պետ Սամվել Համբարձումյանը ասաց. «Ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում: Բոլոր տեսակի պարտքերը, որոնք այսօր կան բնակիչների վրա, օրինական եւ հիմնավորված են: Օրենքով նախատեսված է, որ հուլիսի 1-ից բոլորը տեղադրեն ջրաչափիչ սարքեր եւ վարձը վճարեն դրա հիման վրա: Բայց կան շատ բնակիչներ, որոնք դարձյալ հրաժարվում են դրանից եւ համապատասխան հաշվարկներով նրանց պարտքերը ավելանում են»:
Իսկ ինչո՞ւ բնակիչները նախապես չեն տեղեկացվել, որ պիտի վճարեն անցած տարիներից մնացած պարտքերը: Այս հարցին ի պատասխան, տեղամասի պետը ասաց. «Նրանք բոլորն էլ թե բանավոր, թե գրավոր տեղեկացված են եղել իրենց պարտքերի մասին: Տեսուչները նրանց տեղեկացրել են: Մենք ուղարկել ենք նրանց նաեւ հիշեցման թերթիկներ, ապրիլի 1-ի դրությամբ ունենք կոնկրետ փաստաթուղթ՝ ստորագրված հենց Դարակերտի բնակիչների կողմից, որ տեղյակ են իրենց պարտքերի մասին: Մենք բազմիցս զգուշացրել ենք բոլոր բնակիչներին մեկ առ մեկ, որ եկեք տեղամաս, ճշտեք ձեր պարտքերը, միգուցե ինչ- որ տեղ մենք ենք վրիպել հաշվարկը կատարելիս, ինչ-որ տեղ դուք եք սխալվել, վերահաշվարկ կկատարենք, կճշտենք: Չեն մոտենում, որեւէ քայլ չեն անում, ջուրը իրենց համար երրորդ պլանում է: Առաջնային են էլեկտրաէներգիան, գազը, վերջում, եթե գումար կմնա՝ ջրի վարձն էլ կտան, չի մնա՝ չեն տա: Հիմա արդեն կարող ենք մենք էլ ջուրը անջատել, բայց էլի ուզում ենք ընդառաջել բնակիչներին»:
Ջրամատակարարման գրաֆիկի եւ ջրի որակի մասին էլ Սամվել Համբարձումյանն ասաց. «Դարակերտում եղել է ամենօրյա 24-ժամյա ջրամատակարարում: Հիմա գիշերվա 24.00-05.00-ը անջատվում է որոշակի աշխատանքներ կատարելու համար: Իսկ ջրի որակը հսկվում է: Պարտադիր ամեն օր բոլոր տեղամասերում հետազոտվում է: Ջրատար խողովակների 80 տոկոսից ավելին փոխված են նոր պլաստմասսայե խողովակներով: Ընդամենը մի քանի փողոց է մնացել, որոնցից մեկը խիստ վթարային է, եւ ջրամատակարարումն ընդհատվել է: Կա գյուղապետի գրությունը, այդ ջրագիծն էլ կփոխենք»:
Սամվել Համբարձումյանը ցավով է նշում, որ հաճախ է ականատես լինում, թե ինչպես են մարդիկ խմելու ջրի ծորակները ողջ օրը անիմաստ բաց թողնում ու ջուրը թափվում է առուները: «Ջրին լուրջ մոտեցեք: Արտահայտություններ են անում, թե ջուրը Աստծո տվածն է, ջրից էլ ե՞ք փող ուզում, որ վերջում թափվում է Արաքսը: Դա անլուրջ մոտեցում է: Այո, ջուրը Աստծո տվածն է, բայց պոմպը աշխատեցնում ենք մենք, ոչ թե Աստված»,- ամփոփեց Սամվել Համբարձումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել