Լրահոս
Օրվա լրահոսը

Լոզունգներով ծխողների թիվը չես կրճատի

Հուլիս 22,2010 00:00

\"\"Ծխելու վնասակար ազդեցության մասին կարելի է խոսել անվերջ: Քանի դեռ մարդկության մի մեծ հատված շարունակում է ծխել, ապա անհրաժեշտ է խոսել, քննարկել, բացատրել, միջոցներ ձեռնարկել, մեթոդներ մշակել, պայքար մղել, որպեսզի ծխող մարդկանց թիվն աստիճանաբար նվազի: Այսօր զարգացած երկրներում առողջապահական մարմինները, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների անմիջական աջակցությամբ, հետեւողական պայքար են մղում ծխելու դեմ: Այդ պայքարը վերջին 25-30 տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ է արձանագրել: Մեր հանրապետությունում ծխելու դեմ պայքարն անհետեւողական է, շատ հաճախ ձեւական եւ ընդհանուր առմամբ՝ անարդյունավետ:
Առաջավոր երկրներում այդ վատ սովորությունը նվազագույնի հասցնելու համար մի շարք ձեւերով են պայքարում: Գաղտնիք չէ, որ ծխել սկսում են 15-16 տարեկանից: Բնականաբար պայքարի մեթոդները շատ երկրներում վերոհիշյալ խոցելի տարիքային խմբերին են ուղղված: Դպրոցներում, բուհերում, զինված ուժերում բացատրական աշխատանք է տարվում դասաժամի տեսքով, եթե ոչ ամիսը 2 անգամ, ապա 1 անգամ՝ պարտադիր: Դրա հետ մեկտեղ վերոհիշյալ վայրերում ծխելը համատարած արգելվում է: Այսինքն՝ ծխելու արգելքը չի սահմանափակվում զուտ դասասենյակներով կամ ուսումնական հաստատություններով, զորամասով: Ծխել չի թույլատրվում բուհին պատկանող եւ բացօթյա մարզահրապարակներում, բակում, հանրակացարանում, զորամասերում՝ իրենց ողջ ենթակառուցվածքներով:
Զարգացած երկրներում հետզհետե ավելանում է այն հաստատությունների ցանկը, որտեղ արգելված է ծխելը: Խախտողներին սպասվում են տուգանքներ: Ծխող անձին մնում է միայն «փողոցը»: Ինչ վերաբերում է անչափահասներին, նրանց մոտ հակածխախոտային դաստիարակությունը այն աստիճանի է հասցված, որ դուք ոչ մի շանս չունեք ծխել նրանց մոտ եւ «պլստալ», երեխան իր իրավունքները պաշտպանում է, քանզի դեռ նախադպրոցական տարիքից գիտի, որ իր ներկայությամբ՝ լինի դա իր ծնողը, թե օտար մարդ, իրավունք չունի ծխել:
Մի շարք երկրներում ծխողները տուժում են ֆինանսապես՝ ոչ միայն ծխախոտ գնելով: Ծխող անձինք կյանքի, առողջապահական, ինչպես նաեւ վարորդական ապահովագրության համար ստիպված են ավելի վճարել: Մի շարք գործատուներ էլ կիրառում են մեկ այլ մեթոդ. ծխող անձնավորությանը վարձատրում են հավելյալ մոտ 6 ամսից 1 տարի՝ այն պայմանով, որ փորձի թողնել ծխելը: Եթե ծխող անձնավորությունը հավելյալ գումարի խթանը նպատակային չի օգտագործում, ապա սահմանված ժամկետից հետո ազատվում է աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել