Սակայն «Օրանժ-Արմենիա» ընկերությունը հավաստիացնում է, որ իրենց հետ «լավ բաները չեն ավարտվում»
Բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը Հայաստանի հեռահաղորդակցության շուկա մտավ նոյեմբերի 5-ին: Այդ օրվանից սկսած՝ ընկերության ղեկավարությունն այնպիսի խոստումներ սկսեց տալ, թե ֆուրոր են անելու մեր երկրի ինտերնետ շուկայում, թե շուտով գերարագ ու որակյալ ինտերնետ կապի ոլորտում առաջատարն են լինելու եւ այլն: Մասնավորապես, «Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սուանտիի խոսքերով՝ «Օրանժը» պետք է ներկայացներ լավագույն առաջարկները Հայաստանի ինտերնետ շուկայում: Սակայն արդեն 8 ամիս է անցել, ինչ երրորդ օպերատորը գործում է շուկայում եւ ոչ միայն ֆուրոր չի նկատվում, այլ բաժանորդներից շարունակ բողոքներ են լինում, որ «Օրանժի» ինտերնետ կապն իրեն չի արդարացնում, որ նույնիսկ հասարակ e-mail չեն կարողանում ստուգել:
Անահիտ Մխիթարյանը, հավատալով «Օրանժի» խոստումներին, դարձել է ընկերության առաջին բաժանորդներից մեկը, 1 տարով բաժանորդագրվել եւ 9 հազար դրամ վճարելուց հետո 1 դրամով ձեռք է բերել «Ինտերնետ Հիմա» մոդեմը: Բաժանորդի խոսքերով՝ «Սկզբի մեկ-երկու ամսվա ընթացքում կապը վատ չէր, հետո կտրուկ որակը վատացավ, իսկ հիմա ընդհանրապես կապ չկա, ես ամսական 9 հազար դրամ վճարում եմ՝ ոչնչի համար, ես չեմ կարողանում այդ կապով որեւէ բան անել, մի հասարակ կայք մտնելու համար, նամակ ստուգելու համար ժամերով սպասում ու նյարդայնանում եմ»: Ամանորից հետո՝ հունվարին «Օրանժի» ինտերնետ կապի որակը հուսախաբ էր արել բազմաթիվ բաժանորդների եւ այդ մասին մամուլում հրապարակումներ եղան, որ դեկտեմբերի 28-ից մինչ հունվարի 15-ը «Օրանժի» բաժանորդները զրկված են եղել ինտերնետ կապից, շաբաթվա ընթացքում անընդհատ կապն ընդհատվել է: Այդ ժամանակ «Օրանժ Արմենիայի» տնօրեն Բրունո Դյութուան հայտարարեց, որ բաժանորդների՝ նախատեսվածից մեծ քանակի պատճառով տեխնիկական խնդիրներ են առաջացել եւ խոստացավ, որ դեկտեմբերի ընթացքում դրանք կլուծվեն: Սակայն մինչ օրս բաժանորդները ժամանակ առ ժամանակ «քաշվում» են ընկերության ինտերնետ կապի պատճառով՝ բողոքելով, որ այդ կապը բոլորովին էլ «գերարագ» չէ:
Նշենք, որ «Օրանժի» «Ինտերնետ Հիմա» մոդեմը միայն բաժանորդագրվելու դեպքում է, որ արժե ընդամենը 1 դրամ, եւ այդ է պատճառը, որ բաժանորդները չեն խուսափել 1 տարով բաժանորդագրվել ու պայմանագիր կնքել ընկերության հետ: Առանց բաժանորդագրության ձեռք բերելու դեպքում մոդեմն արժե 35 հազար դրամ: Երբ կապի որակից դժգոհ բաժանորդներն ուզում են խզել պայմանագիրը եւ իզուր ամսական 9 հազար դրամ չվճարել՝ ընկերության սպասարկման կենտրոնում պատասխանում են. «Կուզեք՝ հրաժարվեք մոդեմից, բայց այդ դեպքում պետք է վճարեք 35 հազար դրամ տուգանք»: Անահիտ Մխիթարյանի խոսքերով՝ «Երբ դիմեցի «Օրանժին», ինձ ասացին՝ մոդեմը բերեք ստուգենք: Նրանց համակարգիչներով կապ կար, ինձ ասացին, որ հնարավոր է ձեր տարածքից է: Ես ապրում եմ 3-րդ մասում ու որտեղի՞ց պետք է իմանամ, թե «Օրանժի» ինտերնետ կապը որտեղ է աշխատում, որտեղ՝ ոչ»:
Այս առնչությամբ երբ «Օրանժից» պարզաբանումներ խնդրեցինք, թե ինչու ընկերությունը չի ապահովում անսահմանափակ ինտերնետ կապի այն արագությունն ու որակը, ինչ խոստացել է, եւ տուգանում բաժանորդներին՝ «Օրանժի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանի պատասխանը հետեւյալն էր. «Շնորհակալ ենք «Orange»-ի կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ ցուցաբերած ձեր հետաքրքրության համար: Մեզ համար խիստ կարեւոր է ցանկացած ահազանգ, որը մեզ կօգնի է՛լ ավելի լավացնել ծառայությունների որակը: «Orange»-ն իր գործունեության առաջին օրվանից որակը եւ բաժանորդների նկատմամբ հոգատարությունը դիտարկել է որպես առաջնահերթություններ: Այդ նպատակին են ուղղված ցանցի շարունակական վերազինումը, թողունակության կրկնապատկումը, ինչպես նաեւ վաճառքի ցանցի ընդլայնումը: Այսօր մեր բաժանորդները միջինում ինտերնետից օգտվում են 300 Կբ/վ-ից 1500 Կբ/վ արագությամբ: Ավելի ցածր արագության առանձին դեպքեր, իհարկե, կարող են պատահել՝ կախված, օրինակ, ցանցի ծանրաբեռնվածությունից, օգտագործողի գտնվելու վայրից եւ այլն: Քանի որ այդպիսի դեպքերն այժմ բազմաթիվ չեն, մեր ընկերության տեխնիկական մասնագետները կատարում են առանձին ուսումնասիրություններ՝ ընդհուպ մինչեւ այցելելով բաժանորդին եւ հետագա բարելավումների նպատակով ուսումնասիրելով ծածկույթը կոնկրետ վայրում»: Ներկայումս «Օրանժն» արդեն իր նոր բաժանորդների համար փոխել է վերաբերմունքը եւ իզուր կրակը չգցելու համար 15 օրով տալիս է ինտերնետի մոդեմը՝ փորձարկելու: Եթե այն ինչ-ինչ պատճառով բաժանորդին չի բավարարում կամ, այսպես ասած, «տեղը չի բռնում»՝ բաժանորդը կարող է մոդեմը վերադարձնել:
Օբյեկտիվության համար նշենք, որ «Օրանժի» ինտերնետից դժգոհ բաժանորդները շատ գոհ էին այդ օպերատորի բջջային կապից ու ծառայություններից, պարբերաբար մատուցվող ակցիաներից ու անվճար րոպեների տեսքով նվերներից: