Մինչդեռ ներկուսակցական խժդժությունների նոր մանրամասներ են ի հայտ գալիս
«ՀՀՇ-ում իշխանափոխությունը եղել է քաղաքակիրթ, նորմալ անցում է եղել, դավաճաններ մի փնտրեք»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀՇ համագումարի հետ կապված տարբեր լուրերին: Նա նաեւ կրկնեց, որ իշխանությունները փորձել են իրենց կուսակցությունում խնդիրներ ստեղծել, սակայն չի հաջողվել, եւ այդ ամենն այսօր անցյալում է: Մանուկյանը, բնականաբար, հերքեց, որ ՀՀՇ վարչության նոր կազմի ցուցակը կազմվել եւ ուղղորդվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ասաց, որ վարչության կազմի քննարկումները եղել են բաց, թափանցիկ կուսակցության բոլոր կառույցներում: Ընթերցեց հաշվիչ հանձնաժողովի հայտարարությունը, ըստ որի՝ վարչության անդամների ընտրության հետ կապված ոչ մի բողոք չի եղել, եւ որ պատրաստ են վերահաշվարկ կատարել: ՀՀՇ նախագահն ասաց նաեւ, որ պատրաստ են լրագրողներին տրամադրել ՀՀՇ համագումարի ողջ գրագրությունը, որպեսզի տեսնեն, որ ամեն ինչ եղել է բաց եւ թափանցիկ: «Առավոտի» դիտարկմանը՝ եւ Կարապետ Ռուբինյանը, եւ Ալեքսանդր Արզումանյանը լուրջ քաղաքական անցյալ ունեցող, սկզբունքային գործիչներ են, լավ գիտակցում են իրենց յուրաքանչյուր խոսքի արժեքը, եւ անցնելով 2008-ի հետընտրական թոհուբոհով, այսօր նրանք հայտարարություններ են անում՝ ուրեմն ինչ-որ բան, այնուհանդերձ, այնպես չէ, Արամ Մանուկյանն ընդամենը նկատեց, որ Արզումանյանի խոսքում էլ ափսոսանք կար Ռուբինյանի նամակի առիթով, եւ կրկնեց Կարապետ Ռուբինյանին ուղղված իր երկու հարցը:
Արամ Մանուկյանը նաեւ հայտարարեց, թե ՀՀՇ 16-րդ համագումարի օրը կուսակցության անդամ, վարչության անդամների թեկնածուների կազմում ընդգրկված Սամվել Գեւորգյանը, ով վատառողջության պատճառով լքել էր համագումարի դահլիճը, բանավոր ինքնաբացարկ է հայտնել, սակայն նրա անունը ցուցակից չի հանվել. «Զանգել էր, որ մենք իր անունը ցուցակից հանենք, որ ինքը չքվեարկվեր՝ ինքնաբացարկի առումով: Մենք այդ ինքնաբացարկը չէինք մտցրել, ցուցակից չէր հանվել: Դա մեր թերացումն է»: Մինչդեռ Սամվել Գեւորգյանն «Առավոտին» այլ բան ասաց. «Ոչ մի բան չէր խանգարի իմ անունը հանել, երբ որ ես նախապես էի ասել՝ մինչեւ այդ ցուցակի ընթերցելը, մի 2-3 ժամ առաջ: Անձամբ ասել եմ իրեն, Աշոտ Սարգսյանին եւ էլի մի քանի հոգու, որ իմ անունը խնդրում եմ հանեք, ես վատ եմ զգում, գնում եմ տուն»: Իրականում պարոն Գեւորգյանը ոչ թե վատառողջ լինելու պատճառով է հեռացել, այլ՝ «դե, երբ հասկացա, թե ինչ է կատարվում»: Իսկ թե ի՞նչ էր կատարվում ՀՀՇ համագումարում, Սամվել Գեւորգյանը չցանկացավ մամուլի քննարկման նյութ դարձնել: Ասաց, որ այն ամենը, ինչ մտածում է, ասել է Արամ Մանուկյանին, կասի նաեւ՝ «ում որ պետք է»: Ենթադրաբար՝ ՀՀ առաջին նախագահին: Ի դեպ, Սամվել Գեւորգյանն այդպես էլ չի հավաքել անհրաժեշտ ձայներ եւ ՀՀՇ վարչությունում չի ընդգրկվել:
Արամ Մանուկյանը Գրիգոր Ոսկերչյանի մասով էլ ասաց, թե տղաները հանդիպել-խոսել են, խնդիր չկա: Բայց քանի որ Ոսկերչյանը երեկ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, մնում է միայն ենթադրել, որ այս պարագայում էլ, այնուհանդերձ, խնդիր կա:
Տեր-Պետրոսյանի համագումարյան ելույթն էլ Արամ Մանուկյանն այսպես գնահատեց. «Լուրջ տագնապ, մտահոգություն մեր երկրում եւ երկրից դուրս զարգացող պրոցեսների նկատմամբ: Եվ բարձր ենք գնահատում նրա համարձակությունը՝ ճիշտը ներկայացնելը, իրականությունից չփախչելը, այդ ահազանգը ներկայացնելը: Տեր-Պետրոսյանն ունի քաղաքական կամք, համարձակություն, որ իրականությունը ներկայացնի հասարակությանը: Փիլիսոփայության եւ ստրատեգիայի առումով փոփոխության նշույլ անգամ չկա»: