Հարցազրույյց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հետ:
– Գիտնականների շրջանում կարծիք կա, թե Գիտության պետական կոմիտեն ավելորդ պետական կառավարման մարմին է: Դո՞ւք էլ եք այդպես մտածում:
– Ամենեւին էլ ոչ։ Այսօր էլ նույն կարծիքին եմ, ինչ 1997թ.-ին, երբ որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից, իմ կողմից պատրաստվել է տեղեկանք՝ ՀՀ ԱԺ նախագահի համար։ Ինչպես գիտեք, 1992թ. սկսած, ՀՀ էկոնոմնախն էր, փաստորեն, հանդիսանում պետբյուջեով գիտության հատկացվող իսկապես սուղ միջոցների «մասով» քաղաքականության պատասխանատուն… Այսօր էլ համոզված եմ, որ առանձնացված կառույցի կարիքը կա, քանի որ գիտությունն է Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը։ Պարզապես այդ կառույցը պետք է ծառայի համակարգին եւ ոչ թե հակառակը։
– Ոմանց կարծիքով այն ոչինչ չի տվել իր գոյության գրեթե 3 տարիների ընթացքում։
– Ինչո՞ւ չի տվել, տվել է։ Նախ, մոտ 50 աշխատատեղ է բացվել մեկ պետական պաշտոնյայի աշխատավարձով՝ առնվազն։ Իսկ ինչո՞ւ առնվազն, քանի որ հիմնավոր եմ համարում այն լուրերը, որ այդ 50 հաստիքներից շատերը ստանում են նաեւ գիտաշխատողների համար սահմանված աշխատավարձեր՝ ներառյալ, որոշ կազմակերպությունների վզին փաթաթած, թե՞ կամավոր, «մեռած հոգիների» տեսքով, իսկ ամենաընտրյալների համար լրացուցիչ աղբյուր կարող են հանդիսանալ տրամաբանությունից զուրկ, կամայական եւ խիստ կասկածելի «բազային» ֆինանսական հատկացումները։ Գիտության բնագավառի, իսկապես, սուղ միջոցների հաշվին չգիտես ո՞ւմ համար են ստեղծվում նոր մերձգիտական կառույցներ, խախտելով նույնիսկ հենց իրենց կողմից ստեղծված փաստաթղթերը։ Օրինակ, «պահպանման եւ զարգացման ծրագրով», նկատենք, որ ոչ «ստեղծման», 22.3 մլն դրամ է նախատեսված, այսպես կոչված, «Գիտակ» գիտավերլուծական կենտրոնի ստեղծման համար։ Իսկապես, անհասկանալի է, թե ո՞ւմ համար, եթե արդեն պետության կողմից ստեղծվել է 50 հաստիքով հսկայական կառույց՝ համապատասխան բյուջեով։ Ի դեպ, այսպիսի գործելաոճը՝ գիտության համար նախատեսված պետբյուջեի օգտագործումն այլ նպատակների համար, արդեն կարծես թե դառնում է կենցաղ։ Հայաստանը փոքր է եւ գրեթե հնարավոր չէ իրական նպատակները քողարկել եւ ոչ միայն այս դեպքում։
Մյուս «ձեռքբերումն» այն է, որ ստեղծվել է եւս մեկ ժամանակակից կահավորմամբ եւ բոլոր առումներով ժամանակի ոգուն համահունչ պետական կառույց։ Ճիշտ է, հիմնավոր խոսակցություններ կան, որ այդ ամենին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն հասել է ոչ միայն պետական կառավարման մարմնի վարչական ծախսերի հաշվին, այլ նաեւ «շուստրիությամբ», այսինքն՝ որոշ ենթակա կազմակերպությունների «կամավո՞ր», թե՞ պարտադրված բարեգործության արդյունքում։ Բայց եւ այնպես փաստ է, որ ստեղծվել է ոչ գիտական համակարգի համար, ցավոք, բավականին բարեկեցիկ աշխատանքային ժամերի անցկացման միջավայր, ընդամենը։ Մնում է, որ աշխատակիցները նաեւ աշխատեն եւ արդյունքները տեսանելի լինեն՝ եթե ոչ բոլոր հարկատուներին, այլ գոնե գիտական համակարգի համար։ Ի դեպ, նշված «բարեգործության» առումով մի շատ բնական հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է, որ, մի կողմից, ով չի ալարում՝ դեմքին խելացի ու տառապյալի տեսք տալով բողոքում է պետբյուջեով գիտությանը հատկացված միջոցների սղությունից, իսկ մյուս կողմից՝ որոշ գիտական կազմակերպություններ հաջողացնում են այդ նույն սուղ միջոցների հաշվին զբաղվել նաեւ տարաբնույթ «բարեգործությամբ»։ Ակնհայտ է, որ այդ «բարեգործություն» փաթեթավորման մեջ այլ երեւույթներ են, որոնք եւ հիմք են հանդիսանում խիստ քննադատորեն, եթե ոչ կասկածանքով, վերաբերվել նաեւ «ՀՀ ընթացիկ տարվա պետական բյուջեն /գիտության մասով» պետական փաստաթղթին։
– Ինչո՞վ չի բավարարում գիտության մասով պետական բյուջեի թափանցիկությունը։
– Օրինակ, բոլոր բերված ծրագրերում՝ «ենթակառուցվածքի պահպանման եւ զարգացման», «պետական նպատակային» եւ «ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների» ծրագրերով հատկացված գումարներում բացակայում է հաստիքների թվաքանակը։ Դե արի ու հասկացիր՝ ի՞նչ հիմնավորմամբ են հատկացվել այդ գումարները, հատկապես որ, շատ հաճախ հատկացումները ակնհայտորեն չեն համապատասխանում ծրագրի նպատակներին՝ ինչպես «Գիտակի» դեպքում։ (Ի դեպ, ՀՀ կառավարության կողմից հաստատված փաստաթղթից է «օբյեկտ» բառը): Բացի դրանից, փոփոխության է ենթարկվել բոլորին լավ հայտնի եւ վերադաս-վարչարարների կողմից պարզապես զազրելի, «թեմատիկ» ֆինանսավորման վերնագիրը, որն իրականում հանդիսանում է հետազոտական խմբերին ուղիղ հասցեագրված ֆինանսավորում՝ դրանից բխող ակնհայտ հետեւանքներով։ Այս մասին 90-ականների կեսերից սկսած այնքան է գրվել ու քննարկվել, որ արդեն ձանձրույթ է առաջացնում դրա մասին խոսելն ու ապացուցելը, որ «մածունը սպիտակ է»։ Ինչեւէ, այսօրվա պետբյուջեում այն վերնագրված է «պայմանագրային/թեմատիկ ծրագրով բազային ֆինանսավորում» եւ ներկայացված է ընդամենը մեկ՝ 1 մլրդ 546 մլն 866 հազ. դրամ թվով։ Վերնագրի մեջ «բազային» բառի ներմուծումը առաջին հայացքից կարելի էր վերագրել ընդամենը ճաշակի խնդրին։ Սակայն, համոզված եմ, որ այն նույնպես շատ լավ մտածված եւ խորամանկ քայլ է։ Այդ ամենը արված է գումարները, պարզապես, մեկ թվով ներկայացնելու համար։ Իսկ մեկ թվով ներկայացմամբ չեն բացվում ինչպես «պայմանագրային/թեմաների» ցանկը, այնպես էլ ԳՊԿ-ի «դե յուրե» ղեկավարի կողմից շեփորվող «անկախ փորձագիտական համակարգի» միջոցով, այդ «թեմաների» հասցեատերերն ու հատկացված հաստիքների արտառոց պատկերը։ Քանի որ հարկատուներին պարզ կդառնար, թե ովքե՞ր են մեր այսօրվա գիտության մշակները, ովքեր են «անաչառ» ԲՈՀ-ի թեթեւ ձեռքով հաջողության հասել գիտական աստիճանաշնորհման շքերթում, իսկ հետո ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի «անկախ գիտական փորձաքննության» երաշխավորմամբ ֆինանսավորվել՝ աշխարհացունց գիտական ձեռքբերումների համար նաեւ, որի համար եւ հարկատուները պարտավոր են հարկ վճարել պետությանը։ Այսինքն, հանրությանը, հատկապես գիտական, պարզ կդառնար, թե ինչպես կարելի է այլասերել նաեւ մրցակցային, այսինքն՝ գիտական արժանիքով պայմանավորված եւ հասցեագրված ֆինանսավորման մեխանիզմը։ Պարզ կդառնար, թե որտեղից գոյացավ «շուրջ 7.5 հազ. գիտնականների եւ գիտաշխատողների» բանակը։ Այսքանից հետո մեր նորօրյա չինովնիկները հայտարարում են հասարակության մեջ գիտության վարկի անկման մասին։ Շա՞տ եք ուզում գիտության վարկը չգցել, նախ ուսումնասիրեք 2001թ.-ից հետո ԲՈՀ-ի կողմից հաստատված գիտական աստիճաններ ստացածների ցանկը, ներառյալ, այսպես ասած, «նոստրոֆիկացիաները» ու ցույց տվեք համապատասխան վերաբերմունք։