Երեկ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի վերաբացումն էր: Արդեն 2 տարի է այս շինությունը վերանորոգվում էր: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել էր 180 միլիոն դրամ: Վերանորոգվել էր ընդհանուր առմամբ 900 քմ շենքային տարածք ու 1 հա բակ: Այս ամենն արվել էր թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի ջանքերով: Նա լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանից խնդրել էր ուշադրություն դարձնել թանգարանի կիսախարխուլ վիճակին եւ չէր մերժվել: Պարոն Զատիկյանը իր խնդրանքը յուրահատուկ ձեւով էր արել՝ այս թանգարանի ցուցատախտակը տարել եւ մի քանի օր շարունակ դրել էր հենց կառավարության շենքի դիմաց:
Թանգարանի վերաբացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես գալով՝ պարոն Զատիկյանը նշեց. «7 օրվա իմ տառապանքը տվեց իր արդյունքը, այժմ մենք ունենք գեղեցիկ ցուցասրահներ: Երբ ես եկա այս թանգարան աշխատելու, բակի մասը ամայի տարածք էր՝ տեղի բնակիչների միջեւ բաժանված, նրանք այդտեղ տաղավարներ էլ էին տեղադրել: Թանգարանի տանիքը կաթում էր, ջուր չկար: Ես երդվեցի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանը դարձնել ամենալավ թանգարաններից ու աբովյանագիտական կենտրոններից մեկը: Այդ կենտրոնը կկարողանա Աբովյանի կյանքի բոլոր մութ անկյունների հարցին պատասխանել: Սակայն դա արդեն առաջիկայում, երբ այդ հարցերը կքննարկվեն մշակույթի նախարարության հետ»: Ելութ ունեցավ նաեւ Խ. Աբովյանի հետնորդ Խաչիկ Ավագյանը: