Հունիսի 16-ին ողջ օրը տոնական տրամադրություն էր Ալավերդի քաղաքում։ Նշվում էր հանքափորի եւ մետալուրգի օրը, քաղաքի տոնը, պղնձաձուլական գործարանը 240 տարեկան էր դառնում: Պատահական չէր, որ օրվա բոլոր բանախոսների (Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, Լոռվա մարզպետ Արամ Քոչարյան, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյան, «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյան եւ ուրիշներ) գնահատանքն ու բարեմաղթանքներն ուղղված էին աշխատանքի մարդուն՝ հանքափորին, ձուլողին…
Ալավերդու քաղաքապետարանն էլ էր գնահատել քաղաքին ծառայություններ մատուցած մարդկանց՝ կրթության համակարգի նվիրյալներ Ալբերտ Անանյանին, Բորիս Մակիչյանին, պետական գործիչներ Սուրեն Վարոսյանին, դերասան Վոլոդյա Գրիգորյանին՝ նրանց շնորհելով «Ալավերդու պատվավոր քաղաքացի» կոչում։
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը շնորհավորելով բոլոր արժանավորներին, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Ալավերդու նախկին քաղաքապետ 80-ամյա Ալբերտ Անանյանին հայրենակցական միության նախագահության անունից շնորհեց «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչումը՝ հայրենի եզերքին ակնառու ծառայությունների եւ նվիրումի համար։
«Ալավերդին եւ պղնձաձուլական գործարանը միշտ էլ անխզելի կապված են եղել միմյանց: Ուստի քաղաքի եւ ձեռնարկության տոները առանձին չեն նշվում։ Եվ պատահական չէ, որ այստեղ ամենակարեւորը հանքափորի եւ ձուլողի մասնագիտություններն են։ Չնայած վերջին տարիների մակընթացություններին եւ տեղատվություններին, գործարանի ղեկավարները միշտ ձգտել են հաստատուն ընթացքի մեջ պահել պղնձի արտադրությունը, այս բնակավայրի ինքնատիպ խորհրդանիշը»,- մեզ հետ զրույցում ասաց Սերգո Երիցյանը: