«Վաճառքի գործարքը դեռ չի եղել, այլ ընթանում են վաճառքի շուրջ բանակցություններ, եւ թռչնաֆաբրիկան հնարավոր է՝ վաճառվի»,- երեկ պատասխանելով Tert.am-ի հարցին, ասել է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»՝ ԼՏԹՖ-ի համասեփականատեր, պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Նշենք, որ ԼՏԹՖ-ն գնելու ցանկություն է հայտնել
«Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, որը նաեւ «X գրուպի» նախագահն ու Ջրաշխարհի սեփականատերն է: Հարցին, թե արդյո՞ք վաճառքի որոշումը ձվի շուկայում վերջին շրջանում տեղ գտած դեմպինգային քաղաքականության արդյունք է, պարոն Մանուկյանը բացասական պատասխան է տվել՝ այդ որոշումը մեկնաբանելով շուկայում առկա գերարտադրությամբ, հավելելով, որ դրա կարգավորման եղանակներից մեկն էլ ձեռքբերման եղանակն է։ Նա նշել է, որ Max Group-ը շարունակելու է մնալ թռչնաբուծության բիզնեսում, եւ նրան պատկանող՝ Ստեփանավանում, Լեռնային Ղարաբաղում գործող այլ թռչնաֆաբրիկաների վաճառքի մասին խոսք չկա։