Էլեկտրաէներգիայի մատակարարի «փայլուն» աշխատանքի շնորհիվ խաթարվում են նույնիսկ պետական կառույցի աշխատանքները:
Վերջերս Գյումրիի էներգամատակարարումն այնքան վատ վիճակում է, որ բնակիչներին թվում է, թե «մութ ու խավար» տարիները վերադարձել են: «Առավոտը» բազմաթիվ բողոքներ է ստանում ամենամեծ թաղամասերից մեկի՝ Անիի բնակիչներից, որոնք փաստում են, որ իրենց մոտ «հովհարային» անջատումներ են. թաղամասը հոսանքազրկում են՝ «երբ ուզում են, առանց ժամ ու պատարագի»: Այս ամենը բնականաբար անհետեւանք չի մնում: Օրինակ՝ տարիներ առաջ էլցանցի թեթեւ ձեռքով շարքից դուրս եկավ Ֆրանսիայից Գյումրիին նվեր ուղարկված թանկարժեք տոմոգրաֆիական սարքը, այժմ էլ հերթով փչանում են Գյումրու մանկավարժական ինստիտուտի հեռուստաստուդիայի նույնքան թանկարժեք սարքավորումները: Վերջերս ստուդիայի ղեկավարությունը հոսանքի տատանումների պատճառով ստիպված եղավ $2000-ի կորուստ կրել՝ փոխել համակարգիչը: «Առավոտից» բացի, էլցանցի վատ աշխատանքից ահազանգեր է ստանում նաեւ Շիրակի մարզպետարանի «թեժ գիծը»: Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Սամվել Գրիգորյանի վստահեցմամբ՝ հունիսի 2-ից մինչեւ հուլիսի 16-ը «թեժ գիծը» գրանցել է էլցանցի դեմ ուղղված 20 բողոք: Բնակիչները դժգոհում են հոսանքի հաճախակի անջատումներից, մալուխների փտած վիճակից, ու «լույսի մարդկանցից»: Խոսքը մասնավորապես վերաբերում է Գյումրիի Գոգունցի փողոցը եւ Մեծ Մանթաշ գյուղը սպասարկողներին: Իսկ թե կոնկրետ ո՞ր հասցեներից է հնչում բողոքը մեր հարցին մարզպետարանի պաշտոնյան հարցով է պատասխանում ու թվարկում. «Իսկ ո՞ր հասցեներից բողոք չի հնչում, չկա այդպիսի թաղ, որտեղից չբողոքեն, ունենք ահազանգեր կենտրոնական հրապարակից, Շահումյան փողոցից, Ծուլուկիձեում խայտառակ վիճակ է, մի ամսվա մեջ 3 անգամ վթար է տեղի եղել, փողոցը քարուքանդ են արել, շատ են բողոքները նաեւ Անի թաղամասից. մանկավարժական ինստիտուտի հետնամասի բնակիչներն անընդհատ ահազանգում են, անգամ մարզպետարանում են հաճախակի անջատումները, լինում են օրեր, երբ ամբողջ քաղաքն է հոսանքազրկվում»:
Մեր կողմից հավելենք, որ այդպիսի հիշարժան օր էր հունիսի 9-ը, երբ Մուշ-2 թաղամասի բնակարանամուտը տոնելու նպատակով Գյումրի էր ժամանել Սերժ Սարգսյանը, ու նախագահի՝ ոտքը քաղաքից քաշելուն պես, ամբողջ Գյումրին հոսանքազրկեցին: Սամվել Գրիգորյանի խոսքերով, բողոքը «թեժ գծով» արձանագրելուն պես, իրենք ահազանգում են էլցանցի տեղեկատվական կենտրոն, որտեղից եւ մշտապես լսում են նույն «հերթապահ» պատասխանը՝ «հոսանքազրկել ենք մալուխային վնասվածքի պատճառով»: Իսկ Անի թաղամասի պարագայում, «թեժ գծի» պատասխանատուին էլցանցից պարզաբանել են. «Շղթա է, ու մի շղթայի վրա կան 10 բաշխիչ կայան, եթե դրանցից մեկն էլ վնասվի, 9-ը պիտի անջատենք, որ մեկը սարքենք, սա սովետի ժամանակից եկող շղթայական համակարգ է, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չենք կարող այլ կերպ վարվել»:
«Առավոտը» այս հարցի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ քաղաքային էլցանցի տնօրեն Կարապետ Հարությունյանից, սակայն 2 օր է՝ վերջինս տեղում չէ, երեկ էլ փոխանցեցին, որ Երեւան է մեկնել: Մենք պարզաբանումներ ստացանք ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Լյուդվիգ Սարգսյանից, որը կարծես թե այս քաղաքում ամենագոհ մարդն է էլցանցի աշխատանքից: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պաշտոնյան մեղքը բարդեց վրացիների վրա՝ պարզաբանելով, որ Շիրակի մարզը հոսանք ստանում է 2 գծով, դրանցից մեկը Վրաստանից է, եւ երբ այնտեղ պրոբլեմներ են լինում, հոսանքն անջատվում է: «Մինչեւ Վրաստանին անցնելը, այդ նույն Անի թաղամասի էներգամատակարարումը վա՞տ էր»,- հարցնում է Լյուդվիգ Սարգսյանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ գերշահույթ ստացող հարուստ հիմնարկը Գյումրիում ոչ մի ներդրում չի կատարում, պարոն Սարգսյանը պնդում է, որ ներդրումներ անընդհատ էլ կատարվում են, տարիների ընթացքում վերանորոգումներ են ընթանում: Սակայն գյումրեցիները պարոն Գլադունչիկի ներդրումներն այդպես էլ չեն տեսնում, փոխարենը լավ են երեւում բաշխիչ կայաններից դուրս եկող, քաղաքի տեսքն այլանդակող ու իրենց վտանգավորությամբ սարսափ ներշնչող լարանցումները: Ի դեպ, քաղաքի ջրամատակարարումն էլ իր որակով չի փայլում: Չնայած «Շիրակ ջրմուղկոյուղին» համառորեն թանկացրեց ջրի վարձը՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ առանց որեւէ առարկության մոտ 130 դրամից հասցրեց 172-ի, սակայն այդ նույն ջրմուղը գտավ թանկացումից «փրկվելու» ձեւը. գյումրեցիներին ու Շիրակի մարզի մի շարք տեղանքների բնակիչներին ծարավի մատնեց՝ իսպառ զրկելով մատակարարվող ջրից: Շիրակի մարզպետարանի «թեժ գիծը» մոտ 40 օրվա կտրվածքով 43 բողոք է ստացել Ջրմուղից. ցանցի հալումաշ լինելու պատճառով անընդմեջ վթարներ են լինում, սակայն, ըստ Սամվել Գրիգորյանի, գոնե միակ սփոփանքն այն է, որ Ջրմուղը օպերատիվ ու առանց նեղսրտելու է արձագանքում բնակիչների բողոքներին: