Այսպես է կարծում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը
– Մինչ համանախագահները իրար հետեւից հայտարարություններ են անում, Իլհամ Ալիեւը շարունակում է խոսել նույն ոգով՝ ռազմատենչ: Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը այդքան «անուղղելի»:
– Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը բավականին ջղագրգիռ էր, եւ ակնհայտ է, որ ինքը ցայտնոտային իրավիճակում էր, եւ ուներ երկու ուղղվածություն՝ սպառնալիքներ եւ շանտաժ բանակցող կողմի վրա: Առաջին անգամ իր խոսքում հստակ սպառնալիք եւ շանտաժ կար՝ ուղղված միջնորդ երկրներին: Մինչ այժմ սա չկար, եւ պետք էր ակնկալել, որ Ադրբեջանը Ալմաթի էր գնում՝ փորձելով օգտագործել իր քարոզչական բոլոր հնարավորությունները: Առաջին անգամ նա փորձեց ասել, թե որեւէ երկիր չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինքը դրանով հայտարարում է, թե միջնորդ երկրները իրավունք չունեն այդ խնդիրը լուծելու: Իսկ սա, վստահաբար, նշանակում է՝ ինքը մտահոգված էր այն ամենով, ինչ պետք է կատարվեր Ալմաթիում, եւ իր այդ ջղաձիգ հայտարարությամբ փորձեց վերջին անգամ օգտագործել իր հնարավորությունները: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Ալմաթիում, ցույց տվեց, որ համանախագահող երկրները արդեն ունեն հարցի լուծման իրենց որոշակի պատկերացումները: Այդ պատկերացումները սկզբունքների տեսանկյունից արդեն ամբողջացված են, եւ համանախագահողները ամենեւին մտադիր չեն փոխել իրենց պատկերացումները այդ սկզբունքների վերաբերյալ: Այդ սկզբունքները ամրագրվել են 2009-ի դեկտեմբերին՝ Աթենքում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ: Ստորագրվեց մի փաստաթուղթ, որը վերաբերում է ԼՂ հարցի լուծմանը՝ Հելսինկյան համաձայնագրի սկզբունքներին համարժեք: Իսկ սրանում ընդգրկված են այն երեք հիմնարար սկզբունքները՝ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի բացակայությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը, որոնց շրջանակում էլ հարցը պետք է լուծվի: Այսուհետ բոլոր հայտարարություններն արդեն հիմնվում են այս փաստաթղթի վրա: Համանախագահող երկրների նախագահների հայտնի հայտարարության մեջ եւս կարեւորվում են այս երեք սկզբունքները: Իսկ սա նշանակում է, որ համանախագահող երկրները ամենեւին մտադիր չեն կուլ գնալ Ադրբեջանի շանտաժներին: Ալմաթիի հանդիպումը կարեւոր էր նրանով, որ ընդհանուր քննադատական մոտեցումներից բացի՝ արդեն նշմարվում են որոշակի հստակեցումներ, արդեն պարզորոշ շեշտվում է, թե քննադատական խոսքը կոնկրետ ո՞ր երկրին է ուղղված: Եթե խոսքը ուժի կիրառման սպառնալիքի կամ ուժի կիրառման մասին է, ապա պարզ է, որ այն ուղղված է Ադրբեջանին: Եվ, ամենակարեւորը, Ադրբեջանին հստակ ասվում է, որ որեւէ կողմը չպետք է այս երեք սկզբունքներից, որոնք հավասարարժեք են եւ համահավասար, վերցնի միայն մեկը եւ բանակցությունների ողջ ընթացքում միայն դրա մասին խոսի: Հասկանալի է, որ այս մեղադրանքը եւս ուղղված է Ադրբեջանին, որովհետեւ այս երկիրը երեք հիմնարար սկզբունքներից դրոշակ է դարձրել միայն տարածքային ամբողջականության մասին սկզբունքը եւ խոսում է միայն դրա մասին, մինչդեռ պարզից էլ պարզ է, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքն ամենեւին չի ստորադասվում տարածքային ամբողջականության սկզբունքին: Երբեմն՝ ընդհակառակը:
– Վերջերս համանախագահները բավականին ակտիվացել են, մեկ ամսվա ընթացքում, հուլիսի 17-ին հնչեց նրանց թվով երրորդ հայտարարությունը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հարցի լուծումն ակտիվացման փուլում է:
– Համաձայն եմ, որ համանախագահները բավականին ինտենսիվ են աշխատում, մասնավորապես՝ վերջին մեկ տարվա ընթացքում: Նրանց միանում են նաեւ համանախագահող երկրների ԱԳ նախարարները, անգամ՝ նախագահները, այսինքն՝ ամենաբարձր մակարդակով: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցին բավականին լուրջ ուշադրություն է դարձվում: Հստակորեն ընդգծված են հարցի լուծման սահմանները, եւ Ադրբեջանին եւս մեկ անգամ ասում են, որ խնդիրը պետք է լուծվի միայն եւ միայն այս սկզբունքների շրջանակում: Նաեւ իրենց դժգոհությունն են հայտնում այդ երկրի ոչ կառուցողական պահվածքի համար:
– Հուլիսի 17-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները հատուկ երախտագիտություն են հայտնում ՌԴ նախագահին ե ԱԳ նախարարին՝ գնահատելով վերջիններիս՝ «կողմերի միջեւ տարաձայնությունները հաղթահարելու փորձերը»։ Ինչո՞ւ են որոշել ընդգծված երախտագիտություն հայտնել ՌԴ-ի ղեկավարին, նշանակո՞ւմ է սա, որ հարցի կարգավորման գործընթացում ՌԴ-ն գերակա դերակատարություն ունի:
– Սա առաջին հերթին նշանակում է, որ ԼՂ հարցի լուծման սկզբունքների հարցում համանախագահող երեք երկրները համամիտ են: Այն, որ ասում են, թե Ղարաբաղի հարցում գերտերություններն ունեն տարբեր շահեր, եւ այդ շահերը կարող են եւ խանգարել հարցի լուծմանը, այս հայտարարությամբ հերքվում է: Այս հարցում կա միասնական մոտեցում: Եվ երկրորդը, մի մոռացեք, որ ՌԴ-ն ստանձնեց լրացուցիչ ջանքեր գործադրելու պարտավորություն, եւ դա տեղավորվում էր համանախագահների պատկերացումների շրջանակում: Ինչպես կյանքը ցույց տվեց, սանկտպետերբուրգյան հանդիպմանը առաջարկների մասով բավականին առաջընթաց գրանցվեց, որն էլ առաջացրեց ադրբեջանական կողմի զայրույթը: Այո, պետք է դրական գնահատել Ռուսաստանի ջանքերը, հաշվի առնելով, որ ամեն դեպքում սա տարածաշրջանային գերտերություն է եւ ունի լրացուցիչ հնարավորություններ այս հարցին լրացուցիչ լիցք հաղորդելու:
– Համանախագահների վերջին հայտարարության մեջ նշված է , որ 1994-ի հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով «կողմերին լրացուցիչ միջոցներ են հարկավոր», ի՞նչ են նշանակում այս լրացուցիչ միջոցները:
– Սա նոր տերմին է, կարծում եմ՝ գալիս է մտահոգությունից, որն առաջացել է զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի պատճառով, երբ մարդկային զոհեր եղան, եւ մտահոգությունն այն է, որ պետք է ամրապնդվի 94-ի հրադադարի ռեժիմը: Դա կարող է լինել տարբեր ձեւերով, կարող է լինել ուժի սպառնալիքի եւ ուժի չկիրառման մասին համաձայնագրի կնքումը, կարող են լինել այլ միջոցներ, որոնք կարող են տրամադրել միջնորդ երկրները: Քանի որ այդ տողերը դեռ բացված չեն, ես կարող եմ այդպես մտածել: Բայց կարծում եմ՝ զինադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված յուրաքանչյուր քայլ պետք է քննարկման առարկա դառնա:
– Եթե համանախագահողները զինադադարի ռեժիմի պահպանումն այդքան կարեւորում են, ինչո՞ւ դրա խախտման դեպքերում համարժեք կոշտ չեն խոսում այդ ռեժիմը խախտողի՝ Ադրբեջանի հետ:
– Ես համաձայն եմ, որ հասցեական եւ խիստ հայտարարություններ չարվեցին, ճիշտ է, վերջին միջադեպը դարձավ միջազգային կազմակերպությունների, ԱԳ նախարարների, նախագահների քննարկման առարկա, բայց ես ձեզ հետ համամիտ եմ, լավ կլիներ, եթե դա լիներ ավելի խիստ եւ հասցեական:
– Ասվում է, որ հարցի կարգավորման պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության վրա: Ինչո՞ւ է հայտարարության մեջ հենց այսպես ձեւակերպված պատասխանատվության հարցը:
– Եթե ասվում է, որ պատասխանատվությունն ընկնում է ղեկավարների, առաջնորդների վրա, նշանակում է՝ խոսքը ոչ թե պետական պատասխանատվության մասին է, այլ անձնական: