Դատարանը բավարարեց Շամշյանի միջնորդությունը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բողոքի դատաքննությունը ընդդեմ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի եւ Երեւանի դատախազության:
Շամշյանը դատարանին միջնորդում էր, որպեսզի դատարանի որոշմամբ բեկանվի Կենտրոնի քննիչ Գարիկ Բեգոյանի կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 24-ին, երբ Շամշյանը գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին շտապող դատախազության աշխատակիցներին էր նկարում, այդ ժամանակ նրա աշխատանքը խոչընդոտել եւ նրան հայհոյել էր Հատուկ քննչական ծառայություն գործուղված Գագիկ Մարգարյանը: Վերջինս նաեւ իր ձեռքի պայուսակով հարվածել էր Շամշյանի գլխին: Այս միջադեպը տեսանկարահանվել էր գլխավոր դատախազության մուտքի մոտ տեղադրված տեսախցիկներով, իսկ «Նաիրի» բժշկական կենտրոնում նույն օրը հետազոտելով Շամշյանին՝ տվել էին եզրակացություն, համաձայն որի՝ նա ստացել է ականջաթաղանթի արյունազեղում: Այս ամենից հետո քննիչ Գ. Բեգոյանը որոշել է, որ իր կոլեգա քննիչ Գ. Մարգարյանի արարքում հանցակազմ չկա, եւ գործը կարճել է: Նույն քննիչ Բեգոյանի որոշմամբ, հարուցվում է մեկ այլ քրեական գործ՝ այս անգամ Շամշյանին մեղադրելով սուտ մատնության մեջ: Մեղադրող կողմը՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ Ա. Երիցյանը, դատարանին հայտնեց, որ Շամշյանի բերած բողոքը անհիմն, է եւ որ ամենակարեւորն է՝ քննիչ Մարգարյանը ոչ թե հարվածել, այլ մի թեթեւ հրել է, հետեւաբար դատարանը պետք է դիմումը թողնի անհետեւանք: Իր խոսքում Շամշյանի փաստաբան Հովիկ Արսենյանը պնդեց, որ ՀՔԾ գործուղված քննիչի կողմից եղել է եւ հարված, եւ լրագրողի աշխատանքի խոչընդոտում: Շամշյանն էլ միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի եւ հաջորդ դատական նիստի ժամանակ հետազոտեն այն տեսանյութը, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է Գագիկ Մարգարյանը հարվածում իրեն: Այս միջնորդության դեմ արտահայտվեցին եւ դատախազը, եւ ոստիկանության քննիչը: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարեց Շամշյանի միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով օգոստոսի 3-ին: