ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանն իրագործվում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հայաստանի մասով միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Սա փաստել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 20-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակության հետ կոնսուլտացիաների ընթացքում:
«Հինգ թեմատիկ ուղղություններով շուրջ 6 տասնյակ միջոցառումների իրականացման հարցերով զբաղվում է ստեղծված միջգերատեսչական հանձնախումբը: Միջոցառումների պլանի իրագործումը Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Կողմերը քննարկել են օգոստոսին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի օրակարգի հետ կապված հարցեր:
Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները ժամանակակից զինտեխնիկայով ապահովելու խնդրին: Քննարկվել է նաեւ նշված ստորաբաժանումների զորավարժությունները 2011 թվականին Հայաստանում անցկացնելու հարցը:
Կոնսուլտացիաներին հաջորդած մամուլի ասուլիսում Նիկոլայ Բորդյուժան նշել է. «ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները մենք ծրագրում ենք անցկացնել հաջորդ տարի։ Առաջարկ կա զորավարժություններն անցկացնել Հայաստանում։ Կարծում եմ՝ դա միանգամայն իրական է»:
Ամփոփելով եռօրյա այցի արդյունքները՝ Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցությունն առաջնահերթություն է համարվում, ուստի իրականացվելիք պիլոտային ծրագիրը՝ Հայաստանում համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, թերեւս լավ արդյունքներ է ենթադրում:
«Մեր ձեռնարկությունների ղեկավարները ծանոթացան Հայաստանի ձեռնարկությունների հնարավորություններին, հետաքրքրվածություն կա, հուսով եմ՝ մոտ ապագայում կունենանք դրական արդյունքներ»,- ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:
«Առաջին անգամ ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների՝ նման ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել Հայաստան, նրանք մանրակրկիտ ուսումնասիրել են Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունները: Ռուս ձեռնարկատերերի կողմից համագործակցություն սկսելու տրամադրվածություն կա: Մոտ ապագայում սպասում ենք գործնական արդյունքների»,- ամփոփել է Արթուր Բաղդասարյանը: