Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցականների տեղիք տվող մրցույթներ

Հուլիս 21,2010 00:00

ՀՌԱՀ-ը հայտարարել է մարզային սփռման մրցույթներ՝  չմանրամասնելով, թե խոսքը հատկապես որ մարզի մասին է:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ հրապարակեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման 18 մրցույթների վերաբերյալ իր հայտարարությունը: Այդ մրցույթներ հայտարարելու մասին որոշումը կայացվել էր ՀՌԱՀ-ի հուլիսի 15-ի նիստում: Հուլիսի 22-ի նիստում եւս 7 մրցույթներ են հայտարարվելու:

Երեկ հայտարարված 18 մրցույթներից 5-ի համար սահմանված է հեռուստածրագրի ընդհանուր ուղղվածություն, եւ դրանք հանրապետական սփռում են ունենալու: Նման սփռում ունեցող եւս մի հեռուստածրագրի թեմատիկ ուղղվածությունը սահմանված է վերահեռարձակումը:

Մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստածրագրերը 9-ն են: Դրանցից մեկի համար ընդհանուր ուղղվածություն է սահմանված: 3 հեռուստածրագրեր պետք է լինեն ժամանցային, երիտասարդական, երաժշտական: Եվս մեկի ուղղվածությունն է՝ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական: Երեւանում սփռվելիք մի հեռուստածրագիր ունենալու է միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական թեմատիկ ուղղվածություն: 3-ը լինելու են վերահեռարձակող:

Թեեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հունիսի 10-ի խմբագրության մեջ ամրագրվել է դրույթ, որով մինչեւ 2015 թվականը Հայաստանի մարզերում գործող ընկերությունները շարունակելու են հեռարձակվել՝ երեկ հրապարակվել է նաեւ մարզային սփռման համար 3 մրցույթների հայտարարություն:

Ըստ «Ա1+»-ի գլխավոր պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանի՝ ՀՌԱՀ-ի հրապարակած հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Դրանցից մեկը հետեւյալն է. օրենքի համաձայն՝ օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը ՀՀ տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել նաեւ միջպետական պայմանագրի վրա՝ առանց մրցույթի: Սակայն հայտարարվել են մրցույթներ, եւ ավելի՛ն՝ վերահեռարձակողների համար չկան հատուկ պայմաններ: Նրանք պիտի ներկայացնեն նույն փաստաթղթերը, ինչ մնացած դեպքերում, այսինքն՝ հեռուստաընկերության բիզնես ծրագիր, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին: Ըստ այդմ՝ ռուսական ալիքները կամ CNN-ը, Euronews-ը պետք է մեր ՀՌԱՀ-ին ներկայացնեն այս բոլոր տվյալները, եթե ցանկանում են վերահեռարձակվել Հայաստանում:

Սուսաննա Օհանջանյանը նաեւ տարօրինակ համարեց, որ մրցույթների հայտարարության մեջ նշված չէ որեւէ ալիք. «Մեզ համար միեւնույն է, բայց ով որ հաճախություն ունի՝ իր համար միեւնույն չէ, չէ՞, թե որ մեկի համար է դիմում: Ասենք, Հ2-ը ո՞ր մրցույթին է մասնակցելու՝ թիվ 1-ի՞ն, թե՞ թիվ 5-ին»: Մեր ենթադրությանը, թե երեւի նման հեռուստաընկերություններն արդեն պայմանավորվել են՝ ամեն մեկը որ մրցույթին է մասնակցելու, «Ա1+»-ի գլխավոր պրոդյուսերն այսպես արձագանքեց. «Այո, եթե նույն Հ2-ը չդիմի հանրապետական սփռման բոլոր 5 հեռուստածրագրերի մրցույթներին մասնակցելու՝ նշանակում է, իրար մեջ բաժանում եղել է»: Նույն կերպ ՀՌԱՀ-ը նշել է նաեւ մարզային սփռման մասին՝ առանց որոշակիացնելու մարզը. «Հիմա Աբովյանի՞ համար է մրցույթը, թե՞ Արմավիրի՝ գրված չէ»: Եվս մի ենթադրություն հայտնեցինք, թե գուցե նման անորոշությունը պայմանավորված է թվային հեռարձակման ցանցի առանձնահատկություններո՞վ, սակայն Սուսաննա Օհանջանյանն ասաց. «Եթե այդ ցանցը պատրաստ լիներ՝ համաձայն կլինեի, որ հաճախություն նշելը պետք չէ: Բայց այն դեռ պատրաստ չէ»:

Հավելենք, որ հարցականների տեղիք տվող այս մրցույթների համար անհրաժեշտ փաստաթղթերը հեռուստաընկերությունները պետք է ՀՌԱՀ-ին ներկայացնեն հոկտեմբերի 10-20-ը: Մասնակիցների ցանկը կհրապարակվի եւ հայտերի ներկայացման օրը հայտնի կդառնա հոկտեմբերի 22-ին: Իսկ դեկտեմբերի 16-ին կազդարարվեն հաղթողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել