Վերջին օրերին մամուլի որոշ միջոցներ լծված են ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի վարկաբեկման գործին: Ցավոք, այս տխրահռչակ արշավը շարունակվում է նաեւ ՀՀՇ 16-րդ համագումարից հետո: Հատուկ շեշտում եմ, որ Արարատ Զուրաբյանը եւ Խաչատուր Քոքոբելյանն իմ եւ շատ-շատերի ճանաչած ամենասկզբունքային եւ շիտակ քաղաքական գործիչներից են, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոմանք իրենց առջեւ նպատակ են դրել արատավորել Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի բարի համբավն ու անունը: Դժվար է ասել, թե ինչն է նրանց դրդում նման կեղտոտ քայլերին, սակայն վստահ եմ, որ նրանք դատապարտված են անհաջողության: Ես կոչ եմ անում մամուլի բոլոր միջոցներին չդառնալ անհասկանալի նպատակներ հետապնդող մարդկանց խաղալիքը, եւ միաժամանակ վստահություն եմ հայտնում, որ ամենամոտ ապագայում քաղաքական ասպարեզից դուրս կմնան բոլոր նրանք, ովքեր իրենց պայքարի զինանոցում օգտագործում են սուտը, կեղծիքը եւ բանսարկությունը: