Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԿԻՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»

Հուլիս 21,2010 00:00

\"\"Վահագն Հայոցյանը՝ Կարապետ Ռուբինյանին

«Չեմ մեկնաբանում. ես չեմ կարող իր տրամաբանության մեջ մտնել»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք մեկնաբանում ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի՝ ՀՀՇ-ից դուրս գալու վերաբերյալ տարածած բաց նամակը, ասաց ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը: Մեկնաբանություններից հրաժարվելու առումով պարոն Հայոցյանը օրիգինալ չէր. ՀՀՇ-ում երեկ ոչ ոք, ադ թվում նաեւ ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը, չցանկացավ մեկնաբանություններ անել Կարապետ Ռուբինյանի հայտարարության վերաբերյալ. այսօր հրավիրված ասուլիսում նա իր հակափաստարկները կհրապարակի: Որոշ կուսակցականներ միայն փաստեցին, որ Ռուբինյանն ասել է այն, ինչ կա իրականում: Իսկ նրա օրինակին չհետեւելու եւ իրականությունը հրապարակայնորեն չվերլուծելու իրենց քայլը բացատրեցին իրավիճակն առավել չսրելու մտահոգությամբ: «Առավոտի» հաջորդ հարցին՝ ինչո՞ւ չեք մեկնաբանում, Ռուբինյանը բավականին լուրջ մեղադրանքներ է ներկայացնում, ասում է, որ վարչության ընտրությունները կեղծվել են, դեմոկրատական ՀՀՇ-ում ինչպե՞ս կարող էր նման բան լինել, Վահագն Հայոցյանը պատասխանեց. «Ընտրությունները խախտվելու դեպքում ինքն ամբիոն ուներ, որտեղից կարող էր միանգամից արտահայտվել. դա համագումարի դահլիճն էր: Երկու օր հետո այդ մասին խոսելը մի քիչ անհասկանալի էր»: Նկատեցինք, որ Ռուբինյանն էլ հաստատում է կուլիսային այն խոսակցությունները, որ վարչության կազմը նախապես էր որոշված, եւ վարչության անդամների ցուցակը ներկայացվել էր համագումարի հաստատմանը. «Ես նման բան չգիտեմ: Չգիտեմ՝ իր ականջին ով ինչ է քչփչացել, բայց նման բան գոյություն չունի»: Ի դեպ, «Առավոտին» նաեւ խոսակցություններ են հասել, որ վարչության անդամների ընտրության համար տպագրվել է 1000-ից ավելի քվեաթերթիկ, մինչդեռ պատվիրակների թիվը մոտ 670 է եղել: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ, որ վարչության որոշ անդամներ «հավաքել» են 600-ից ավելի ձայն, մինչդեռ քվեարկության մասնակիցների թիվը չի գերազանցել 560-ը. այս թվերն ավելի ուշ, բնականաբար, համապատասխանեցվել են: Այս ցանկում նաեւ Հայոցյանի անունն է շրջանառվում: Այդ առիթով էլ պարոն Հայոցյանը բոլոր կասկածողներին առաջարկեց նոր հանձնաժողով ստեղծել եւ մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ վերահաշվարկ իրականացնել: Դիտարկմանը՝ այս ամենից հետո դարձյա՞լ պնդում եք, որ ՀՀՇ-ում խնդիրներ չկան, Վահագն Հայոցյանը պատասխանեց. «Ես դա ՀՀՇ-ի խնդիր չեմ համարում, որովհետեւ ուղիղ 10 տարի է՝ Ռուբինյանը ՀՀՇ չէր մտել ու հանկարծ թեկնածությունն է դնում (նկատի ունի վարչության անդամի- Ն. Գ.), հետո այդ մասին հայտարարություն է անում: 10 տարի Ռուբինյանին ես էս շենքում չեմ տեսել: Նա իրեն համարում է ՀՀՇ-ի նոմինալ անդամ: Մի քանի տարի առաջ իր հարցազրույցներից մեկում է ասել: Այսինքն՝ նոմինալ անդամը միամիտ գալիս է համագումար ու ակնկալում ավելին, քան ունի՞: Էդպես չի լինում: Նախկին արժանիքների համար ոչ ոք չի գնահատում: Ժամանակին գնահատվել է բավականին բարձր, բայց եթե 10 տարի ՀՀՇ-ում ոչինչ չի արել՝ ո՞նց կարող է ձայն հավաքել: Եվ վիրավորական է, որ մեր պատվիրակների հասցեին նման հայտարարություններ է անում»:

Կարապետ Ռուբինյանի քայլը մեկնաբանելուց երեկ հրաժարվեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը. «Եթե Կոնգրեսը մեկնաբանություններ անի, դա կարող է շատ վատ նախադեպ լինել: Մենք հստակ որոշել ենք որեւէ ներկուսակցական խնդրի չանդրադառնալ»: Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված Կարապետ Ռուբինյանի այն մեղադրանքները, թե ՀՀ առաջին նախագահը պատժում է իրեն՝ ՀԱԿ-ի քաղաքականությունը քննադատելու համար, եւ դա էր պատճառը, որ նա ՀՀՇ վարչության կազմում չէ: Նախահամագումարյան շրջանը եւ համագումարի ընթացքն իր վերահսկողության տակ վերցնելու մասին Ռուբինյանի հնչեցրած մեղադրանքներն էլ՝ ուղղված ՀՀ առաջին նախագահին, Զուրաբյանը որակեց «ներկուսակցական կոնտեքստի շրջանակ»: Կարապետ Ռուբինյանը երեկ «Ա1+»-ին ասել է, որ այն, ինչ մտածում է, ասել է բաց նամակում եւ մոտ մեկ շաբաթ չի պատրաստվում որեւէ նոր բան ավելացնել:

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ կուսակցության լրատվական ծառայության պատասխանատուի պաշտոնից հրաժարվել է նաեւ Կարեն Կարապետյանը, ով համարվում է զուրաբյանական թեւի ներկայացուցիչ: Կուսակցությունում կարծում են, որ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել