«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն Հայաստան այցելությունից տպավորված է: Այստեղ նա ներկայացավ իր «Յուսուֆի եռապատում» ֆիլմաշարի վերջին՝ «Մեղր» նկարով: Հայ- թուրքական հարաբերությունների մասին թուրք ռեժիսորը «Առավոտի» հետ խուսափեց խոսել, սակայն այդ թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափարը նրան խորթ չթվաց. «Ընդհանրապես վավերագրական ֆիլմեր չեմ նկարահանում: Բայց, չգիտեմ ինչպես՝ իմ ֆիլմերում որքան էլ խուսափեմ քաղաքականությունից, ամեն դեպքում անդրադառնում եմ Թուրքիայի ներքին եւ արտաքին խնդիրներին: Այլ կերպ՝ ռեալիստական ֆիլմ չի ստացվի: Հայ-թուրքական խնդրի մասին չգիտեմ՝ ֆիլմ կլինի՞, թե՞ ոչ: Շատ կուզենայի Հայաստանում գտնվելուս եւ փառատոնին մասնակցելուս ժամանակ հանդիպեի իմ լավ ընկեր լուսահոգի Հրանտ Դինքին»:
Հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, ըստ նրա ո՞րն է հայ-թուրքական խնդրի լուծման բանալին: Թուրք ռեժիսորը պատասխանեց. «Այս խնդրի լուծման մի քանի բանալիներ կան, բայց բացելու համար մի բանալին էլ բավական է, ուղղակի պիտի գտնել ճիշտ բանալին»:
Ըստ նրա, հայ-թուրքական սահմանի փակ մնալը ոչ ոքի ձեռնտու չէ. «Փակ մնալը երկու կողմի համար էլ վտանգավոր է: Այս տարի սեպտեմբերի 15-ին Աղթամար եկեղեցում կրոնական միջոցառում է տեղի ունենալու, որի ժամանակ հարկավոր է շատ մարդկանց ներկայություն: Այդ օրը, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի սահմանների բացման մասին»: Թուրք մտավորականների թուրքական հայտնի ներողության շարժման մասին էլ այսպես արտահայտվեց. «Դեմ չեմ եղել…»:
Երբ փորձեցինք հետաքրքրվել՝ արդոք չէ՞ր ցանկանա այցելել Ցեղասպանության թանգարան, Ս. Կապլանօղլուն կարծես թե վիրավորվեց եւ այլեւս հրաժարվեց հայ-թուրքական հարաբերությունների մասին հնչող մեր հարցերին պատասխանել: