Լրահոս
Օրվա լրահոսը

Գրադարանային ոլորտը՝ առանց օրենքի

Հուլիս 20,2010 00:00

\"\"Աշնանը լրանում է Ավետիք Իսահակյանի՝ 135, նրա անվան կենտրոնական գրադարանի՝ 75 եւ մշակութային այս օջախը Վարպետի անվամբ անվանակոչելու՝ 55-ամյակները: Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն 2011-ին, երբ պետականորեն նշվելու է հայ գրքի տպագրության 400-ամյակը: Վերջին շրջանում միջազգային տարբեր տոնավաճառներում հայ գիրքը գտնում է մեծ ընդունելություն, չնայած այն բանին, որ մեզանում այն դեռեւս մեծ պահանջարկ չունի: 1990 թվականից հետո մարզային գրադարանների թիվը 1040-ից հասել է 800-ի, գյուղական գրադարանների ֆոնդերը չեն թարմացվել, հակառակը՝ կրճատվել են 3,5 միլիոնով: Գյուղերում վերացվում են հանրային գրադարանները՝ դրանք միացվելով մասնագիտականներին կամ դպրոցականներին:
«Առավոտի» հետ զրույցում գրքի եւ ընթերցողի միջեւ միջնորդ հանդիսացող Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը այս առումով ասաց. «Ստեղծված վիճակը օրենսդրական բացի արդյունք է: 1996թ. շրջանառության մեջ գտնվող «Գրադարանային գործի մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ն մինչ օրս չի ընդունել: Սա նշանակում է, որ մեր ոլորտը շարունակում է գործել չկարգավորված իրավահարաբերությունների համակարգում»: Տիկին Կարապետյանը համակարծիք չեղավ մեր այն դիտարկմանը, թե գիրքը այսօր մեծ պահանջարկ չունի: Ըստ նրա, Իսահակյանի անվան գրադարանը սպասարկում է օրական շուրջ 1000 ընթերցողի… Մտահոգությանը, թե, այնուամենայնիվ, ավերելով գրադարանային ավանդույթը, հնարավո՞ր է թվայնացված գրադարանների օգնությամբ կենդանի պահել գրադարանի բովանդակային արժեքը, Հ. Կարապետյանը հայտնեց հետեւյալը. «Այն, որ տպագիր գիրքը մշտապես լինելու է, կասկածից վեր է: Դրա մասին են վկայում Նյու Յորքի հանրային, Վաշինգթոնի կոնգրեսի, Ալեքսանդրիայի եւ այլ խոշոր գրադարանային կենտրոնները: Թվայնացմանը զուգահեռ, պահպանվում է գիրքը՝ որպես մարդկային համաշխարհային մշակույթի պատմական արժեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել