Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր մրցանակը տրվեց հայատյացին

Հուլիս 20,2010 00:00

Իսկ հայկական ինքնության մասին «Արարատից Սիոն» ֆիլմը ոչ մի մրցանակի չարժանացավ

Շաբաթ օրը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը:
Այս տարի փառատոնի ստացած շուրջ 500 հայտից ընտրվեց եւ ցուցադրվեց մոտ 120 ֆիլմ, որից 45-ը մրցում էր միջազգային 3 մրցույթում, իսկ դրանք դատում էր 5 միջազգային ժյուրի:
Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ տրվեց թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին:
Ի դեպ, Ռ. Էրդեմը հայտնի է հայատյացությամբ: Եվ երբ ցուցադրվում էր ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին» ֆիլմը, որը պատմում է Պոլսի շների մասին, որոնց 1910թ. հավաքում են եւ տեղափոխում անմարդաբնակ կղզի՝ ոչնչացնելու նպատակով, «Ոսկե ծիրանի» մրցանակակիր Ռ. Էրդեմը ցուցադրաբար արհամարհանքով դուրս եկավ դահլիճից: Հավելենք, որ այս մրցույթի ժյուրիի կազմում էր Սեմիհ Կապլանօղլուն՝ ժամանակակից թուրքական կինոյի ամենամեծարված սցենարիստ-ռեժիսոր-պրոդյուսերներից մեկը, որը նույնպես հայերի հանդեպ առանձնապես ջերմ զգացումներ չի տածում, ցեղասպանությունը միֆ է համարում, Թուրքիայի իշխող կուսակցության անդամ է, տարիներ շարունակ էլ աշխատակցել է թուրքական «Ռադիկալին»:
Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրանը» բաժին հասավ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմին:
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը Պավել Կոստոմարովը ստացավ «Երկուսով» ֆիլմի համար, «Արծաթե ծիրանը»՝ Վադիմ Յենդրեյկոյին հասավ՝ «Հինգ փղերով կինը» ֆիլմի համար: «Հայկական համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրան» շնորհվեց Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմին, «Արծաթե ծիրան»՝ Կոմս Շահբազյանի «Այստեղ՝ ներքեւում» կինոաշխատանքին:
Հատուկ պատվոգրով պարգեւատրվեց Նիկոլայ Դավթյանը՝ «Քեռի Վալյա» ֆիլմի համար, FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը, Էկումենիկ ժյուրիի մրցանակը հանձնվեց Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, իսկ պատվոգիրը՝ Ալեքսեյ Պոպոգրեբսկու «Ինչպես անցավ այս ամառը» նկարին:
Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույնը ճանաչվեց նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: Զարմանալի էր, որ որեւէ մրցանակ չտրվեց «Հայկական համայնապատկեր» եւ «Վավերագրական ֆիլմ» անվանակարգերում ներկայացված, դրսում բազմաթիվ մրցանակների արժանացած Է. Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմին (արտադրող ընկերություն՝ Vem Media Arts), որի երեւանյան ցուցադրություններն անցել են լեփլեցուն դահլիճներում, հանդիսատեսը անգամ հատակին նստած է նայել ֆիլմը, փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանն էլ հիացմունքի խոսքեր է շռայլել: Հուլիսի 18-ին էլ, երբ ցուցադրվում են միայն հաղթած ֆիլմերը, արտահերթ ցուցադրվել է նաեւ «Արարատից Սիոնը»: «Մեզ մոտ միշտ էդպես է… Մարգարեն իր գյուղում չի ճանաչվում»,- կատարվածը պատկերավոր այսպես բնութագրեց ֆիլմի երկրպագուներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել