Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկի տոնը՝ առանց ծաղիկների

Հուլիս 20,2010 00:00

Վանաձորում պակասել է ոչ միայն ծառ ու ծաղիկը, այլ նաեւ բնության նկատմամբ հոգատարությունը

Lոռին հարուստ բնություն, դաշտային ծաղիկների բազում տեսականի ունի, ինչն էլ առիթ է դարձել ու 1962 թվականին Խորհրդային Հայաստանի Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քաղաքային խորհուրդը որոշել է Հայաստանի երրորդ քաղաքում նշել Ծաղկի տոնը: Լոռեցիների տոնը դուրս եկավ հանրապետության սահմաններից, նաեւ նշվեց Անդրկովկասում: Կիրովականի գործկոմի կոմունալ բաժնի այն ժամանակվա պետ, Ծաղկի տոնի անցկացման հանձնաժողովի նախագահ Հայկազ Իգիթյանը հատկապես առանձնացնում է տոնին մասնակից գործարանների բակերի ու այգիների միջեւ անցկացվող մրցույթը: «Յուրաքանչյուր գործարան ցանկանում էր ավելի գեղեցիկ ու հետաքրքիր ներկայանալ, աշխարհի տարբեր ծայրերից ծաղիկներ էին բերում, աճեցնում հատուկ մրցույթի համար, ու եթե հանկարծ մեկն ու մեկը որեւէ անվանակարգում չէր շահում, վիրավորվում էր: Յուրաքանչյուր գործարան բնապահպան ու կանաչապատման մասնագետ ուներ, ովքեր էլ օգնում էին քաղաքն էլ ավելի բարետես դարձնել»,- հիշում է Հայկազ Իգիթյանը: Տոնը նշվում էր ոչ միայն Կիրովական-Վանաձորում, այլ նաեւ Լոռու մարզի մեծ համայնքներում: 1988 թվականից հետո տոնը մոռացվեց եւ միայն 12 տարի անց՝ 2000-ին վերականգնվեց:
Տոնի հիմնական նպատակը՝ ծառի ու ծաղկի, բնության նկատմամբ սեր սերմանելն է: Սակայն այսօր Վանաձորում ոչ միայն ծաղիկները, այլեւ ծաղկասերներն են պակասել, բնության հանդեպ ուշադրությունն ու բարի վերաբերմունքն է պակասել: Վերջին տարիներին Վանաձորում քիչ չեն դեպքերը, երբ նորատունկ շիվերն են կոտրում, անտառային հրդեհներն են աճել, այգիներում սրճարաններ հիմնելու համար ծառեր են կտրվել եւ կտրվում: Վանաձորի քաղաքապետարանը ծառ կտրելու բազում դիմումներ է ստացել, այդ թվում՝ սեփական այգիների ծառերի վերաբերյալ:
Ծաղկի տոնին մասնակից միջին սերնդի ներկայացուցիչները պատմում են, որ լոռեցիների շրջանում նախկին խանդավառությունն ու հրճվանքը չկա: «Նախկինում բոլոր արտադրական ձեռնարկությունները ամբողջ տարին նախապատրաստվում էին, գեղեցիկ կոմպոզիցիաներ էին ներկայացնում բնակչությանը, այժմ ծաղիկները պակասել են»,- ասում է 68-ամյա Հ. Սիմոնյանը: Տոնն այժմ կազմակերպվում է Վանաձորի Սայաթ-Նովայի այգում, որը թեեւ ծառաշատ է ու թփերով զարդարված, սակայն ծաղիկների պակաս կա: «Հատուկենտ ծաղկային ձեւավորումներ կան միայն այգում սարքած սրճարաններում, այն էլ ոչ բոլորում, երեւի դա էլ նախասիրություն է: Վերջին տարիներին բնության հանդեպ սերն ու վերաբերմունքը նվազել է, երեխաները կախվում են եղեւնիների ճյուղերից, պոկում, ինչքան ուզում է բղավես, չեն էլ լսում»,- իրար լրացնելով պատմում եմ այգու տարածքում արեւածաղկի սերմ վաճառողները:
Տոնին ներկա էին Վանաձորի բոլոր մշակույթի տներն ու պարային խմբերը. նրանց սաները մի-մի ծաղիկ էին դարձել ու այդկերպ էին ներկայացնում երգն ու պարը: «Վերջին տարիներին չեմ գնում, երգի տոնից չի տարբերվում, երգն ու պարն է գերիշխողը: Սա էլ երեխեքի համար եմ մասնակցում, համարներ ունեն»,-ասում է 3 երեխաների մայր Էլմիրա Սահակյանը:
Վանաձորի քաղաքապետարանի կրթության մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանի հավաստմամբ, ծաղկային կոմպոզիցիաների 18 հայտատուներից 10-ը արժանացել է մրցանակների: «Այս տարի մի քանի անգամ վերասածիլավորում կատարվեց՝ անընդհատ տեղացող հորդառատ անձրեւների ու կարկուտի պատճառով, հիմա նորից ծաղկել են, թե էլի մի աղետ չլինի մինչեւ ձյուն գալը՝ կմնան»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Լյովա Մելիքյանը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը գոհ էր Ծաղկի տոնի կազմակերպչական աշխատանքներից, սակայն դժգոհ էր այգիների վիճակից, հատկապես ծաղիկների պակասից: Նա քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետին հանձնարարեց հետեւողական լինել: Սա քաղաքապետի առաջին նախազգուշացումը չէ այգիների վիճակի համար ու ստացվում է, որ Վանաձորի այգիները վարձակալների համար բացառապես եկամտի աղբյուր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել