Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը փակել էին ու էլի կփակեն

Հուլիս 20,2010 00:00

Երեկ Գեղարքունիքի մարզի 6 համայնքների 100-ից ավելի բնակիչներ նստել էին Երեւան-Մարտունի ճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի մոտ գտնվող ճանապարհին՝ փակելով երթեւեկությունը: Նրանք ճանապարհին մեծ քարեր էլ էին շարել: Այդ իսկ պատճառով ճանապարհի այս հատվածում կուտակվել էին հարյուրավոր մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ: «Ա1+» էլեկտրոնային լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վարորդների ու ոստիկանների հորդորներն այն մասին, որ ցուցարարները բացեն ճանապարհը, անօգուտ էր: Ճանապարհը փակած քաղաքացիները վստահեցնում էին, որ կբացեն միայն այն դեպքում, երբ իրենց հետ հանդիպի որեւէ պաշտոնյա: Ցուցարարները պայքարի նման ձեւն են ընտրել, քանի որ, ըստ իրենց, սպառել են հարցը քաղաքակիրթ ձեւով լուծելու բոլոր տարբերակները՝ ՀՀ նախագահին, վարչապետին, Գեղարքունիքի մարզպետին եւ այլ պատկան մարմիններին նրանց կողմից ուղղված նամակները մնացել են անպատասխան:
Նշենք, որ Գեղարքունիքի բնակիչների զայրույթի պատճառ էր դարձել Սեւանա լիճը սնուցող ամենամեծ աղբյուրներից մեկի՝ Արգիճի գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը: Ըստ նրանց, դրա կառուցումն անօրինական է եւ պատճառ կդառնա, որ հարեւան համայնքներն ու տնտեսությունները զրկվեն ոռոգման ջրից: Բացի այդ, վնաս կհասցվի նաեւ Սեւանի ձկնաշխարհին, քանի որ Արգիճը Սեւանի ջրավազանի ձկների ձվադրման համար կայուն վայր է:
Չնայած ցուցարարների վճռական տրամադրվածությանը, ավելի ուշ, երբ նրանց այցելել է մարզպետը եւ խոստումներ տվել, բնակիչները բացել են ճանապարհը, սակայն նրանք հայտարարել են, թե նորից կփակեն այն, եթե մեկ շաբաթ հետո հարցին լուծում չտրվի: Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարությունը այս ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը ստացած «Զանգեզուր էքսպին» ՍՊԸ-ին արգելել է գործունեություն ծավալել՝ փորձաքննության դրական եզրակացության փաստաթղթի բացակայության պատճառով: Իսկ մինչ այդ արդեն կառուցվել է ՀԷԿ-ի համար 2 ջրհավաք ավազան եւ անցկացվել են 1,5 կմ խողովակներ: Այդ վայրում ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրել է կառուցել 250 մմ խողովակներով ջրատար, սակայն խողովակները 530 մմ տրամագծով են՝ ինչը ենթադրում է ավելի մեծ քանակությամբ ջրի օգտագործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել