Վահե
Արամ
Գոռ
Մեր տեղեկություններով, «Առավոտի» (15.07. 2010) «Հարգված տղերքը դաժան ծեծի են ենթարկել» եւ (16.07.2010) «Սերգեյին տեր են կանգնել» հրապարակումներից հետո ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները շաբաթ օրը հայտնաբերել են 1992 թվականին ծնված Արամ Վարդանյանին, 1988-ին ծնված Գոռ Սարգսյանին եւ 1993-ին ծնված Վահե Հարությունյանին: Նրանց նկատմամբ որպես կասկածյալ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Ոստիկանության կենտրոնի քնչական բաժնում նախաքննություն է սկսվել եւ այս պահին 3 կասկածյալները ստորագրությամբ ազատ են արձակվել:
Նշենք, որ մի քանի օր առաջ՝ հուլիսի 9-ի գիշերը, Կոնդի 20-ամյա բնակիչ Սերգեյ Ավետիսյանին իրենց «թաղի հեղինակություն» համարող մի քանի տղաներ այնպես դաժանաբար էին ծեծել, որ էպիլեպսիայով հիվանդ տղան արյունլվա էր եղել եւ ուշագնաց ընկել փողոցում:
Հրապարակումներում մանրամասն անդրադարձել էինք, թե ովքեր են ծեծողները եւ ինչպես են նրանք պարբերաբար գումար պահանջել տղայից ու ստիպել իրենց «նալոգ» տալ: Ծեծվելուց հետո Սերգեյը մի քանի օր բարձր ջերմությունով ու վնասվածքներով պառկել էր տանը, այնուհետեւ տղայի վիճակը խիստ վատացել էր եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց: