Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱՆՔԸ՝ 500 ՀԱԶԱՐԻ, ՎՆԱՍԸ՝ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ

Հուլիս 20,2010 00:00

Անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը կանանց առողջության հաշվին բիզնես է արել, եկամուտներ ստացել ու անհետ կորել:

Վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սպառողական շուկայում հայտնված մի ապրանքանիշի՝ «Մոլփե» միջադիրների արտադրությամբ զբաղվող «ԳԳԳ Մանուկյան» ընկերությանը տուգանեց 500 000 դրամով: Փորձագիտական եզրակացությունը ցույց էր տվել, որ այդ ընկերության արտադրած կանանց հիգիենիկ միջոցների փաթեթավորումը շփոթության աստիճան նմանեցված է միջազգայնորեն ճանաչված «Մոլփեդ» ապրանքանիշի փաթեթավորմանը եւ կարող է մոլորության մեջ գցել սպառողին:
Նշենք, որ երբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ուկրաինական օղիների նմանությամբ շիշ է արտադրում ու իր օղիներն ուկրաինականի անվան տակ ծախում՝ դա ինչ-որ տեղ կարելի է կուլ տալ. վատագույն դեպքում «Ալեքս Գրիգի» օղին հաջորդ օրը կարող է գլխացավ առաջացնել, սրտխառնոց ու վերջ, իսկ երբ խոսքը վերաբերում է այնպիսի ապրանքներին, ինչպիսիք հիգիենիկ միջոցներն են՝ միջադիրները, ներդիրները, պարզապես տարօրինակ է, որ նման խախտում կատարած ընկերությանը տուգանում են նույնքան, ինչ օղիների դեպքում: Թեեւ օրենքով այդպիսի պատիժ է սահմանվում, փաստորեն, ցանկացած գործարար կարող է մեր՝ կանանց առողջության հաշվին կարգին բիզնես անել, եկամուտներ ստանալ ու ընդամենը 500 հազար դրամով տակից դուրս գալ: Ոչ ոք չի կարող ասել, թե այդ «անհայտ ծագման», անհայտ նյութերով պատրաստված միջադիրները քանի կանանց առողջությանն են վնասել, քանիսին են հիվանդանոցի դռները գցել ու ծախսի առաջ կանգնեցրել:
Հանձնաժողովի նիստի ժամանակ «Մոլփեի» արտադրությամբ զբաղված «ԳԳԳ Մանուկյան» ընկերության ներկայացուցիչները չէին եկել: Երբ փորձեցինք տնտեսվարողից պարզաբանումներ ստանալ՝ ճշտելու, թե որքան միջադիր են իրացրել ու քանի կնոջ առողջության հետ են խաղացել, պարզվեց՝ տուգանվելուց հետո «ԳԳԳ Մանուկյանի» հետքն անգամ Հայաստանում չկա: Տեղեկատվական կենտրոններում Մանուկյանները չեն գրանցվել, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում նրանք նույնպես կոորդինատներ չէին թողել: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի մամուլի քարտուղարից՝ «Գիտենք միայն այն, որ այդ ընկերության արտադրամասը եղել է Վերին Արտաշատում, սակայն, քանի որ նրանց գործունեությունը դադարեցվել է, այլեւս դժվար թե նրանց կարողանաք գտնել»:
Հանձնաժողովը, որպես պատիժ, անբարեխիղճ մրցակցության համար իսկապես արգելել է այդ ընկերությանը շարունակել «Molpe» ապրանքանիշի շրջանառությունը: Սակայն դա դեռ չի նշանակում, որ «ԳԳԳ Մանուկյանը» սուսուփուս հավաքելու է իր ապրանքն ու տանի՝ վառելու: Նշենք, որ խանութներում 1 տուփ «Molpe»-ն արժեր այնքան, որքան «Molped»-ը՝ 600-700 դրամ: Քանի որ Հայաստանում շուկան «շատ լավ է վերահսկվում», արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ է լինելու մայրաքաղաքի խանութներից հավաքված միջադիրների խմբաքանակի հետ. դրանք տանելու են մարզեր ու գյուղացի կանանց վրա, կոպիտ ասած՝ «նաղդելու» են:
«Առավոտի» հետ զրույցում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) գինեկոլոգները նշեցին, որ վատորակ միջադիրներից կանայք կարող են ունենալ ալերգիկ երեւույթներ, կարող է տեղային ռեակցիա լինել, ինչպես նաեւ՝ բորբոքումներ: Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը մեզ հետ զրույցում նույնպես հաստատեց, որ վատ միջադիրներից ու ներդիրներից կանայք կարող են ունենալ շփաբորբեր, ալերգիաներ, կարող է խախտվել ներքին օրգանների միկրոֆլորան: Նշենք, որ այդ միկրոֆլորան վերականգնելու համար կինը միայն դեղերի համար պետք է ծախսի առնվազն 40 հազար դրամ՝ ախտորոշման եւ հետազոտության համար, բժշկի ծախսը չհաշված: Բացի այդ, եթե սրան էլ գումարենք այդ ընթացքում կնոջ կրած տանջանքներն ու անհարմարությունները՝ կստացվի, որ անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտը 500 հազար դրամի վնաս կրելով՝ շատ ընտանիքների միլիոննների վնաս է տվել ու անհետացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել