Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԵՄ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 20,2010 00:00

Երեկ Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Գործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը: Բանակցությունները բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում, ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ մասնավորապես նշեց, թե էական առաջընթաց է ապրել Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությունն արտաքին քաղաքականության, քաղաքական երկխոսության, արդարադատության, ազատությունների ու անվտանգության, տնտեսական եւ էներգետիկ փոխգործակցության եւ շատ այլ ոլորտներում:
Համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան երեք թեմատիկ խմբերով, որոնք կբանակցեն քաղաքական երկխոսության, արտաքին ու անվտանգության քաղաքականության, արդարադատության, ազատությունների, ինչպես նաեւ տնտեսական, ֆինանսական, մշակութային, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ:
ԵՄ կողմից բանակցող պատվիրակության ղեկավար՝ Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդն ասուլիսում հայտնեց, որ բանակցություններն ընթանալու են 12 որոշակի ոլորտներում: Պատասխանելով ԵՄ անդամ պետությունների հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ հարցին՝ նա ընդգծեց, որ այն լուծելու համար պարտադիր չէ սպասել բանակցությունների ավարտին եւ Գործակցության համաձայնագրի կնքմանը, որում նույնպես լինելու է տեղաշարժի վերաբերյալ դրույթ: «Մենք կփորձենք մանդատ ստանալ ԵՄ երկրներից, որ հարցը լուծվի»,- ասաց Գունար Վիգանդը՝ հավելելով, թե ցանկություն կա կնքել երկու համաձայնագիր վիզաների հեշտացման, գուցեեւ վիզաների համար վճարների իջեցման, հատուկ խմբերին բազմակի եւ երկարաժամկետ վիզաների տրամադրման վերաբերյալ:
Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Բրյուսելում՝ հոկտեմբերի 10-11-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել