Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՀՀՇ-ԻՑ

Հուլիս 20,2010 00:00

«Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից»,- երեկ երեկոյան տարածված «Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին» գրության մեջ տեղեկացրել է ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Եվ որպես բացատրություն՝ մասնավորապես նշել է. «Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների՝ ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը 2 տարուց ավելի է՝ ՀԱԿ-ի կազմում բողոքում ու պայքարում է 2008թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ: Ցավալի է նաեւ այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների՝ Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եվ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ, որի համաձայն՝ մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում: Քանի որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ «դավադիր թեւում»՝ իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան՝ պարոն Տեր-Պետրոսյանը այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից: Ինքնին «օրինակելի ցուցակ» տարածելը կամ այս կամ այն թեկնածուի օգտին կամ դեմ քարոզչությունը նորմալ երեւույթ է ու ողջունելի է, եթե դա արվում է բաց ու հրապարակային: Բայց եթե ցուցակդ թաքուն տալիս ես ընտրովի մարդկանց կամ ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջում, որ «պապին ասել ա՝ Ռուբինյանը չպիտի անցնի», եթե հաշվիչ հանձնաժողովը կազմում ու աշխատեցնում ես «ընտանեկան կապալի» մեթոդով, սա արդեն ստորություն է:
Անկեղծ լինեմ. զայրացած եմ, բայց միայն այդ պատճառով չէի լքի կուսակցությունս: Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել, ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպքն էլ, լավ օրերի սպասումով, կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով:
Համագումարի պատվիրակ իմ ընկերներին կոչ եմ անում անկեղծորեն, սթափ վերլուծել վերջին համագումարի նիստուկացը: Դուք այս համագումարում որեւէ բանավեճ տեսա՞ք, ապագա գործունեության ծրագրերի որեւէ ներկայացում, քննարկում եղա՞վ: 3 էջանոց բանաձեւի նախագծի վերաբերյալ միայն ես մի փոքրիկ առաջարկ արեցի, այն էլ պարզ չեղավ՝ ընդունվե՞ց, թե՞ ոչ: Իսկ վարչության անդամի թեկնածուների միջեւ որեւէ մրցակցության նշույլ կա՞ր: Արամ Մանուկյանը, որին անկեղծորեն շնորհավորում եմ վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ, ի՞նչ ծրագրեր ունի, գիտե՞նք: Ախր մենք ժամանակին երկրի ամենաառաջադեմ քաղաքական ուժն ենք եղել, ժողովրդավարության դասեր ենք տվել, ավանդույթներ ձեւավորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031