Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԻՑ ԶՐԿՈՒՄ Է

Հուլիս 20,2010 00:00

«Ինձ համար հայտնաբերեցի, որ 90-ականներից որեւէ բան չի փոխվել առաջին նախագահի մեջ, եւ ինքը ցանկանում է հիմա էլ արդարացնել այն, ինչ ասել է այդ ժամանակ: Իսկ այդ ժամանակ հնչեց շատ վտանգավոր կոնցեպցիա, որը հետագայում օգտագործվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, այն է՝ Հայաստանը առանց Ղարաբաղի հարցի լուծման երբեք չի կարող զարգանալ եւ լուծել իր անվտանգության եւ ժողովրդագրական խնդիրները: Եվ հիմա սա նորից կրկնելը չեմ կարծում՝ դրական լիցքեր է տալիս ՀՀ քաղաքացիներին, որոնք տարածաշրջանում բավականին լուրջ պետական եւ ազգային խնդիրներ ունեն լուծելու, որի համար պահանջվում է ուժերի գերլարում, պոտենցիալի արդյունավետ օգտագործում: Սա ես համարում եմ պարտվողական մոտեցումների քարոզչություն եւ կարծում եմ՝ նմանատիպ հայտարարությունները կրկին կոգեւորեն Ադրբեջանին եւ Թուրքիային, որպեսզի նրանք շարունակեն իրենց նույն քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Ի դեպ, միայն Թուրքիան էր մինչ այժմ հայտարարել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն ղարաբաղյան հարցի ադրբեջանանպաստ լուծման դեպքում: Ցավոք, նույնն է ասում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա էլ է գտնում, որ պետք է գնալ Ղարաբաղի հարցի լուծմանը, որից հետո հայ-թուրքական սահմանը կբացվի: Բայց չէ՞ որ Թուրքիան արդեն հստակ նախապայմաններ է դնում, իսկ եթե առաջին նախագահը առաջարկում է հարցը լուծել, ուրեմն ինքը ընդունում է այդ նախապայմանները: Կարելի է ուղղակի տարակուսել, թե ինչու ՀՀՇ համագումարում Տեր-Պետրոսյանը հնչեցրեց իր այդ մտքերը: Մի դիտարկում եւս. չեմ կարծում՝ պետության եւ ազգի շահերից է բխում, երբ հայտարարում է, որ իշխանություններին ընդդիմությունն ազատ է թողնում, չի խանգարում ԼՂ հարցի լուծման հարցում: Դա երբեք էլ բարի մղումներից կամ ցանկություններից չէ, որովհետեւ դա նշանակում է, որ իշխանությունը չի կարող օգտագործել ընդդիմության գործոնը արտաքին քաղաքական հարցերում: Իր այդ հայտարարությամբ Տեր-Պետրոսյանը, փաստորեն, զրկում է իշխանություններին արտաքին քաղաքական հարցերում ընդդիմության գործոնը օգտագործելու հնարավորությունից»,- ՀՀՇ համագումարում առաջին նախագահի ելույթում հնչած որոշ մտքերի մասին այս կարծիքին է ԱԺ հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել