Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑ

Հուլիս 20,2010 00:00

ՀՀՇ համագումարը լի էր անակնկալներով

\"\"
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

«Որեւէ խնդիր չկա: Ես ուրախ եմ, որ կա հզոր, վստահելի մարդկանց, գրագետ, հրի ու թրի միջով անցած թիմ, որ պատրաստակամ է գործ անել: Իսկ գործը շատ է՝ միջազգային կառույցներ, ընդարձակվող կուսակցություն, ՀԱԿ-ի հետ համատեղ աշխատանք»,- երեկ «Առավոտին» տված բլից հարցազրույցում հայտարարեց ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը՝ հրաժարվելով մեկնաբանել շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում կայացած ՀՀՇ համագումարում ներկուսակցական խնդիրների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Թեեւ ՀՀ առաջին նախագահը նախապես ասել էր, որ իր ելույթում չի անդրադառնալու կուսակցության ներսում վերջին շրջանում ծավալված գործընթացներին, սակայն նրա ելույթի վերջին հատվածը, բոլորի համար անսպասելի, վերաբերում էր հենց այդ հարցին: Տեր-Պետրոսյանը, մասնավորաբար, ասաց. «Իսկ այժմ մի քանի խոսք Հայոց համազգային շարժման ներքին խնդիրների մասին, որոնք այս օրերին աշխուժորեն քննարկվում են մամուլում ու քաղաքական շրջանակներում: Բայց այդ քննարկումներն ասեկոսեներից այն կողմ չեն անցնում եւ ամենեւին չեն արտացոլում բուն իրականությունը: Իսկ բուն իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ: Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել: Հետեւաբար, չեմ կասկածում, որ այս փորձությունից ՀՀՇ-ն դուրս է գալու ավելի ամրակուռ, ավելի միակամ, ավելի հզորացած՝ իր ողջ ուժերն ու կարողությունները ծառայեցնելով Հայ ազգային կոնգրեսի նպատակների ու ծրագրերի իրականացման գործին: Դրա միանշանակ հաստատումն է ինչպես այս դահլիճում տիրող առողջ ու ոգեւորիչ մթնոլորտը, այնպես էլ համագումարի աներկիմաստ ու բովանդակալից բանաձեւը, որը ոչ մեկին այլեւս հույս չի կարող թողնել սեպ խրելու ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի միջեւ: Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ ազգային կոնգրեսը հանրապետության քաղաքական կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող մշտական գործոն է, որը որեւէ միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել: Մենք դիմացանք գնդակոծության, բանտերի, ոստիկանական ու հարկային տեռորի, կդիմանանք նաեւ նման ճղճիմ վնասարարությունների: Այս համագումարից հետո մենք, վստահաբար, կարողանալու ենք հայտարարել, որ ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի համագործակցությունն անսասան է: Ուստի՝ կեցցե Հայոց համազգային շարժումը, կեցցե Հայ ազգային կոնգրեսը, կեցցեն Կոնգրեսին անդամագրված բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները, տասնյակ հազարավոր անհատները եւ հաջողություն մեր ընդհանուր գործին»: ՀՀՇ-ում որեւէ մեկը չցանկացավ մեկնաբանել կամ ինչ-որ կերպ անդրադառնալ առաջին նախագահի կեցվածքին ու մեկնաբանությանը, մինչդեռ վերլուծաբանները փաստում են, որ այսպիսով կոտրվեց ՀՀՇ-ի ողնաշարը, եւ Սերժ Սարգսյանի հաջորդ վերընտրության համար բավականին բարենպաստ պայմաններ ստեղծվեցին: Թեեւ կուսակցությունում միաբերան հայտարարում են, որ խնդիրներ չկան, սակայն ակնհայտ է նաեւ, որ ՀՀՇ-ում ստեղծվել է «նոր իրավիճակ», որը դեռ հասկանալ եւ վերլուծել է պետք:
Հետաքրքրականն այն է, որ առաջին նախագահն իր ներկայությամբ ոչ միայն պատվեց ՀՀՇ համագումարը, այլեւ մնաց մինչեւ վերջ՝ մինչեւ նորընտիր վարչությունը գումարեց իր անդրանիկ նիստը, Արամ Մանուկյանին ընտրեց վարչության նախագահ: Առավոտյան 10.00-ին սկսված համագումարն ավարտվեց 22.00-ի սահմաններում: Աննախադեպ էր նաեւ այն, որ վարչության նիստը գումարվեց հենց համագումարի դահլիճում: Սովորաբար դա տեղի էր ունենում ՀՀՇ վարչությունում, առանձին դեպքերում նույնիսկ համագումարի հաջորդ օրը: Կուլիսներում խոսակցություններ էին շրջանառվում, որ վարչության նոր կազմի ընտրությունը խիստ ձեւական բնույթ է կրելու, քանի որ ՀՀՇ 16-րդ համագումարի կողմից ընտրվելիք վարչության կազմը դեռ օրեր առաջ էր հայտնի՝ ցուցակը նախապես էր կազմվել:
Համագումարը կանոնադրական փոփոխությամբ ընդլայնեց վարչության կազմը. նախորդ 25-ի փոխարեն ՀՀՇ վարչությունն այժմ ունի 31 անդամ. 17-ը վարչության հին անդամներն են, 14-ը՝ նոր ընտրված, որոնցից շատերը կուսակցությունում բավականին պասիվ դերակատարություն են ունեցել մինչ օրս: Վարչության կազմի ընդլայնման անհրաժեշտությունը վարչության նախագահ Արամ Մանուկյանն «Առավոտին» այսպես պարզաբանեց. «Մարտահրավերներն ու խնդիրները շատ են, դրա համար կազմն ընդլայնվեց, մարզերը հիմա շատ են ընդգրկված վարչությունում՝ 6-7 մարզ: Կա տրամադրվածություն՝ լավ աշխատել: Հրաշալի հարաբերություններ են Արարատ Զուրաբյանի հետ: Իր փորձը, արած աշխատանքը գնահատականի արժանի էին եւ համագումարի ու վարչության կողմից գնահատվում են բարձր, եւ դա լրջագույն երաշխիք է՝ լավ աշխատանքը շարունակելու համար, քաղաքական դաշտում ՀՀՇ-ն ակտիվ պահելու եւ ուժեղացնելու: Իսկ ինչ էր եղել անցյալում՝ խնդիրներ էին, անցել են»: «Առավոտի» դիտարկմանը՝ ինչո՞ւ վարչության կազմում չընդգրկվեցին կուսակցության «հնաբնակները»՝ Մասիս Այվազյան, Հովհաննես Ղազարյան, Դավիթ Առաքելյան, ովքեր նաեւ քաղբանտարկյալներ էին, եւ «Հայք» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը, պարոն Մանուկյանը փաստեց, որ 31 հոգանոց վարչությունում նոր դեմքեր չկան, բոլորն էլ 20 տարվա ՀՀՇ-ականներ են. «Ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր իրենց մարզերում այս դժնդակ տարիներին՝ մարտի 1-ի հետ կապված, քաղբանտարկյալների հետ կապված, քաղաքական համարձակության, կուսակցությունն ընդլայնելու հետ կապված շատ ակտիվ գործունեություն են ծավալել: Ռոտացիա էր, բայց նոր մարդ չի եկել: Այդ առումով՝ որեւէ անակնկալ չկա»: Ամեն դեպքում, անհասկանալի էր, թե վարչության կազմում ներկայումս ընդգրկված որոշ անդամներ, ովքեր քիչ հայտնի են իրենց գործունեությամբ, հաջողեցին հավաքել 400-ից ավելի ձայն՝ այն դեպքում, երբ, ասենք, «Հայքի» գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանն ընդամենը 51 ձայն է հավաքել: Իսկ կուսակցության վարչության նախկին անդամ, երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանն ընդհանրապես չառաջադրվեց: «Առավոտի» տարակուսանքին վերջինս այսպես արձագանքեց. «Քաղաքական գործունեություն ծավալելու գրավականը վարչության անդամ լինել-չլինելը չէ: Ես շարունակելու եմ նույն ակտիվությամբ գործունեություն ծավալել: Այս համագումարում չառաջադրվեցի, մյուսում կառաջադրվեմ»: Վարչության կազմում են ընտրվել նաեւ քաղբանտարկյալներ Հարություն Ուռուտյանը, Արամ Բարեղամյանն ու Աշոտ Մանուկյանը, ինչպես նաեւ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, ով միակն էր, որ ընտրվեց միաձայն: Ի դեպ, ՀՀՇ համագումարին չէր մասնակցում կուսակցության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ում անվան շուրջ սկսվեցին եւ տարածվեցին «քաղաքական ական» լինելու մասին խոսակցությունները, իսկ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը համագումարի ողջ ընթացքում  գերադասեց մնալ միջանցքում եւ դահլիճ չմտավ: Ներկա չէր նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, իսկ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը ողջ ընթացքում ոչ կուսակցական, ոչ կոնգրեսական վերնախավի հետ չշփվեց. օգտվելով շարքային կուսակցականի իր իրավունքից՝ նստած մնաց շարքային կուսակցականների համար նախատեսված հատվածում: Համագումարը պատվել էին եւ ելույթներով ողջունեցին Կոնգրեսի համակարգողները, անդամ կուսակցությունների առաջին դեմքերը, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը: Վերջինս ոչ ելույթ ունեցավ, ոչ էլ լրագրողների հարցերին պատասխանեց:
«Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»,- իր ելույթում հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Ըստ նրա, այս պարզագույն ճշմարտության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենավտանգավորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետեւանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելու. «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում» միտքը տրամաբանության հետ կապ ունի միայն մեկ իմաստով, այն է՝ «Հարյուր տարի հետո Հայաստանը կարող է զարգացած, բայց հայազուրկ տարածք լինել»: Ցավալին այն է, որ սա ոչ թե պահի տակ արտահայտված պատահական միտք էր, այլ քոչարյանական վարչակազմի քաղաքական հավատամքը: Հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրությունն է՝ դեմոգրաֆիան, որը, XI դարից սկսած, եղել է հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը: Հաշվի չառնել այս հանգամանքը եւ կուրորեն ձգտել ստատուս-քվոյի պահպանմանը նշանակում է խորացնել առկա ժողովրդագրական ճգնաժամը եւ փութացնել ազգային աղետը: Հեռու չէ այն օրը, երբ մենք մեր իսկ ձեռքով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը եւ կունենանք Հայաստան՝ առանց հայերի: Ապացույցի կարիք չկա, քանի որ ավելի պերճախոս ապացույց, քան վերջին շրջանում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի կտրուկ անկումն է, դժվար է պատկերացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել