Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՋՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիս 20,2010 00:00

\"\"Ալմաթիում հունիսի 17-ին հնարավոր չեղավ գոնե հնգակողմ հայտարարություն անել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը հուլիսի 17-ին Ալմաթիում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հրապարակել են համատեղ հայտարարություն: Ըստ ԵԱՀԿ կայքէջի՝ պատվիրակությունների ղեկավարները վկայակոչել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2009-ի դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների Աթենքի հանդիպմանն ընդունված համատեղ հայտարարությունը՝ հիշեցնելով կողմերին իրենց հանձնառությունը համաձայնության գալու Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա, որոնք են՝ զերծ մնալ ուժի կամ դրա գործադրման սպառնալիքից, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման եւ հավասար իրավունքները: Նրանք ընդգծել են, որ 2009-ի հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում, այնուհետեւ այս տարի Մուսկոկայում հունիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների մատնանշած տարրերը պետք է հակամարտության արդար եւ երկարատեւ կարգավորման հիմքը լինեն. «Առաջարկվող տարրերն ընկալվել են որպես մեկ ամբողջություն, եւ որեւէ տարրի՝ մյուսների նկատմամբ որպես գերակա ընտրելու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»:
ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են, թե մինչ օրս հակամարտության կողմերի ձեռնարկած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար։ Նրանք ցավ են հայտնել վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք ավելացրին լարվածությունը տարածաշրջանում՝ ներառյալ հունիսի 18-19-ի միջադեպը եւ «հրահրիչ հրապարակային հայտարարությունները»: Եվ զգուշացրել են, որ ուժի գործադրումն է ստեղծել ներկա իրավիճակը, եւ դրա կրկնությունը կարող է հանգեցնել միայն «տառապանքների, կործանման եւ հակամարտության ու թշնամանքի սերնդեսերունդ փոխանցման»: Նրանք կոչ են արել ամրապնդել փոխզիջման ոգին՝ «բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ ընդհանուր հիմքի վրա համաձայնության հասնելու նպատակով: Կողմերը լրացուցիչ գործողություններ պետք է ձեռնարկեն 1994 թվականի հրադադարն ամրապնդելու եւ հետագա քաղաքական երկխոսության եւ համաձայնության հասնելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»:
«Հնգակողմ հանդիպումն օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, իհարկե, ադրբեջանական կողմի ապակառուցողական, ինչպես միշտ, դիրքորոշման պատճառով»,- ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Կարեւորելով վերոհիշյալ հայտարարության մասնավորապես այն դրույթը, թե սկզբունքներից որեւէ մեկը գերակա չէ՝ պրն Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանն այս սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի՝ տարածքային ամբողջականության վրա. «Եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է. չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների եւ դրույթների միջեւ»:  ԱԳ նախարարը նաեւ նշել է. «Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ հրաժարվում է հրադադարի ամրապնդումից»:
ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Անհաջող բանակցություններ էին, եւ կողմերն ակնհայտորեն չեկան  պայմանավորվածության: Այս ելքը որեւէ բան չի տվել Հայաստանին, ինչից փորձելու է օգտվել Ադրբեջանը: Հայտնի է. որ վերջինս պնդում է, թե միջնորդների վերջին առաջարկությունն ընդունել է (Է. Նալբանդյանի՝ Ս. Պետերբուրգում ՌԴ կողմից նոր առաջարկներ ներկայացնելու մասին պնդումը չի հաստատում եւ որեւէ ռուս պաշտոյա, ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի հունվարի 22-ի հայտարարության՝ նորացված փաստաթղթի մասին): Դրան հաջորդել է հուլիսի 6-ին Ալիեւի աննախադեպ ելույթը, ուր վերջինս «նախապատրաստելով ադրբեջանական հանրությանը զիջումներին»՝ խոսում է ԼՂՀ վարչական տարածքներում խաղաղապահ զինված ուժերի տեղակայման, Լաչինի միջանցքը Հայաստանի վերահսկողության տակ թողնելու, Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու մասին: Ի պատասխան դրա՝ հայկական կողմը չի խոսում իր զիջումների մասին: Այս պայմաններում միջազգային հանրությունը տրամադրվում է ադրբեջանական փաստարկներն ընդունելուն, ինչի վկայությունն է Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների եւ համանախագահողների կողմից ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքներն առաջին անգամ օկուպացված որակելը: Ադրբեջանը ժամանակ է ստացել այս հաջողությունը զարգացնելու համար: Կարծում եմ, առաջիկա ամիսներին Ադրբեջանը խուսափելու է որեւէ բարձր մակարդակի բանակցություններից»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել