Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 17,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներորդ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Ես Օռլովա Սվետային հիշելով՝ Ռաֆոյին ասացի՝ «ես էդ աղջկա անունը հազիվ եմ հիշում. դո՞ւ ոնց չես մոռացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես կարեւոր բաները երբեք չեմ մոռանում», եւ ես ժպտալով հարցրի՝ «Սվետան կարեւոր բան է՞ր», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շա՜տ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչո՞վ էր կարեւոր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «իրա գեղեցկությամբ», եւ ես ժպտալով հարցրի՝ «գեղեցկությունը կարեւոր բան ա՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծերից մեկն ասել ա, որ գեղեցկությունն ա փրկելու աշխարհը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կարծեմ՝ Դոստոեւսկին ա ասել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում՝ ով ա ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Դոստոեւսկին էլ ա մեր եղբայրներից», եւ ես ասացի՝ «բայց ինքը մահացել ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն էլ ա պայծառատես» եւ մի քիչ էլ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «պայծառատեսները մահ չունեն», եւ ես ժպտալով հարցրի՝ «Դոստոեւսկին գրող չի՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը ոչ թե որպես գրող ա անմահացել, այլ՝ որպես պայծառատես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Եղբայր Հովակիմն էլ ա անմահացել» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ինքն էլ հո գրող չի՞», եւ ես ասացի՝ «Դոստոեւսկին որպես գրող էլ ա անմահ», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «էդ հույսին ե՞ս» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «մարդը չի կարա որպես գրող անմահանա», եւ ես ժպտալով ասացի՝ «լիքը անմահացած գրողներ կան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իզուր հույսեր մի փայփայի» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «գրողների մեջ անմահներ կան, ճիշտ ա, բայց՝ շատ քիչ. մատներիդ վրա կարաս հաշվես», եւ ես ժպտալով հարցրի՝ «արդյոք ովքե՞ր են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նարեկացին, Դոստոեւսկին ու էլի մի քանիսը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Դանթեն էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընդհանուր քանակով տասից չեն անցնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ էլ թվում էր՝ հազարներով են», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «իշտահիդ քացախ» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էդ հազարավորներն անունով ու ձեւականորեն են անմահ, բայց Նարեկացին, Դոստոեւսկին ու էդ մի քանիսը ոչ միայն անունով, այլեւ հոգով ու հոգեպես են անմահ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «այսինքն, Նարեկացին ու էդ մի քանիսն էս պահի դրությամբ ապրում են՝ չեն մեռել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, իրանց մարմինները շուտվանից մեռել են, բայց իրանց հոգիներն էսօրվա օրով էլ ապրում են ու կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ Նարեկացին, Դոստոեւսկին ու էդ մի քանիսն առաջին հերթին պայծառատես են, հետո նոր՝ գրող», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, դու էլ ես պայծառատես», եւ Ռաֆոն կարմրելով ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «նամյոկդ հասկացա» եւ մի քիչ մտածեց եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ես հըլը էս երկրային կյանքում լիքը անելիքներ ունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անմահանալու հարցում հեչ չեմ շտապում», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «ինչքան ուշ անմահանաս՝ քո օգուտն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ինչքան ուշ անմահանամ՝ ձեր օգուտն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ամեն ինչ Բարձրյալի ձեռին ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ապրելու ու մեռնելու ժամկետներն Ինքն ա որոշում ու հաստատում», եւ ես ժպտալով հարցրի՝ «էս միտինգները մտադիր ես շարունակե՞լ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «հեռանկար չեմ տենում» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «լիդերի հարցը չենք կարում լուծենք», եւ ես ժպտալով ասացի՝ «ստիպված դու պիտի լիդերություն անես», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «իմ ասպարեզը սավսեմ ուրիշ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ էլ ժողովուրդ ես հավաքել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մինչեւ էսքանին իրար գլխի հավաքեցի՝ հոգիս դուս էկավ», եւ ես ասացի՝ «ահագին վախտ միտինգ չէր էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ ահագին վախտ հանգստանում էի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, անձնական հարցերովս էի զբաղված», եւ ես ժպտալով հարցրի՝ «դու անձնական հարցեր էլ ունե՞ս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարող ա՞ մենք մարդ չենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ անձնական հարցերով էիր զբաղված», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս ընթացքում մի քանի անգամ ամուսնացա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «նույն կնոջ հետ», եւ ես ժպտալով հարցրի՝ «նույն կնոջ հետ ո՞նց ես մի քանի անգամ ամուսնացել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «սկզբում ամուսնացանք, հետո բաժանվեցինք, հետո նորից միացանք ու էլի բաժանվեցինք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «վերջին անգամ էրկու տարի առաջ միացանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ թվում ա՝ արդեն վերջնական ենք միացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էրկու էրեխեքիս հո չե՞մ թողի կնոջս վրա ու նորից բաժանվեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց էրկու անգամ թողել ես, չէ՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «երկրորդ էրեխես մեր երկրորդ բաժանվելու ու երրորդ միավորվելու արանքում ծնվավ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «աղջիկս արդեն էրկուսուկես տարեկական ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իսկ տղես՝ չորսուսուկես տարեկան», եւ ես ժպտալով ասացի՝ «Աստված պահի», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «քոնոնց ու բոլորի էրեխեքին էլ թող պահի ու տիրություն անի», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա խի՞ եք էդքան ամուսնացել ու բաժանվել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամենասկզբում իրար հետ վաբշե յոլա չէինք գնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կնիկս էրկու անգամ ինձ գժանոց ա քցել», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «շատ հասարակ. զանգել ա՝ էկել տարել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ էրկու անգամն էլ մի-մի ամսով տարան» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց էդքանից հետո էլի իրան ներեցի ու չբաժանվեցի», եւ ես հարցրի՝ «բայց խի՞ էր գժանոց զանգում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «մեր մեջ ա չէ՞ մնում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ինչպես միշտ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ առաջին անգամ հրեշտակի միջոցով ինձ ասվել էր, որ սատանեն պիտի մեր տուն ներխուժի ու չարագործություններ կատարի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դե, ես էլ որոշեցի սատանի մուտքը կանխեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով շարունակեց՝ «խանութից մի շիշ ձեթ առա, շաղ տվի մեր տան շեմքին, որ հենց սատանեն մեր տուն ոտ դներ, ոտը սոթ տար ու զոմփար պոլին», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «հետո՞. զոմփա՞ց», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «ոչ թե սատանեն զոմփաց, այլ՝ զոքանչս» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «թարսի պես, էդ իրիկուն զոքանչս մեր տուն էկավ ու հենց շեմքի վրա զոմփաց», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «հո ոտմոտ չջարդե՞ց», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքը շատ մաքուր ու շատ բարի կնիկ ա, դրա համար էլ Աստված իրան խնայել էր», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «կարող ա՞ սատանեն զոքանչդ ա էղել», եւ Ռաֆոն լրջանալով ասաց՝ «ինքը շատ արդարամիտ ու շատ մարդասեր կնիկ ա. էրկու անգամն էլ ինքն ա ինձ ու կնոջս համոզել, որ միանանք» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտելով ավելացրեց՝ «չես թողում՝ մինչեւ վերջ պատմեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «պատմի», եւ Ռաֆոն շարունակեց՝ «որ զոքանչս մեր պոլի վրա պլստաց ընկավ ու բարեհաջող վերկացրինք, ինչքան համոզեցի՝ ոչ մի րոպե չմնաց. ամոթու հետ գնաց իրանց տուն», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «էդ ինչի՞ ես ծիծաղում» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մարդկային ողբերգություն եմ պատմում, դու հռհռում ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ողբերգությունն էն կըլներ, որ զոքանչիդ որեւէ տեղը ջարդվեր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իսկական ողբերգությունը զոքանչիս գնալուց հետո տեղի ունեցավ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ողբերգություն», եւ Ռաֆոն զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «մի քիչ առաջ ասեցի. արդեն մոռացա՞ր», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «ի՞նչ ասեցիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեղադրելու չի. ամեն մարդ անձամբ իրա անձնական ողբերգությունն ա լավ հիշում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ողբերգություն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «էս պատմածս կարող ա՞ կատակերգություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «զոքանչիդ մասով լրիվ կատակերգություն ա», եւ Ռաֆոն նեղսրտած հարցրեց՝ «բա մնացա՞ծը», եւ ես ժպտալով ասացի՝ «մնացածը չես պատմել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատմելը պատմել եմ, բայց պատմածս մի ականջովդ մտել՝ մյուսով դուս ա էկել», եւ ես արդարանալով ասացի՝ «բան չես պատմել», եւ Ռաֆոն վրդովված հարցրեց՝ «մի քիչ առաջ չասեցի՞, որ կնոջս զանգելով են ինձ գժանոց տարել», եւ ես ասացի՝ «էդքանն ասել ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «էդքանը քիչ ա՞» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «մարդու սեփական կնիկը որ զանգում ու իրա սեփական մարդուն գժանոց ա քցում, էդ արդեն իսկական ողբերգություն ա», եւ ես համաձայնվելով ասացի՝ «հա», եւ Ռաֆոն ասաց՝ «զոքանչիս գնալուց հետո կնիկս ինձանից թաքուն զանգել էր գժանոց, ու գիշերն էկան՝ ինձ տարան», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էդքանից հետո էլ հոգեբուժարանից վերադարձա ու կնոջիցս չբաժանվեցի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «էդքանից հետո իրար հետ նորմալ ապրում էի՞ք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ասեմ իդեալական էինք ապրում, սուտ կըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էնքան վախտ իրար հետ յոլա գնացինք՝ մինչեւ կնիկս երկրորդ անգամ զանգեց», եւ ես հարցրի՝ «ո՞ւր զանգեց», եւ Ռաֆոն հարցրեց՝ «առաջին անգամ ո՞ւր էր զանգել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ հաստատության անունը չեմ ուզում կրկնեմ», եւ ես հարցրի՝ «բա երկրորդ անգա՞մ խի զանգեց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երկրորդը սավսեմ ուրիշ պատմություն էր» եւ մի քիչ էլ մտածեց ու շարունակեց՝ «մի ամիս էդ քամբախում մնալուց հետո որ տուն էկա, միանգամից հասկացա, որ սատանեն արդեն հարմարավետ տեղավորվել ա մեր տան մեջ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց հասկացար», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացի», եւ ես ծիծաղս զսպելով ասացի՝ «ինչի՞ց զգացիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բառերով չեմ կարա ասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հենց հասկացա, որ սատանեն սողոսկել ա մեր տուն, սկսեցի առավոտից իրիկուն իրան մեր տան պուճախներում փնտրել», եւ ես ժպտալով հարցրի՝ «գտա՞ր», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «արդեն հայհայ էր՝ գտնում էի, բայց կնիկս էլի խանգարեց», եւ ես հարցրի՝ «ո՞նց խանգարեց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էլի վեկալեց ու զանգեց», եւ ես հարցրի՝ «ո՞ւր զանգեց», եւ Ռաֆոն սրտնեղելով ասաց՝ «անպայման ուզում ես էդ քամբախի անունն ասե՞մ» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով հարցրեց՝ «հաճույք ե՞ս ստանում», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «կներես» եւ մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բայց խի՞ զանգեց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ավելորդ հարցեր չտաս, ամեն ինչ հերթով կպատմեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «էլ ավելորդ հարցեր չեմ տա», եւ Ռաֆոն ժպտալով շարունակեց՝ «արդեն էդ սատանի դեմն առել էի, ավելի ճիշտ՝ արդեն հետքի վրա էի» եւ մի քիչ դադար տվեց ու շարունակեց՝ «ցերեկներն իրան զալից լարում էի՝ մտնում էր կուխնյա, կուխնյայից էի խռիկ տալի՝ էթում մտնում էր զուգարան, զուգարանից էի լարում՝ մտնում էր կռավաթների տակ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի խոսքով, ձեռիցս չէր պրծնելու» եւ մի քիչ էլ դադար տվեց ու ժպտալով ասաց՝ «արդեն ինքն էլ էր հասկացել, որ ձեռիցս չի պրծնելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հասկացել էր, որ ամենակարեւոր մոմենտը գլխի եմ ընկել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ էիր գլխի ընկել», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «արդեն հասկացել էի, որ էդ գյոռնափշտիկին քնած վախտը պիտի բռնացնեմ ու գլխին տամ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ զարթուն վախտ ձեռիցս հեշտությամբ պլստում էր», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ինքը որտե՞ղ էր քնում», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «էդքան ծիծաղալու ա՞, որ ծիծաղում ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «իմ վրա ե՞ս ծիծաղում», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «էդ գյոռնափշտիկի վրա եմ ծիծաղում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էդ գյոռնափշտիկը ձեռիցս լավ պլստաց», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց պլստաց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կնոջս շնորհիվ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, կնոջս անխելքության ու հիմարության պատճառով», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց», եւ Ռաֆոն մտահոգ ասաց՝ «կնիկս էլի զանգեց էդ քամբախը, ու էլի էկան ինձ տարան», եւ ես հարցրի՝ «բայց ինչի՞ զանգեց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չես թողում պատմեմ. մի գլուխ կողմնակի հարցեր ես տալի», եւ ես ժպտալով ասացի՝ «պատմի. շատ հետաքրքիր ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրիշի ողբերգությունը միշտ էլ հետաքրքիր ա», եւ ես նեղացած ասացի՝ «չես ուզում՝ մի պատմի» եւ նեղացած ավելացրի՝ «ես քեզ չեմ խնդրել, որ էդ բաները պատմես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իզուր ես նեղանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ճշտից չարժի նեղանալ», եւ ես հարցրի՝ «ճիշտը ո՞րն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտն էն ա, որ մեկի ողբերգությունը մյուսի համար շատ հետաքրքիր ու նույնիսկ ծիծաղելի ա», եւ ես նորից նեղացած ասացի՝ «չես ուզում՝ մի պատմի», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «մենակ թե՝ առանց նեղանալու», եւ ես նեղացած ասացի՝ «կարող ա՞ խնդրեմ, որ պատմես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ տեղը գա, պիտի խնդրես էլ», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի խնդրեմ», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ գրող ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրիշ գրողներ շատ կխնդրեին, որ էս պատմությունն իրանց համար պատմեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «իսկական գրելու պատմություն ա», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «բայց խանգարում ես. չես թողում պատմեմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պատմի. շա՜տ եմ խնդրում» եւ ծիծաղելով ավելացրի՝ «աղաչո՜ւմ եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց խոստացի, որ չես գրելու», եւ ես ժպտալով ասացի՝ «ես մենակ ոտանավոր եմ գրում», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «էս պատմությունը որ մինչեւ վերջ լսես, ամեն ինչ էլ կգրես», եւ ես լրջանալով ասացի՝ «ինչի՞ ես ուրիշի ողբերգության վրա ծիծաղում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ողբերգության վրա եմ ծիծաղում», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «սատանայի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե հաջողացնեի էդ գյոռնափշտիկին բռնեի, իրա համար իրոք ողբերգություն կըլներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց շան որդին էդ անգամ էլ ձեռիցս պլստաց», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց պլստաց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա քնելու տեղն արդեն հայտնաբերել էի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քնած վախտ իրան բռնացնելու էի ու գյաբառլամիշ էի անելու», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «ինքը որտե՞ղ էր քնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր ունեցածն էդ մի սենյակն ա. փաստորեն, մենք էլ, ինքն էլ էդ նույն սենյակում էինք քնում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ տականքը մեր դաշնամուրի վրեն էր քնում», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «աչքովդ տեսե՞լ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ո՞նց կարայի տենայի, այ խելոք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինքը՝ սեւ, դաշնամուրն՝ իրանից էլ սեւ», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, իրան չես տեսել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «տենալը չեմ տեսել, բայց զգացել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «էդ տեսակ բաները ոչ թե տենում են, այլ զգում են», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով շարունակեց՝ «որ արդեն հարուր տոկոսով իրա քնելու տեղն իմացել էի, հենց էդ իրիկուն հարեւանիցս ռանդեն ուզեցի ու մեր էդ դաշնամուրը ծերից ծեր ռանդեցի», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ ռանդեցիր», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «գլխի չես ընկնո՞ւմ», եւ ես ժպտալով ասացի՝ «չէ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կնիկս էլ գլխի չէր ընկել, դրա համար էլ ինձանից թաքուն էլի զանգել էր էդ քամբախը», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «բայց խի՞ էիր դաշնամուրը ռանդել. ափսոս չէ՞ր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «դու էլ ես կնոջս պես մտածում» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «փոխանակ մեզ ափսոսենք, դաշնամուրն ենք ափսոսում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ասում ես՝ էլի զանգե՞ց», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «հա. զանգեց ու փաստորեն երկրորդ անգամ էդ վիժվածքին փրկեց», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «բայց խի՞ էիր դաշնամուրը ռանդել», եւ Ռաֆոն ապշահար ինձ նայեց ու հարցրեց՝ «էսքանից հետո էլ չհասկացա՞ր», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ինչ մեղքս թաքցնեմ. չհասկացա», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով ասաց՝ «չեմ զարմանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած… զարմանալի ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ սովորական մարդիկ չեն հասկանում, էդ հըլը մի քիչ հասկանալի ա, բայց որ բանաստեղծ մարդը էդ հասարակ բանը չի հասկանում, էդ արդեն շատ զարմանալի ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր հասարակ բանը չեմ հասկանում», եւ Ռաֆոն ժպտալով բացատրեց՝ «որ սեւ դաշնամուրի վրեն էդ սեւ գյոռնափշտիկը քնում էր, իրան չէինք նկատում, բայց որ էդ ռանդած դաշնամուրի վրեն պառկեր, մեկից մեկ նկատվելու ու բռնվելու էր», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի արդեն հասկացա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կնիկս էլ մի քանի անգամ բացատրելուց հետո հասկացավ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, ինքը երկրորդ անգամ էդ գյոռնափշտիկին փրկեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես էլ, փաստորեն, երկրորդ անգամ կնոջս ներեցի», եւ ես հարցրի՝ «ո՞նց ներեցիր», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեծահոգաբար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ իրան չպատժեցի, էդ արդեն ներելուց մի բան էլ ավել էր», եւ ես հարցրի՝ «ո՞նց պիտի պատժեիր», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ուրիշը որ իմ տեղն ըլներ, էդ քամբախից դուս գալուց հետո առաջին հերթին կնոջից կբաժանվեր», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ էրկու անգամ բաժանվել ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բաժանվելը բաժանվել եմ, բայց՝ էդ դեպքից ահագին հետո» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ քամբախից որ դուս էկա, իրան նորից ներեցի, ու էրկու ամիս էլ յոլա գնացինք», եւ ես հարցրի՝ «բա հետո խի՞ բաժանվեցիք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ուզում ես ընտանեկան գաղտնիքներս մեկ առ մեկ իմանաս», եւ ես ժպտալով ասացի՝ «թե չես ուզում՝ կարաս չասես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիմնականն արդեն ասել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր ընտանիքի գաղտնիքներն արդեն համարյա ծերից ծեր գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ էդքանը պատմել եմ, երեւի մնացածն էլ պատմեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «հարմարությանդ նայի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ամենաանհարմարն արդեն պատմել եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «շա՜տ հետաքրքիր պատմություն ա», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «մեկի համար ողբերգական ա, մի ուրիշի համար՝ հետաքրքրական», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հեչ էլ ողբերգական չի», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց ողբերգական չի», եւ ես ասացի՝ «ողբերգականն էն ա, որ ողբերգական ավարտ ա ունենում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ձերը ողբերգական ավարտ չի ունեցել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ ողբերգական ավարտ չի ունեցել», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդհակառակը. ձերը երջանի՛կ ավարտ ա ունեցել», եւ Ռաֆոն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ ես ժպտալով ասացի՝ «դու ես ասել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասել ես, որ արդեն կնոջդ հետ միացել եք», եւ Ռաֆոն ավելի զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «ամենասկզբում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ամենասկզբում ի՞նչ եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասել ես, որ մի քանի անգամ բաժանվել ու միացել եք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, ասածներս շատ ուշադիր ես լսում», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս չկասկածես»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել