Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՈՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ

Հուլիս 17,2010 00:00

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում  Երեւանում է վրաց կինոռեժիսոր Լեւան Կոգուաշվիլին: Երեւանյան կինոփառատոնին ռեժիսորը ներկայացել է իր առաջին գեղարվեստական «Փողոցային օրեր» ֆիլմով, որը մասնակից է «Միջազգային խաղարկային մրցույթին»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրաց կինոռեժիսորը խոսեց իր ֆիլմի եւ վրացական կինեմատոգրաֆիայի մասին, ասուլիսն էլ սկսեց հայերեն «բարեւ ձեզ»-ով: «Երեւանը շատ եմ հավանել: Այստեղ ամեն ինչ հոգեհարազատ է: Թվում է՝ մենք այնքան նման ենք մշակույթով, կենցաղով: Շատ ընդհանուր բաներ ունենք»: «Փողոցային օրեր» նկարի մասին ասաց. «Սա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է: Նյու Յորքում ուսանելու տարիներին ինձ առաջարկեցին մնալ այնտեղ եւ շարունակել սցենարիստի աշխատանքը ամերիկյան կինոյի համար: Բայց ես ընտրեցի իմ հայրենիք Վրաստանը եւ վերադառնալուն պես նկարեցի այս ֆիլմը»: Նրա խոսքով, նկարը վրացական իրականության մասին է. «Ես հիմնականում նկարում եմ Վրաստանի խնդիրների մասին: Այս նկարում, որը ներկայացրել եմ «Ոսկե ծիրանին», խոսում եմ այն իրականության մասին, որը տիրում է Վրաստանում, խոսքը նարկոմանիային է վերաբերում»: Վրացական կինոյի մասին ռեժիսորն ասաց. «Նոր-նոր ուզում ենք ոտքի ելնել: Դեռ 1999-ին վրացական կինո ասվածը չկար, հիմա աստիճանաբար աճում ենք: 2006-ից պետությունը սկսել է ֆինանսավորել տարեկան 3-4 ֆիլմ, նույնքան էլ մասնավոր կառույցներն են աջակցում»: 
Լրագրողների հետ հանդիպեցին նաեւ «Հայկական համայնապատկեր» մրցույթի մասնակիցները. Լիբանանից՝ «Հինգերորդ զորասյուն» ֆիլմի հեղինակ Վաչե Բուլղուրջյանը, Իրանից՝ «Գեղեցիկ ձյունոտ օր» նկարի ռեժիսորներ Մահայա Պետրոսյանը եւ Թուդե Ռուսթան, Հայաստանից ռեժիսորներ Նիկոլայ Դավթյանը՝ «Քեռի Վալյա» եւ Դավիթ Էնֆենջյանը՝ «Error» ֆիլմերով:
«Միջազգային վավերագրական մրցույթի» մասնակիցներ Պավել Կոստոմարովն ու Սերգեյ Լոզնիցան էլ խոսեցին խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի տարբերության եւ առանձնահատկությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել