Լրահոս
Օրվա լրահոսը

Չքնող լաո եւ ինքնաիրոնիա

Հուլիս 17,2010 00:00

Կամ՝ քննություն Թատերական ինստիտուտում

Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում դերասանի վարպետություն առարկայից քննություն էր, հանձնաժողովը՝ Ռուբեն Բաբայանի նախագահությամբ, ստուգում էր դիմորդների բեմական խոսքն ու վոկալը: «Առավոտը» ներկա էր քննության մի հատվածին: Համարյա բոլոր դիմորդները երգում էին «Զարթիր լաոն»: Եվ երբ հերթական անգամ հնչեց այդ երգի վերնագիրը, հանձնաժողովի անդամ, Թատերական ինստիտուտի ռեկտոր Ռուբեն Գասպարյանը կատակեց. «Ինձ թվում է, որ լաոն արդեն չի էլ քնում»: Արամ Մանուկյան անունով դիմորդը Այգեկցու առակը կարդալու փոխարեն, սկսեց այն պատմել իր բառերով: «Այգեկցին այդքան էլ վատ չի գրել, հեղինակի խոսքը փորձիր սովորել, իմաստավորել…»,- նրան խորհուրդ տվեց Ռ. Բաբայանը:
Մի տղա էլ ասաց, որ պապերը սասունցի են, ուստի նրանց երգերից է երգելու, սակայն այնքան խեղճ ու առանց ոգեւորության երգեց, որ հանձնաժողովի անդամ Ռուբեն Գասպարյանը նեղվեց. «Տղա ջան, ասես յոթն ու քառսունքը միասին է նշվում: Քո պապերը լսեին երգդ, հաստատ կնեղանային…»: Քննության ժամանակ մեկ էլ ներս մտավ Արմեն Մազմանյանը եւ տեսնելով լրագրողներին ու օպերատորներին, բացականչեց. «Յա՜, ֆոտոսեսիա ա, հա՞», ավելի ուշ նա փորձեց սկանդալ սարքել եւ խանգարել լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտքը՝ պատճառաբանելով, թե խանգարում ենք դիմորդներին: Բարեբախտաբար, հանձնաժողովի նախագահը եւ անդամները ասացին, որ ամեն ինչ կարգին է, եւ լրագրողները կարող են շարունակել իրենց աշխատանքը: Հանձնաժողովն ամեն կերպ փորձում էր թուլացնել դիմորդների լարվածությունը եւ «բացել» նրանց՝ կատակելով, այլ ստեղծագործություն ներկայացնելու առաջարկ անելով եւ այլն: Այն դիմորդները, ովքեր մոռացած էին լինում, թե ում գործն են կարդալու կամ երգելու, անպայման տեղեկացվում էին հանձնաժողովի կողմից: Ռ. Գասպարյանն էլ պարտադիր ուղղում էր բոլորի «ստեսցյունները»: Խաչատրյան Մարիամից պահանջեցին «կոշտ» ձայնով խոսել, օրինակ՝ քաղաքապետի, ինչը դիմորդի մոտ չստացվեց: Դո՞ւ որ դպրոցն ես ավարտել՝ հարցրին նրան: Փոսի՝ ասաց աղջիկը: Ռ. Գասպարյանն էլ կատակեց՝ դրա համար էլ ձայնդ ասես փոսից է գալիս:
Արմավիրից եկած Մնացականը իր վոկալը «հրամցրեց» ժամանակին ռաբիսի հիթ համարվող Տոտիկի «Կարուսել» երգի միջոցով: Նա ասաց, որ հենց ա՛յդ երգն է ընտրել: «Յուրաքանչյուր մարդ իր երգն ունի, այն մեկ-մեկ էլ կոչվում է կարապի երգ»,- ի պատասխան ժպտաց Ռ. Բաբայանը: Ի դեպ, տղան փորձեց ինչ-որ առակից էլ հատված կարդալ, սակայն չգիտեր՝ ո՞ւմ առակն է, ինչպես է վերնագիրը:
Դիմորդ Սոֆին երգեց ռուսերեն մի երգ, ասաց, որ դա իր մայրիկին է նվիրել ընկերուհին, բայց երգն իրեն էլ է հոգեհարազատ: Դիմորդ Սամվել Պողոսյանը հրաշալի Սահյան արտասանեց, ապա Կոմիտաս երգեց: Իսկ Լիլիթից հանձնաժողովի անդամները պահանջեցին մի լավ զայրանալ: «Մի հատ ջղայնացի, ասա՝ ինչի՞ երգս ընդհատեցիք, լավ էլ երգում էի, էլի՛»,- փորձեց նրան զայրույթով վարակել Ռ. Գասպարյանը: Լիլիթի մոտ դա ի վերջո ստացվեց: Արշակ Սուքիասյանը եկել էր քննության, բայց ոչ մի բան չգիտեր, հավանաբար չէր էլ պատկերացնում՝ ուր է եկել եւ ինչու:
Ռուբեն Բաբայանն ասաց, որ բուհի դերասանական բաժին դիմել է շուրջ 130 հոգի, սակայն կընդունվի կեսը: Այս տարի կուրս կհավաքեն Արմեն Խանդիկյանը, Տիգրան Գեւորգյանը եւ Արմեն Մազմանյանը:
«Առավոտը» Ռ. Բաբայանից հետաքրքրվեց՝ համամի՞տ է այն կարծիքին, թե տարեցտարի թատերական դիմող կոնտինգենտը գորշանում է: «Անցյալ տարի եւս դերասանական բաժնի հանձնաժողովի նախագահն էի, բաց անցյալ տարի պատկերը շատ ավելի տխուր էր»,- նշեց նա: Պարոն Բաբայանը հավելեց, որ մի քանի վառ անհատականությունների է հանդիպել, մեկին՝ մասնավորապես երեկ. «Ինձ դուր եկավ մի տղա, որը ժամանակակից դերասանի վերաբերմունք ուներ. այն տեքստի մեջ, որը նա ներկայացնում էր, կար որոշակի ինքնաիրոնիա: Դա ժամանակակից թատրոնի դերասանի հատկություն է, որը դժվար է սովորեցնել, պետք է բնազդով գա…»: Մեր զրուցակցի համոզմամբ, պետք է տաղանդի նշույլ ունեցողներին անգամ հնարավորություն տալ թատերական ընդունվելու. «Ես կողմնակից եմ, որ հնարավորինս շատ մարդ ընդունվի, որովհետեւ սա արվեստի բուհ է եւ դժվար է կողմնորոշվել հենց սկզբից: Եղել են դեպքեր մեծ դերասանների հետ, երբ որեւէ թատերական բուհ չեն ընդունվել առաջին փորձից; Կարծում եմ՝ ընդունվելը պիտի հեշտ լինի, ավարտելը՝ դժվար, որովհետեւ ամեն դեպքում ավարտելը որակավորում է»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ ճի՞շտ է, որ սերիալի դերասանը լինի հանձնաժողովի կազմում՝ Տիգրան Գեւորգյանը, Ռ. Բաբայանը պատասխանեց. «Նա դասախոս է, կուրս է հավաքում, ընդ որում կուրսի հետ էլ լավ է աշխատում: Կոնկրետ ես սերիալների համար դերասաններին չեմ մեղադրում, սցենարիստներին ու ռեժիսորներին եմ մեղադրում, իսկ դերասանը բոլոր դեպքերում, ինչպես ասում են՝ «ենթակա կառույց է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել