Վերջին տարիներին եվրոգավաթային հանդիպումները հայկական ակումբների համար, ըստ էության, ավարտվում են՝ դեռ չսկսված: Ու պատճառը մրցակիցների՝ տարեցտարի զորեղանալը չէ: Պարզապես, հայկական ֆուտբոլը իր կենսահամակարգով ի վիճակի չէ դիմակայել քիչ թե շատ կայացած որեւէ համակարգի ներկայացուցչի: Իսկ եթե այս ամենին գումարվում է նաեւ փոքրիշատե ուժեղ մրցակից՝ մերոնք հայտնվում են անմխիթար վիճակում:
Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի մեր երկու մասնակիցները՝ «Բանանցը» եւ «Ուլիսը», հուլիսի 8-ի երեկոյան արդեն հրաժեշտ տվեցին մրցաշարին: Ու եթե «Բանանցի» դեպքում «Անորտոսիսից» 0:3 հաշվով կրած պարտությունն արդեն գործնականում լուծել էր հակամարտության ելքը, ապա «Ուլիսը» պայքարելու բոլոր շանսերն ուներ՝ գոլազուրկ երեւանյան խաղ, կիսակոմպլեկտավորված ու չխաղակցված մրցակից… Բայց Սեւադա Արզումանյանի թիմին բոլոր այդ գործոնները չօգնեցին, եւ մրցակցի հարկի տակ բաց թողնված միակ գնդակն էլ տվեց հաջորդ փուլի ուղեգրի տիրոջ անունը:
Երեւանում նույն՝ նվազագույն հաշվով պարտություն կրեց նաեւ «Բանանցը»: Ստեւիցա Կուզմանոսկու սաները առաջին խաղում խոշոր հաշվով պարտությունից հետո երկրպագուների առջեւ գոնե հեղինակությունը վերականգնելու կարիք ունեին, քանի որ ակնհայտ էր՝ բավական զորեղ մրցակցի արգելքը իրերի դասավորվածության նման պարագայում հաղթահարել հնարավոր չէ: Արդյունքում՝ սպասելիքները կրկին չարդարացան՝ 0:1:
«Ուլիսի» ու «Բանանցի» պարտությունները վկայում են մեր ֆուտբոլում թույլ մրցակցության ու ընդհանուր՝ համակարգային խնդիրների մասին՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլում դրվածքից, մինչեւ հավաքական: Հարց կառաջանա, թե ի՞նչ կապ ունեն մանկապատանեկան ֆուտբոլն ու ազգային հավաքականը այս երկու թիմերի պարտության հետ, մանավանդ որ, երկուսում էլ մեծաթիվ լեգեոներներ են հանդես գալիս ու երկու ակումբն էլ ազգային հավաքականի հենարան համարել չի կարելի: «Բանանցն» այսօր ունի Հայաստանում լավագույն մարզաբազաներից մեկը, մեծ մանկապատանեկան դպրոց, որի սաները, սակայն, «Բանանցի» կազմում փայլում են միայն պատանեկան առաջնություններում: «Հասուն» ֆուտբոլի համար ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը նախընտրում է գործ ունենալ լեգեոներների հետ: Իսկ դրա արդյունքը դեռ պարտությունն է: Այդպիսով, մանկապատանեկան ֆուտբոլը ու դրա պտուղները այս ակումբում, ըստ էության, անուշադրության են մատնվում, ինչն էլ անմիջական ազդեցություն է ունենում ազգային հավաքականի կազմի, տղաների խաղային փորձի ու, վերջապես, ցուցադրած խաղի եւ արդյունքների վրա:
«Ուլիսում» իրավիճակը մի փոքր այլ է: Անհամեմատ ավելի երիտասարդ այս ակումբը դեռ չունի կայացած ավանդույթներ, այն ինֆրաստրուկտուրան, ինչպիսին տեսնում ենք «Բանանցում»: Փոխարենը՝ ունի ամբիցիաներ: Սակայն, ինչպես ակնհայտ դարձավ եվրոգավաթային այս խաղերում, մեծ ամբիցիաների համար նույնքան մեծ կամք ու հասունություն է անհրաժեշտ: Իսկ «Ուլիսը» օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով այդ ռեսուրսներին չի տիրապետում: Անգամ՝ Հայաստանի առաջնության շրջանակներում, թեեւ առաջատար եռյակում պայքարում է չեմպիոնության համար…
Ո՞վ գիտի՝ գուցե եվրոգավաթային այս պարտությունները՝ այդ թվում նաեւ Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին խաղերում Բելգրադի «Պարտիզանին» 1:3 հաշվով տանուլ տված «Փյունիկի» եւ Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիին» 0:1 հաշվով զիջած «Միկայի», գոնե մի փոքր բարեփոխեն հայկական ֆուտբոլը՝ բոլոր սլաքները անհրաժեշտ ուղղությամբ տանելով…