Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց ծեծում ու քարշ են տալիս

Հուլիս 17,2010 00:00

Այդ են վկայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալները

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) ամփոփել է նախորդ տարի 4720 տնային տնտեսությունում 15-59 տարեկան կանանց շրջանում անցկացրած «Կանանց հանդեպ ընտանեկան բռնություն» թեմայով հանրապետական հարցումների արդյունքները: Պարզվել է, որ մեր երկրում կանանց դեմ բռնությունը սովորական երեւույթ է, իսկ ինտիմ զուգընկերոջ կողմից բռնությունը՝ ամենատարածվածը: Հարցումները պարզել են, որ տարածված է բռնության 4 հիմնական ձեւ՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական եւ տնտեսական: Ֆիզիկական բռնության տարածված ձեւերից է, երբ կանանց վրա ծանր իրեր են նետում, քարշ տալիս, ծեծում կամ հարվածում ոտքով ու բռունցքով: Կանանց մի ստվար զանգված էլ՝ ֆիզիկական եւ սեռական բռնությունների է ենթարկվել ամուսինների եւ ինտիմ զուգընկեր չհանդիսացող տղամարդկանց կողմից: Հարցվածների մի մասն էլ նշել է սեռական շահագործումը՝ մանուկ եւ վաղ չափահասության շրջանում: ՄԱԲՀ-ի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Ջինա Սարգիսովայի խոսքերով, Հայաստանում մեծ տարածում ունի նաեւ տնտեսական բռնության տեսակը. «Երբեւէ զուգընկեր ունեցած կանանց 60,9%-ը, իսկ ներկայում զուգընկեր ունեցող կանանց 7,4%-ը դադարել են աշխատել, քանի որ նրանց զուգընկերները արգելել կամ չեն ցանկացել դա: Հարցվածների 8,7%-ն ասել է, որ իրենց եկամուտը զուգընկերները վերցրել են հակառակ իրենց կամքի, կանանց 22,1%-ը նշել է, որ առնվազն 1 անգամ տուժել են ինտիմ զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության հետեւանքով»: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացված մեկ այլ՝ «Անպտուղ ամուսնության տարածվածության ուսումնասիրություն, պատճառագիտություն» թեմայով հարցումների արդյունքներն էլ վկայում են, որ հարցված 856 կանանց շրջանում անպտղությունը կազմում է 16,8%, 941 հետազոտված տղամարդկանցից էլ միայն 2%-ն է նշել, որ կանայք երբեւէ չեն հղիացել նրանցից: Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանն էլ տարբերակեց առաջնային եւ երկրորդային հղիության արդյունքները՝ նշելով, որ կանանց շրջանում առաջնային անպտղության ցուցանիշը 32% է, իսկ երկրորդայինը՝ 68%, տղամարդկանց շրջանում առաջնայինը 47% է, իսկ երկրորդայինը՝ 53%: Հարցումները պարզել են նաեւ զույգերի ամուսնական կյանքից մանրամասներ: Ամուսնացած զույգերից առանձին էին ապրում 28%-ը, անպտուղ ամուսինների՝ 66%-ը, իսկ քաղաքացիական կարգավիճակով ամուսինների՝ 4%-ը, հարցման պահին ամուսինների արդեն 1%-ը հասցրել էր ամուսնալուծվել: Ըստ տիկին Ավագյանի՝ հարցումները նաեւ բացահայտել են, որ կանանց առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալը համընկել է ամուսնության հետ: Տիկին Ավագյանին մտահոգում է այն, որ մեր երկրում ձեւավորվում է 1-2 երեխայով ընտանիքի մոդելը: Հարցված կանանց 10%-ը չի ցանկացել երեխա ունենալ՝ սոցիալական պայմաններով պայմանավորված. «Եվ որ ամենակարեւորն է, ես չէի իմանում, որ մենք հավատքի ժողովուրդ ենք, հարցվածների 78%-ը նշել էր՝ ինչպես Աստված կամենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել