Լրահոս
Օրվա լրահոսը

21-ՐԴ ԴԱՐԻ ԽՈՐԹ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Հուլիս 17,2010 00:00

\"\"20 տարի վագոն-տնակներում ապրողներին ոչ ոք ապագա չի խոստանում

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում, միջպետական մայրուղուց քիչ հեռու, տնակային մի «թաղամաս» կա՝ բաղկացած 5 վագոն-տնակից: Դրանք այստեղ տեղադրվել են 20 տարի առաջ: Վագոններում ապրում, ավելի ճիշտ՝ գոյատեւում են Ջավախքից վերաբնակված մեր հայրենակիցները: Իր կնոջ հետ վագոն-տնակում բնակվող ազատամարտիկ Սլավիկ Մելտոնյանը անառողջ է եւ անգործ: Տնակի մաշված տանիքից անջրեւաջուրը ներս է լցվում: Նրա ամուսնացած աղջիկը՝ Սվետլանան իր 8-ամյա դստեր՝ Կատյայի հետ ապրում է քիչ հեռու: Երեխան վագոնի վատ պայմաններից փոքր հասակում հիվանդացել է, դարձել խուլ-համր: Կատյային օգնելու համար դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Արդյունքում մի կազմակերպության միջոցով աջակցություն է ցուցաբերվել, ամերիկացի բժիշկները նրան շուրջ 7 ժամ վիրահատել են: Այդ բարդ վիրահատությունն անվճար է արվել, երեխային լսողության սարք են տվել: Սակայն սիրունատես աղջնակի ձեռքից սարքն ընկել, լիցքավորման մարտկոցը ճաքել է, եւ խեղճ երեխան ստիպված կես օր մարտկոցը լիցքավորման է դնում, այդ ընթացքում անհաղորդ մնալով աշխարհի ձայներին:
Հարեւանությամբ ապրող Սոկրատ Մարգարյանը երկու տասնամյակ առաջ այստեղ է տեղափոխվել Ախալքալաքի Ագանա գյուղից: 1991 թվականին Հաղթանակի կենտրոնում գտնվող նրա տնակն այրվել է: Հրո ճարակ է դարձել ընտանիքի ողջ ունեցվածքը: Այդ նույն տարում Սոկրատը վագոն է տեղադրել նոր վայրում: Այստեղ էլ է փորձանքը «գտել» նրան. ազատամարտիկ հարեւանի վագոն-տնակի տեղափոխման ժամանակ Սոկրատի քրոջ ձեռքում պայթել է վագոնում պահվող ինքնաշեն ռումբը, Սոկրատի աչքը վնասվել է: Վիրահատել են, նա երեք ամիս անցկացրել է հիվանդանոցում, դարձել հաշմանդամ: 61-ամյա Սոկրատը հաշմանդամության ընդամենը 8 հազար դրամ թոշակ է ստանում, որովհետեւ խորհրդային տարիներին Աբխազիայում աշխատած 15 տարվա փաստաթղթերը վագոնում այրվել են: «Ո՞վ զապրոս կանի Աբխազիա իմ ստաժի համար»,- հուսահատ ասում է Սոկրատը:
Խորհրդային տարիներին նրա ընտանիքի կուտակածն այդպես էլ մնացել է Խնայբանկում, հիմա նրանց եկամտի աղբյուրը մեկ հեկտար հողն է, սակայն այն ոռոգելի չէ, ուստի չի մշակվում, որպես խոտհարք են օգտագործում:
Սոկրատն իր հարեւանների նման միջոցներ չունի տուն կառուցելու, նա կարողացել է վագոն-տնակի կողքին կցակառույց-նախամուտք սարքել: Վերջերս 6 հոգանոց այս ընտանիքին է միացել Աբխազիայի Օչամչիրայի շրջանից եկած Սոկրատի զոքանչը՝ 83-ամյա Նաթելլան, ինչն ավելի է վատթարացրել կեցության պայմանները: Մանավանդ որ՝ 20 տարվա մաշվածությունից եւ անձրեւներից տանիքը «թափանցիկ» է դարձել: Առաստաղում խաչված փայտերը մի կերպ պահում են տանիքը:
Այդտեղից քիչ հեռու, մայրուղու մյուս կողմում, Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ 6-7 տարի առաջ Ադրբեջանից փախստականների համար հարմարավետ քոթեջներ են կառուցվել: Հաղթանակի գյուղապետ Վարդ Խաչատրյանն ասաց, թե որեւէ ծրագիր չկա, որ ֆինանսավորի տնակային թաղամասի բնակիչների համար կացարանների կառուցումը: Ուստի դեռ պարզ չէ, թե քանի՞ տարի են այս մարդիկ առանց տուն ունենալու հույսի՝ գոյատեւելու սեւացած, մութ եւ քանդվող վագոններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել