Անդրադառնալով այսօր Ալմաթիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որտեղ քննարկման բուն նյութի առիթով արդեն մի քանի օր է՝ հայ-ադրբեջանական քարոզչական փոխհրաձգություն է տեղի ունենում, մասնավորաբար, Լաչինի եւ Քարվաճառի հնարավոր ետ վերադարձման եւ դրա ժամկետների հետ կապված, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը 7օր.am-ին ասել է, թե այս ամենն արդեն արտացոլում է, թե ինչ խայտառակ գործընթացներ են գնում դիվանագիտական ճակատում: «Շատ հնարավոր է, որ ադրբեջանցիները խոշոր բլեֆ են մտել: Սակայն այդ բլեֆն իրենք վերջին 10 տարիների ընթացքում չէին մտնում, չէ՞: Այսինքն՝ այդ առիթը չկար, որ այդ բլեֆը մտնեին: Այս մթնոլորտի արդյունքում է, որ իրենք այսպիսի «խաղեր են տալիս», թե ռուսներն այսպիսի առաջարկություններ են անում եւ այլն: Իսկ որ ռուսներն ինչ-որ առաջարկներ անում են, դա նույնպես գաղտնիք չէ, որովհետեւ վերջերս Գրիզլովը երբ Երեւանում էր, հայտարարեց, թե մոտ ժամանակներս Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ առաջարկություններ անել: Ինձ համար ակնհայտ է, որ այս ամենը հետեւանք է այն «ֆուտբոլային» քաղաքականության, որի արդյունքում Թուրքիան իր ակտիվ դերակատարությունն ունեցավ այս պրոցեսների մեջ, եւ ղարաբաղյան պրոցեսը, որ սառեցված վիճակում էր, արդեն մտել է բավական մեծ օրակարգ»,- ասել է քաղաքագետը: