Երեկվանից սկսել է լիարժեք գործել www.lezu.am կայքը, որի «Մեր մասին» էջում հրապարակված է «Լեզվի ժողովրդական տեսչության» հռչակագիրը: Այստեղ մասնավորապես նշված է. «Ոտնահարված է մեր մայրենիի՝ հայոց լեզվի կարգավիճակը տառացիորեն բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պետական համակարգում: Մինչդեռ հայերենը՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, մեր անկախության եւ անվտանգության հիմքերի հիմքն է՝ լեզվամտածողության ու հանրակրթության, ազգային ինքնության եւ արժանապատվության, ինքնաճանաչման եւ ինքնագնահատման ողնաշարը»: Նշված է, որ այս հռչակագրով կյանքի կոչվող նախաձեռնությունը սկիզբն է ուշացած, սակայն անհրաժեշտ միջոցառումների. «Քանի որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մեջ դավադրաբար խցկված Լեզվի պետական տեսչությունը չի կատարում օրենսդրորեն սահմանված իր պարտականությունները՝ մենք հայտարարում ենք «Լեզվի ժողովրդական տեսչության» ստեղծման մասին: Այդ հասարակական կառույցը իր ձեռքը կվերցնի եւ կիրականացնի այն գործառույթները, որոնք վերապահված են Լեզվի պետական տեսչությանը, նաեւ կհետեւի լեզվական իրավիճակին սփյուռքահայ գաղթօջախներում»: Աշխատանքը կազմակերպվելու է մի շարք առանցքային ուղղություններով. «Կկուտակվի Հայաստանում ու սփյուռքահայ գաղթօջախներում հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն՝ հագեցած մասնագիտական վերլուծություններով», «անհաշտ եւ հետեւողական պայքար կմղվի ՀՀ Սահմանադրության, Լեզվի օրենքի եւ այլ օրենքների ու ենթաօրենսդրական իրավական ակտերի լեզվական պահանջների խախտումների, չարափոխումների, օտարաբանությունների դեմ՝ ընդհուպ մինչեւ դատական հայցեր հարուցելը», «փորձագիտական խորությամբ կքննարկվեն ՀՀ-ում նախատեսվող եւ առկա օրենքների, ԶԼՄ-ների, գերատեսչությունների եւ գովազդի լեզուն», «ուշադրության կենտրոնում կլինեն հանրակրթության վիճակը՝ ներառյալ դասագրքերի լեզուն եւ ոճը, ինչպես նաեւ պետական մարմինների գրագրությունների եւ պետական ծառայողների պաշտոնական ելույթների լեզուն»: