Վրաստանի Ռուսթավի քաղաքի N6 քրեակատարողական հիմնարկում ազատազրկված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը հայտարարություն է արել, ուր մասնավորաբար ասվում է. «2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, որով հրաժարվեց իմ հոր՝ Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր՝ Արմեն Չախալյանի եւ իմ գործն ընդունել վարույթ՝ թողնելով մեր նկատմամբ կայացված դատավճիռներն անփոփոխ: Այս որոշումը սպասելի էր. գերագույն դատարանը, ինչպես մինչ այդ՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները, հլու-հնազանդ ենթարկվեց վրացական իշխանությունների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարության տարրական սկզբունքները: Դատարանի այս որոշումը համահունչ է ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների ոտնահարման վրացական իշխանությունների քաղաքականությանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին……
Ես վերահաստատում եմ իմ եւ իմ ընտանիքի անդամների նկատմամբ արդարության վերականգնման համար միջազգային բոլոր ատյաններում պայքարելու վճռականությունը: Մնում եմ այն համոզման, որ բանտերի ու հալածանքների միջոցով ջավախքահայության բողոքը լռեցնելու միտված բոլոր քայլերը չեն հասնելու իրենց նպատակին: Մեր պայքարը հանգեցնելու է նրան, որ վրացական իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու ենթարկվել առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հրամայականին: Միջազգային կառույցները պարտավոր են հստակ կեցվածք որդեգրել հայ բնակչության նկատմամբ վրացական իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության անհանդուրժելիության վերաբերյալ: Երկակի չափանիշները, անորոշ եւ լղոզված քայլերը միմիայն ավելի են խորացնելու խնդիրները, մեծացնելու են անկայունությունը եւ անկանխատեսելի զարգացումների հավանականությունը»: