Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԱԼԳ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հուլիս 17,2010 00:00

\"\"Մանրամասներ է պատմում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը

Հուլիսի 12-15-ը Վարշավայում կայացել է «Որտե՞ղ ենք մենք. Հետկոմունիստական եւ հետխորհրդային երկրները 20 տարի անց» համաժողովը, որի քննարկման թեմաներից մեկն էլ Եվրամիության Արեւելյան գործընկերությունն (ԱԼԳ) էր, եւ հրավիրվել էին ծրագրի 6 գործընկեր երկրների ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնում էր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ Ադրբեջանը՝ «Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումներ» կուսակցության նախագահ Ասիմ Մոլլազադեն: Այս կուսակցությունը Նաիրա Զոհրաբյանը մեր զրույցում որակեց իբրեւ «Իլհամ Ալիեւի կողմից ստեղծված ընդդիմություն», եւ հիշեցրեց, որ Ասիմ Մոլլազադեն 1993-ի ապրիլ-հուլիսին Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչն էր Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում:
Նաիրա Զոհրաբյանը պատմեց, թե արդեն հուլիսի 12-ի քննարկման ժամանակ, որի թեման բացառապես ԱԼԳ-ում ներգրավվածությունը եւ Եվրոպական միության հետ գործակցության համաձայնագրից ակնկալիքներն էին՝ Մոլլազադեն ելույթում անդրադարձել է բացարձակապես այլ հարցերի ու մասնավորապես հայտարարել, թե իրենք խաղաղ բանակցությունների կողմնակից են, բայց եթե տեսնեն, որ դրանց ներուժը սպառվել է՝ պատրաստ են դիմել ցանկացած միջոցի. «Եվ երբ Մոլլազադեն խոսում էր, թե Ադրբեջանը կողմ է խաղաղությանը ու միշտ խաղաղություն է առաջարկում, բայց Հայաստանը մերժում է խաղաղ բանակցային մթնոլորտը՝ ես հիշեցրի հենց իր՝ Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության ծրագրային հուշագիրը»: Մեջբերել է դրա հետեւյալ դրույթը, որ եթե չհաջողվի խաղաղ բանակցություններով վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ «չի կարելի լիովին բացառել ընդդեմ ագրեսորի ուժի կիրառումը»: Նաիրա Զոհրաբյանը Մոլլազադեի ելույթից հետո նաեւ ռեպլիկով է հանդես եկել. «Ասացի՝ դահլիճում ներկաներին խորհուրդ եմ տալիս՝ կարդացեք Իլհամ Ալիեւի վերջին ելույթը եւ հաշվեք, թե 6 էջանոց ելույթում քանի՛ անգամ է նա սպառնացել, որ ԼՂ հարցը կլուծի ռազմական ճանապարհով: Ես հաշվել եմ՝ 18 անգամ: Եթե սա է այս երկրի խաղաղության եւ խաղաղ բանակցությունների ընկալումը՝ ես ավելացնելու բան չունեմ»:
Համաժողովի ընթացքում Նաիրա Զոհրաբյանին հարց է ուղղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցը. «Նա հարցրեց՝ դուք ինչպե՞ս եք այստեղ նստած այսպիսի հայտարարություններ անում, երբ Հայաստանն օկուպացրել է մեր տարածքների 20 տոկոսը: Ես էլ պատասխանեցի, որ ինձ հայտնի է ընդամենը մեկ օկուպացիա՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Գետաշեն եւ Շահումյան շրջանների օկուպացիան է»: Միջանկյալ նշենք, որ ադրբեջանական 1news.az-ը հուլիսի 13-ին այս կապակցությամբ տարածել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովի պատասխանը. «Զարմացնում եւ ապշեցնում է, որ հայ քաղաքական գործիչներն ու տարատեսակ դիվանագետները (Նաիրա Զոհրաբյանից բացի՝ դարձյալ հիշատակված է նաեւ Շավարշ Քոչարյանը.- Ա. Ի.) իրենց մեկնաբանություններում հասնում են աբսուրդի՝ ինքնիշխան պետությանը մեղադրելով սեփական իսկ տարածքի օկուպացիայի մեջ»:
Լեհաստանի Սեյմում քննարկումների ընթացքում Ասիմ Մոլլազադեն, ըստ տիկին Զոհրաբյանի, հայտարարել է. «Արդարության վերականգնում է արդեն նկատվում միջազգային ամբիոններում՝ ի դեմս Եվրոպական խորհրդարանի 2216 բանաձեւի: Եվ մենք հույս ունենք, որ այդպիսի բանաձեւեր շուտով կընդունվեն նաեւ միջազգային այլ ձեւաչափերով՝ մենք գիտենք արդեն, մենք տեղեկացված ենք»: Մեր զրուցակիցը նշեց, թե ինքն այլ ելույթ էր նախապատրաստել՝ բացառապես ԱԼԳ մասին. «Բայց ստիպված էի փոխել իմ ելույթի բովանդակությունը եւ ասել, որ եթե մենք այլ դաշտ ենք տեղափոխվում՝ ուրեմն, խնդրեմ, խոսենք այդ խնդիրների մասին»: Նաիրա Զոհրաբյանը ելույթում մասնավորապես հայտարարել է. «Ցավով պիտի նշեմ, որ Եվրախորհրդարանի վերջին՝ 2216 բանաձեւը Հարավային Կովկասի վերաբերյալ բացարձակապես չի համապատասխանում խորհրդարանական դիվանագիտության ոգուն եւ առաքելությանը։ Հիմնական զեկուցողի կողմից ներկայացված միակողմանի, խիստ սուբյեկտիվ մոտեցումները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանի օբյեկտիվ վերլուծությանն ու իրավիճակին, այլեւ մեծապես խրախուսում են Ադրբեջանի ռազմատենչությունը, այդ երկրի ապակառուցողական, ապատեղեկատվության վրա հիմնված արտաքին քաղաքականությունը՝ դրան տալով մի տեսակ «քվազիեվրոպական» գուներանգ»: Նաեւ հիշեցրել է, որ ԱԼԳ ձեւաչափի կարեւոր բաղկացուցիչը բազմակողմ հարաբերություններն են. «Մինչդեռ Ադրբեջանը մշտապես եւ հետեւողականորեն բոյկոտում է գործընկերության ձեւաչափում Հայաստանի հետ որեւէ համագործակցություն»:
Համաժողովին հաջորդած ասուլիսում պատասխանելով «Ռեգնում» գործակալության հարցին, թե պաշտոնական Բաքուն պատրա՞ստ է արդյոք համագործակցել Հայաստանի հետ ԱԼԳ շրջանակներում՝ Ասիմ Մոլլազադեն հայտարարել է, թե Ադրբեջանը չի՛ համագործակցում եւ չի՛ համագործակցի հայկական կողմի հետ, քանի դեռ «տարածքները մնում են օկուպացված»: Նաիրա Զոհրաբյանը համաժողովի կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրել այս հայտարարության վրա՝ հարցնելով. «Մենք կարող ենք, չէ՞, արձանագրել, թե սա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է, որ հրաժարվում են համագործակցությունից»: Այս բոլոր շեշտադրումները նա արել է նաեւ Լեհաստանի Սեյմի տարբեր հանձնաժողովների ղեկավարների հետ երկկողմ հանդիպումների ընթացքում՝ ակնկալիք հայտնելով, որ ԵՄ-ն պաշտոնական դիրքորոշում պիտի արտահայտի Ադրբեջանի «այս ոչ կառուցողական հայտարարությունների» վերաբերյալ:
Մեր դիտարկմանը, թե ԱԼԳ-ն փաստորեն դառնում է եւս մի հարթակ, ինչպես Եվրոպայի խորհուրդն է՝ հայ-ադրբեջանական փոխհրաձգությունների համար, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Այո՝ Ադրբեջանի «ակտիվ» ջանքերով: Նրանք շարունակում են իրենց մարտավարությունը՝ ցանկացած քննարկում, անկախ նրանից, թե այն ինչին է վերաբերում՝ խոհարարական վերջին նվաճումներին, թե գործընկերությանը, ձեւափոխել՝ իրենց քարոզչական «ագիտպրոպը» բարձրաձայնելու համար: Ագրեսիվ քարոզչության նախաձեռնողն իրենք են: Եվ ես, իհարկե, ցավում եմ, որ թե՛ այդ ամբիոնը, թե խորհրդարանական ձեւաչափը՝ «Եվրանեսթը» փորձելու են օգտագործել այս նպատակի համար: Բայց եթե իրենք օգտագործելու են՝ բնականաբար, պիտի համարժեք պատասխան տանք»:

Հ. Գ. Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ ԱԺ-ում նախատեսված է Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ «Եվրանեսթ»-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության համատեղ նիստը. «Մենք հրավիրել ենք ԱԳ նախարարին՝ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքի համակարգվածության խնդիրը քննարկելու համար»: »:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել