Նկատեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը դեռ մինչեւ Ռուբեն Վարդանյանի հայտնի նամակի հրապարակումն էր մեր թերթի հետ զրույցում (զրույցը տեղի է ունեցել հուլիսի 14-ին) ասել, թե չի բացառում, որ «Լեզվի» եւ «Հանրակրթության» մասին օրինագծերում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունները կսառեցվեն կամ հարցին կտրվի բոլորովին անսպասելի լուծում: Նախ նկատենք, որ օրինագծերի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո կոալիցիայի ներսում կռիվ ընկավ՝ «ո՞վ է ավելի լեզվասեր» թեմայի շրջանակներում: ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը մեղադրեց ՕԵԿ խմբակցությանը՝ իբր ԲՀԿ-ի առաջարկները սեփականաշնորհելու մեջ: Հեղինե Բիշարյանը մեր թերթի հետ զրույցում չընդունեց այդ մեղադրանքները եւ հակառակն ասաց՝ երկուսն էլ մոռանալով, որ այդ վեճից շատ առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դարձյալ մեր թերթի հետ զրույցում հատ-հատ նշել էր բոլոր այն փոփոխությունները, որոնք հետագայում, իրոք, ներառվեցին այդքան աղմկահարույց օրինագծերում: Սա իրոք այն դեպքն է, երբ կոալիցիայի անդամները փորձեցին էժան դիվիդենդներ խլել մեկը մյուսից: Եվ ամենից զավեշտալին այն է, որ պարզվեց՝ այս ամբողջ աղմուկը անիմաստ էր: Թաիլանդի դպրոցի ներկայացուցիչները, երեկ արդեն նաեւ Ռուբեն Վարդանյանը, հայտարարեցին, որ այդ փոփոխությունները իրենց հարկավոր չեն: Հիմնականում օրինագծերը փոփոխվում էին այս երկուսին բավարարելու նպատակով: Հանձնաժաղովի նախագահ Արտակ Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ էական չէ, թե ով ինչ առաջարկություն է արել այս օրինագծերի փոփոխության ժամանակ, այլ էական համարեց հետեւյալը. «Կարեւորը բովանդակային առումով այն է, ինչը մենք ունեցանք առաջին ընթերցմամբ: Այս պահին այն, ինչ ունենք, նորմալ է, բայց դա չի նշանակում, որ այլ առաջարկություններ, որոնք եւս հնչեցվել են, հաշվի չեն առնվելու: Մասնավորապես, նկատի ունեմ Հայ հեղափոխական դաշնակցության այն առաջարկությունը, որով ասվում էր, որ ընդհանրապես պետք չի «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, այլ պետք է հարցին տալ իրավական լուծումներ, իսկ այդ կարգի լուծումներ կան, որոնք հնարավորություն են տալիս որոշակի փոփոխություններ իրականացնելով միայն «Հանրակրթության մասին» օրենքում հասնել այն նպատակին, որը դրված է: Եթե Դաշնակցությունը իր այս առաջարկը պնդի եւ հիմնավորի իրավական հարթությունում, եւ եթե դա ամբողջովին կտեղավորվի իրավական հարթությունում, ապա նաեւ կրթության եւ գիտության նախարարը նշեց, եւ ես էլ, որպես հանձնաժողովի նախագահ, համակարծիք եմ նախարարի հետ, որ կգնանք այդ ճանապարհով, իսկ ինչո՞ւ չգնանք այդ ճանապարհով»: Արտակ Դավթյանը ասաց նաեւ. «Խնդիր չկա, թե ո՞ւմ են պատկանում դափնիները: Մեր քաղաքական հակառակորդների՝ լինի ընդդիմություն կամ արմատական ընդդիմություն, ցանկացած առաջարկություն, որը միտված է մեր երկրի զարգացմանը կամ որոշակի ոլորտներում որոշակի խնդիրների լուծմանը, ես, որպես ԱԺ պատգամավոր, պատրաստ եմ ներկայացնելու, ընդունելու»: Թաիլանդի դպրոցի հայտարարությունը, թե մտադրություն չունեն դպրոց բացել Հայաստանում (ապա ավելացավ նաեւ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը) բավականին «խուճուճ» իրավիճակ է ստեղծել։ Այս կապակցությամբ Արտակ Դավթյանը իր նկատառումներն ունի: Մեր զրուցակիցն ասաց, որ ի սկզբանե եւս խոսքը գնում էր ընդամենը երկու դպրոցի մասին՝ Ռուբեն Վարդանյանի եւ Թաիլանդի. «Ըստ էության, օրենսդրական այս նախաձեռնությունը, մասնավորի հատվածում, հենց այս երկու առաջարկությունների բավարարմանը միտված օրենսդրական նախաձեռնություն էր: Հիմա դուք ասում եք՝ չբացվի, եթե չբացվի, ուրեմն չի բացվի»: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց, չէ՞ որ կար մտադրություն. «Ես կարծում եմ՝ առավել ճշգրիտ այդ մարդիկ կարող են ասել, թե ինչն է պատճառը, որ հրաժարվում են, բայց չպիտի նաեւ բացառենք, որ պատճառ կարող էին հանդիսանալ այս բուռն քննարկումները, որոնք ծավալվեցին հանրապետությունում, բնական է, որ հանրային կարծիքը միանշանակ կողմ կամ դեմ չէր»: Մեր հարցին՝ այսինքն՝ չի՞ բացառվում, որ «Լեզվի» մասին օրինագիծը հնարավոր է ընդհանրապես չփոփոխվի, եւ քաղաքացիական հասարակությունը այս ամբողջ պատմությունից ուղղակի հաղթանակած դուրս կգա, պարոն Դավթյանն ասաց. «Ես կարծում եմ՝ անկախ ամեն ինչից, քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ հաղթանակել է, որովհետեւ այն, ինչ կատարվեց, բուռն դեբատների արդյունքում կատարվեց: Բոլոր այն մարդիկ, որոնք ասելիք ունեին, ասացին, եւ իրենց ասելիքը լսելով՝ ընդունվեց համապատասխան որոշումը, ինչը կշարունակվի նաեւ ապագայում: Խորհրդարանական լսումների կհրավիրվեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, կխոսեն բոլորը, ովքեր ասելիք կունենան: Բավականին մեծ սպեկտրի առաջարկություններ կարող են լինել՝ ընդհուպ՝ որեւէ բան չփոխելուց մինչեւ ընդհանրապես օրինագծերը չընդունելը: Կոնկրետ մարդկանց իրավունքն է իրենց տեսակետը ներկայացնելը: Ես իմ կողմից, որպես հանձնաժողովի նախագահ, իրավունք չունեմ հաշվի չառնելու բոլոր տեսակետները»: