Հուլիսի 17-ին Գերմանիայի Շվերին քաղաքում WBO/WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն «Թագուհի մարդասպան» Սյուզի Կենտիկյանը երեք գոտիներն է պաշտպանելու մեքսիկացի Արելի Մուչինոյի հետ մենամարտում: Սյուզիի մարզական մականունն արդեն հայտնի է աշխարհին եւ նրա մասին շատ բան է ասում: Իսկ ահա Մուչինոյի մասին, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 11 մենամարտ եւ նույնպես պարտություն չի կրել, հայտնի է միայն այն, որ նա առանձնանում է ռինգում յուրատեսակ ագրեսիվությամբ եւ նպատակին հասնելու անհագ ձգտումով:
Մարտին ընդամենը երկու օր է մնում, եւ մարզուհիներն արդեն հասցրել են հայտարարություններ անել: Մուչինոն, դատելով նրա եւ հոր, որը անձնական մարզիչն է, խոսքերից, մարտականորեն է տրամադրված ու հավատում է իր հաղթանակին: «Ես բավականին դժվար ու հոգնեցուցիչ ճանապարհ եմ կտրել-անցել, որը տեւել է 16 ժամ, սակայն ինձ լավ եմ զգում: Այստեղ եղանակային պայմաններն անհամեմատ բարենպաստ են, քան իմ երկրում: Սյուզին ուժեղ բռնցքամարտիկ է եւ երեք գոտիները հենց այնպես չեն հայտնվել նրա ձեռքում: Բայց հուլիսի 17-ին ես նրան կճզմեմ: Այդ օրն իմ եւ Կենտիկյանի երկրպագուները դա կտեսնեն», – ասել է Մուչինոն: Հակառակ մեքսիկացու, Սյուզին ավելի համեստ է արտահայտվում ապագա մրցակցի հասցեին եւ ավելորդ բառեր չի գործածում: «Արելին իսկապես համառ մարզուհի է ռինգում: Բայց ես հիմա գերազանց մարզավիճակում եմ եւ ինձ հրաշալի եմ զգում: Ուսումնասիրել եմ նրա մարտավարությունը: Ներկայումս ամբողջովին կենտրոնացած եմ ֆիզիկականիս, բռունցքներիս եւ հարվածներիս վրա: Վստահ եմ, որ կհաղթեմ», – հայտարարել է աշխարհի եռակի չեմպիոնուհին: