Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ հարցը քաղաքականացնել»

Հուլիս 16,2010 00:00

Կամ՝ հայերը վրացական իրականությունում

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի շենքի անմխիթար վիճակի մասին թատրոնի ղեկավարությունը բազմիցս է բարձրաձայնել, բայց խնդիրը մինչ այժմ իր արժանի լուծումը չի ստացել: Շուրջ 38 տարի թատրոնում աշխատող տնօրեն Ֆելիքս Խաչատրյանի խոսքով՝ դեռեւս 70-ական թվականներից թատրոնի շենքի տակ ջուր է լցվում ու վիճակն օրեցօր լրջանում է: Այսօր շինության վրա առաջացած ճեղքերն ավելի են մեծացել ու ամեն վայրկյան կարող են վտանգավոր լինել ներսում գտնվողների համար: Բացի այս խնդրից, թատրոնը ձմռանը չի աշխատում՝ ջեռուցում չլինելու պատճառով: Գեղարվեստական ղեկավար, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում իր զարմանքն է հայտնում, թե ինչու են հայկական ԶԼՄ-ները եւ որոշ մարդիկ ավելորդ ասեկոսեներ տարածում. «Ոմանք շենքի վերանորոգման հարցը վերածում են քաղաքականության, թե հայ թատրոնի դերասանները գնացել են, շենքն արդեն խլում են… անտեղի հայտարարություններ են: Ցանկացած թատրոն պահանջում է վերանորոգում: Զարմանում եմ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքերից, շենքի մասին է արտահայտություններ անում, թե թատրոնով չեն զբաղվում եւ այլն»: Մեր զրուցակիցը նշեց, որ դիմել են Վրաստանի սեյսմիկ ծառայությանը, պատկան մարմինները համոզվել են, որ շենքը վթարային է: Ելնելով այս հանգամանքից՝ թատրոնի ղեկավարությունը դիմել է Վրաստանի եւ Հայաստանի մշակույթի նախարարություններին: Նրա ներկայացմամբ, վրացական կողմից ստացել են պատասխան, թե չունեն վերանորոգելու համապատասխան հնարավորություն, իսկ Հայաստանի մշակույթի փոխնախարարն անձամբ է եկել, տեսել, որից հետո Հայաստանի մշակույթի նախարարությունից այլեւս լուր չի եղել: Ա. Բայանդուրյանը հայտնեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում վիրահայերի հետ հանդիպման ժամանակ իրենք հարց են բարձրացրել թատրոնի շենքի մասին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անձամբ խոստացել է խնդրին լուծում տալ: «Կարեւորը, որ Վրաստանի ղեկավարը խոստացել է, երբ նա խոստանում է, անպայման խոստումը կատարում է: Դեռ գործողությունը չի սկսվել, բայց որ սկսվելու է, կասկած չկա: Մեզ թող չխանգարեն, անտեղի, սխալ հայտարարություններ չանեն»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը ու հավելեց, որ վերանորոգման հարցում Հայաստանը եւս անտարբեր չպետք է լինի: Ինչ վերաբերում է թատրոնի ստեղծագործական մթնոլորտին, ըստ Ա. Բայանդուրյանի՝ թատրոնն աշխատում է իր սովորական հունով: Վթարային լինելու պատճառով ներկայացումները սեփական շենքում չեն խաղում, բայց փորձերը կատարվում են թատրոնում: Նրա ներկայացմամբ, արդեն խաղացել են մոտ 15 ներկայացում՝ Վրաստանի հայաշատ վայրերում: Հուլիսի 18-ից հետո մեկնելու են Սամցխե-Ջավախեթի, իսկ սեպտեմբերին թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Զանգեզուրում: Ա. Բայանդուրյանի համոզմամբ, ինչպես ամեն տարի, այս տարի էլ հանձնելու են 4 նոր գործ եւ խաղալու 50 ներկայացում. «Տարին պետք է խաղանք 70 ներկայացում, բայց քանի որ շենքում չենք կարող դա անել, քանակը իջեցվել է 50-ի»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ թատրոնի խաղացանկի 90 տոկոսը հայկական է՝ Շիրվանզադե, Սունդուկյան, Պարոնյան, Գուրգեն Խանջյան, այլք, իսկ հանդիսատեսի մեծամասնությունը հայեր են: Ինչ վերաբերում է թատրոնի 45 հայ դերասանների վարձատրությանը, Ա. Բայանդուրյանն ասում է. «Չեմ ասի, թե մեր դերասանները շատ լավ են ապրում, բայց մինիմումը ապահովված է»: Նրա փոխանցմամբ, թատրոնը ֆինանսավորվում է վրացական բյուջեից, Հայաստանի կառավարությունը օգնում է թատրոնին, դրանից բացի, նաեւ վրաց բարերարից են օգնություն ստանում՝ որպես աշխատավարձ:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ա. Բայանդուրյանը Վրաստանում հայկական դպրոցների փակման եւ հայկական դասագրքերով սովորելու «մասով» նշեց. «Հայկական դպրոցները Վրաստանում ոչ ոք չի փակում, Թիֆլիսում եթե այդքան դպրոցներ փակվում են, դա փակում են միայն հայերը, որովհետեւ իրենց երեխաներին հայկական դպրոց չեն ուղարկում: Ինչ վերաբերում է դասագրքերին, Վրաստանի խորհրդարանը ընդունել է օրենք, որով հայկական կրթություն ունեցողները կարող են պետական քննությունները հանձնել մայրենիով: Այս տարի տասնյակ երեխաներ իրենց մայրենի լեզվով քննություն են հանձնել վրացական պետական բուհերում, ընդունվել են, մեկ տարվա ընթացքում պետությունը ֆինանսավորելու է այս երեխաներին, որպեսզի տիրապետեն նաեւ վրացերենին: Այսօր Թբիլիսիում կա 20-ից ավելի ռուսական դպրոց, որտեղ ուսանում է 800-ական աշակերտ, ցավոք սրտի՝ բոլորը հայեր են»:

Թատրոնի տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը եւս պնդում է, որ հայերի նկատմամբ Վրաստանում բացասական վերաբերմունք չկա, որովհետեւ վրացիներն էլ են Եվրոպա ուզում: Նրա կարծիքով, ամեն ինչ սկսվում է ընտանիքից. «Պետք է կարողանանք հայկական մանկապարտեզ բացել՝ թեկուզ մասնավոր: Հիմա ռուսական դպրոցում բացվում է 2 առաջին դասարան՝ 20-25 աշակերտով, հայկականը մեկն է մնացել՝ 7 աշակերտով, որով ուրախանում ենք: Հետագան այն է, որ ներկայացում դիտող մի օր էլ չի լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել