Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Հուլիս 16,2010 00:00

\"\"

Մեկ տարի առաջ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը պատրաստակամություն հայտնեց օգնել ճգնաժամից ու վարկային միջոցների բացակայությունից անորոշության մեջ գտնվող այն ընկերություններին, որոնց ներկայացրած բիզնես-ծրագրերը խոստանում էին պահպանել եղածը եւ նոր աշխատատեղեր ստեղծել, ընդլայնել արտահանման ծավալները: Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած 49 բիզնես-ծրագրերից 24-ում ֆինանսական ներարկումներն արդեն արդյունք ունեն: Շրջանառու միջոցներ, վերազինված աշխատանքային պայմաններ, նոր սարքավորումներ, աշխատատեղերի պահպանում, որոշ դեպքերում՝ նաեւ ավելացում. պետական աջակցության արդյունքները տարբեր հարթակներում են: Իրականում ո՞ւր են գնացել կառավարական ներարկումները՝ տնտեսական աճի չոր թվերի ետեւում համախառն արդյունքի իրական աճն է:

Թե ինչպես հայկական պանիրը հասավ Սիբիր

Ճգնաժամային իրականությունը այծի պանրի արտադրության «Գոլդեն Գոութ» ընկերության գործունեությունը փակուղի կտաներ, եթե գործադիրի աջակցությունը ժամանակին տեղ չհասներ: Արտադրանքի 70 տոկոսը արտահանող ձեռնարկությանը կառավարության 69 միլիոն դրամի ներդրումը պետք էր՝ մրցակցային միջավայրում կենսունակ լինելու համար նոր արտադրամաս կառուցելու եւ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Ներդրման արդյունքներն արդեն շոշափելի են. «Գոլդեն Գոութ»-ն ունի պանրի արտադրության ժամանակակից գործարան, որի տեխնիկական հզորությունը նախկինից մի քանի անգամ ավելին է. նախկին երկու տոննայի փոխարեն օրական կարող են մշակել մինչեւ 12 տոննա կաթ: Արտադրության տեմպի ուժեղացումը նաեւ այլ արդյունք ունի. նախկին 5 գյուղի փոխարեն այսօր 11 գյուղի 120 ֆերմեր կաթի մթերման խնդիր չունի. «Ելնելով ներկա պահանջարկից՝ կարող եմ ասել, որ եւ՛ ֆերմերների, եւ՛ համայնքների թիվը 50-60 տոկոսով կավելանա,- ասում է «Գոլդեն Գոութ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը: -Այսօր օրական մթերում ենք 2000-2500 լիտր կաթ, ձգտում ենք 3500-4000 լիտրի»: Այս տարի առաջին անգամ այծի պանիրը համտեսելու հնարավորություն ունեն նաեւ Սիբիրում: Ընկերությունում սպասում են նաեւ Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնի խոստացած եւս 25 միլիոն դրամի վարկային միջոցներին: Սա թույլ կտա, որպեսզի ընկերությունը շրջանառու միջոցներ ունենա եղած մեծածավալ պահանջարկին համապատասխան կաթ մթերելու եւ վերամշակելու համար. ներկայիս 30 աշխատողին կմիանա եւս ութը:

«Պորշե»-ի վեբ անվտանգությունը հայերի ձեռքում է

Սնանկացած կամ ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված արտասահմանցի հաճախորդը բարդացրեց ՏՏ համակարգերի, ցանցերի ու կառավարման ծրագրային միջոցների «Սորսիո» ընկերության ֆինանսական գործերը: Նոր հաճախորդներ ձեռք բերելու նպատակով մարկետինգային քաղաքականության ընդլայնումը ընկերության՝ կառավարությանը ներկայացրած բիզնես-պլանի կարեւորագույն դրույթն էր: Օպերատիվ օժանդակությունը՝ ընկերության կապիտալում 5 տարի ժամկետով 125 միլիոն դրամի ներդրումը, փրկօղակի դեր խաղաց: «Այս գումարի շնորհիվ մենք կարողացանք ճգնաժամային դժվար կացությունից դուրս գալ, ընդլայնել մարկետինգային ու գովազդային քաղաքականությունը. վաճառքի գնասենյակ բացել Միացյալ Նահանգներում, հաջորդը շուտով կունենանք Սիլիկոնային հովտում»,- պատմում է «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը: Արդյունքում՝ «Սորսիո»-ի արտադրանքը՝ «Նեյշընըլ Ջեոգրաֆիկ»-ի, Կալիֆոռնիայի նահանգապետարանի, «Պորշե»-ի, «Բլյումբերգ»-ի եւ շատ այլ ընկերությունների վեբ կայքերի մոնիտորինգ ու ախտորոշում իրականացնող ծրագրային համակարգը անխափան գործեց, «Սորսիո»-ի 50 աշխատակիցները ճգնաժամը գործնական ակտիվությամբ դիմավորեցին ու ճանապարհեցին, իսկ ըկերության ծրագրային փաթեթի վաճառքի ծավալները 4 անգամ ավելացան:

Հայկական կղմինդրը՝ հոլանդացիների կտուրներին

Կղմինդր արտադրող «Մարկետինգ եւ մենեջմենթ 360» ընկերությունը դիմեց կառավարության օպերատիվ շտաբին, որ ճգնաժամային տարում դնի եվրոպական շուկա թափանցելու հիմքերը: Ֆինանսական օգնությունը հարկավոր էր տեխնիկական բազան համալրելու, տեսականին մեծացնելու, մարկետինգային միջոցառումների անցկացման համար: Հատուկ ավազներից ու երկրորդային պոլիմերներից՝ պլաստմասսայե թափոններից կղմինդր արտադրող շինարարական ֆիրման ստացավ անհրաժեշտ 50 միլիոն դրամ ներդրումը, ձեռք բերեց նոր սարքավորում ու սկսեց արտադրել նույն բաղադրությամբ, միայն թե արդեն հոլանդական դիզայնով կղմինդր՝ հատուկ հոլանդական շուկայում ներկայանալու նպատակով: «Այժմ մենք պատրաստ ենք արտահանել 1000 քառակուսի մետր կղմինդր, բայց նախնական զրույցներից տպավորությունն այն է, որ մինչեւ անգամ 40 հազար խորանարդ մետր կարելի է արտահանել»,-ասում են «Մարկետինգ եւ մենեջմենթ 360» ընկերությունում: Ստացված աջակցության շնորհիվ ընկերությունը կրկնապատկել է աշխատողների թիվը: Երբ արտադրանքի պահանջարկը բավարարելու համար արտադրական անհրաժեշտ հզորություններն ունենան, աշխատողների թիվը խոստանում են հասցնել հարյուրի:

Քիչ ջրով՝ ավելի շատ ձուկ

Տարեկան մոտ 200 տոննա ձկնամթերք արտադրող «Ակվատեք Ավտոմատիկա» ընկերությունը խնդիր էր դրել ընդլայնել ձկան ստացումը տեխնոլոգիական նոր հնարավորություններով. քիչ ջրով ավելի շատ արտադրանք ստանալ ու նաեւ բավարարել ներքին շուկայի պահանջարկը: Հենց այս շեշտադրումներով արդիականացման բիզնես-ծրագիրը դրական արձագանք գտավ կառավարության օպերատիվ շտաբում: Կառավարության միջնորդությամբ գյուղվարկավորման «Ֆրեդա» հիմնադրամը «Ակվատեքին» տրամադրեց 200 մլն դրամ՝ յոթ տարի մարման ժամկետով, 10 տոկոս տոկոսադրույքով: «Հիմնադրամի ներդրումներով վերազինում ենք անում: Այսուհետ կիրառելու ենք ջրի օգտագործման ավելի արդյունավետ մեթոդներ, որովհետեւ ջրի պաշարները անվերջ չեն,- ասում է «Ակվատեք Ավտոմատիկա» ընկերության տնօրեն Արկադի Գեւորգյանը:- Մենք ավազանները հարստացնում ենք թթվածնով ու հատուկ բիոֆիլտրերի շնորհիվ կրկնակի անգամ նույն ջուրը օգտագործում»: Եթե արտադրանքի սպառման շուկաներն ընդլայնվեն, այստեղ տարեկան մինչեւ 1000 տոննա ձուկ կարտադրեն: Իսկ մինչ այդ փորձում են, ինչպես նշում է Արկադի Գեւորգյանը, ներկրված ձկնամթերքի փոխարեն բավարարել ներքին շուկայի պահանջարկը:

Հետգրություն

Թափանցիկություն՝ ահա այն հիմնական սկզբունքը, որ դրվել է օպերատիվ շտաբի գործունեության հիմքում: Գնալով տրամադրված աջակցությունների հետքերով՝ նաեւ «Հրապարակում»-ն է ապահովում այդ թափանցիկության սկզբունքը: Գործադիրի որոշումները, առաջիկա անելիքները, արված գործերն ու բացթողումները «Հրապարակում»-ում են՝ ամեն երեքշաբթի եւ ուրբաթ երեկոյան ժամը յոթին հինգ պակաս Հանրային հեռուստաընկերության եթերում: Համացանցային հարթակում մեր հասցեն անփոփոխ է՝ hraparakum.livejournal.com:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել