Երեկ հրդեհ էր բռնկվել Կապանի լողավազանում, այրվել էր շենքում գտնվող շինարարական աղբը: Դեպքի վայր ժամանած հրշեջները հասցրել են ժամանակին մարել բռնկված հրդեհը: Հրդեհի դեպք գրանցվել էր նաեւ նախորդ օրը՝ Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ համայնքում՝ այրվել էր գյուղի արոտավայրի ավելի քան 40 հեկտար խոտ ու թփուտ: Ըստ գյուղապետ Սուրիկ Թեւանյանի՝ հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ, բայց չի բացառում, որ երաշտի հետեւանք լինի: «Կապանից եւ Քաջարանից դեպքի վայր են ժամանել հրշեջներ, բացի այդ, գյուղացիներին օգնելու էին եկել նաեւ «Զանգեզուր» արգելոցի աշխատակիցները: Բարեբախտաբար, վնասներ չեն եղել ո՛չ մարդկանց, ո՛չ էլ անասունների շրջանում: Մի քանի ժամ է պահանջվել կրակը մարելու համար»,- ասում է գյուղապետը:
Այս շոգ օրերին Սյունիքում գրեթե ամեն օր հրդեհներ են գրանցվում: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսում մարզում հրդեհի 33 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվանից ավելի: Արձանագրված հրդեհների հիմնական պատճառը մարդկանց անզգուշությունն է, ինչպես նաեւ ամառային չոր տապը: