Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք չհասկացա՞վ վարչապետին

Հուլիս 16,2010 00:00

\"\"2008թ. ՀՀ վարչապետի որոշումը՝ պետական մշակութային կառույցներում ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժիններ, շատերին ոգեւորեց: Հատկապես ուրախացան մշակութային դաշտի գործիչները, քանի որ նման կառույցների գոյությամբ առավել կամրապնդեին հանրության հետ կապերը, հրապարակայնություն կապահովվի… Սակայն սա մնաց որպես բարի ցանկություն:

«Առավոտը» զրուցելով մշակութային օջախների ղեկավարների հետ, համոզվեց, որ ոմանք բնավ պատկերացում չունեն կառույցի դերի մասին: Ոմանց համոզմամբ, հասարակայնության հետ կապերի վարչության գործառույթը միայն ասուլիսների կազմակերպումն է, չնայած դա էլ գրագետ չի արվում: Մեր հասարակությունը անտեղյակ է մշակութային անցուդարձից, այն ամենից, ինչ կատարվում է մշակութային օջախներում: Որոշ դեպքերում չտեղեկացված լինելու պատճառով նույնիսկ մասնագետների մոտ են առաջանում հարցեր, օրինակ, վերջերս, ամիսների լռությունից հետո, համերգի հայտագրում այնպես էր ներկայացված, կարծես Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը նույն մարդն է՝ Ռոբերտ Մլքեյանը: Նման վրիպումների կամ «գրագետ» դեպքերի հանդիպում ենք ոչ միայն հայտագրերում, այլեւ այս կամ այն առիթով տպագրված բուկլետներում: Մշակութային օջախներից մեկի տնօրենն էլ համոզված լինելով, որ հասարակայնության հետ կապերի ղեկավարը միայն TV-ով գովազդ ապահովող անձ է, ասաց. «Ես զանգահարում եմ Ալիկին (նկատի ունի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին- Ս. Դ.), խնդրում եմ մեր գովազդային ռոլիկը պտտացնի: Ճիշտ է՝ իմ ուզած չափով չի արվում, սակայն լավ է, որ ինձ չի մերժում: Բայց համոզված եմ, որ հասարակայնության հետ կապերի ղեկավարին հաստատ կմերժեր…»: Որոշ թատրոններում էլ դեռեւս պահպանվում են գրական մասի վարիչի հաստիքները եւ այդ պաշտոնյաներն են իրականացնում հասարակայնության հետ կապերը, չունենալով լիազորություններ, էլ չենք խոսում գիտելիքների մասին: Օրինակ, 1-2 թատրոնում էլ հասարակայնության հետ կապերի ղեկավարի դերը ստանձնել է փոխտնօրենը կամ էլ այդտեղ աշխատում են անհասկանալի մամուլի խոսնակներ: Ի դեպ, մշակույթի նախարարությունում էլ են հաճախ ասուլիսներ կայանում, այն դեպքում, երբ նախարարությունը ասուլիսների սրահ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել