Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏՈՒՄ ԱՅԼԵՎՍ «ՌԱԶԲՈՐԿԱ» ՉԻ՞ ԼԻՆԻ

Հուլիս 16,2010 00:00

\"\"Երեկ ՀՀ կառավարությունը Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանին իր դիմումի համաձայն ազատեց Արարատի մարզպետի պաշտոնից, եւ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էդիկ Բարսեղյանը կառավարության որոշմամբ դարձավ Արարատի նոր մարզպետ: Լրագրողների հետ զրույցում պարոն Բարսեղյանն ասաց, որ մարզպետի պաշտոնն իր համար սովորական աշխատանք է եւ հիշեցրեց, որ 4 տարի այդ պաշտոնում աշխատել է, ապա ընդգծեց, որ իր առաջնահերթ քայլերն են՝ մարզի խնդիրներին ծանոթանալը եւ դրանց լուծումներ տալը: Էդիկ Բարսեղյանը մտադիր է վերացնել նաեւ մարզային լարվածությունը: «Դեռ այն ժամանակներից կար մարզպետարան-համայնքի ղեկավար հարաբերություններում անջրպետ: Դա միանշանակ չի լինելու: Ամեն մարդ իր գործն է անելու, մարզում տիրելու է օրենքի գերակայությունը»,- խոստացավ Արարատի մարզպետը: Լրագրողները մարզպետից հետաքրքրվեցին, թե Արարատը «ռազբորկաների» առումով հայտնի է, «ռազբորկաներն» է՞լ եք մեղմացնելու: «Իմ պաշտոնավարման ժամանակ ոչ մի «ռազբորկա» չի կարող լինել, բարձրաստիճան պաշտոնյաներն էլ ինձ կօգնեն, որ այդ մարզի տնտեսական զարգացման պոտենցիալը նկատելի լինի: Նկատի ունեմ ԱԺ նախագահին, ոստիկանապետին եւ այլոց»,- կրկին խոստացավ մարզպետը: Նա հերքեց լուրերը, թե նպատակ ուներ անդամագրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ որ մարզպետ է դարձել շնորհիվ ԱԺ նախագահի հետ ունեցած ջերմ հարաբերությունների. «Դրանք փողոցային խոսակցություններ են, ես ոչ մի կուսակցության անդամ դառնալու մասին չեմ մտածել»: Ավելի ուշ պարոն Բարսեղյանը հավելեց. «Պատասխանատու ձեւով հայտարարում եմ, երբ անցնեմ կենսաթոշակի, ես միանշանակ մտնելու եմ Հանրապետական կուսակցության մեջ, որովհետեւ ես ընդունում եմ այդ կուսակցության գաղափարախոսությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել