ՀՀ կառավարությունը երեկ հաստատեց հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման եւ կիրառման ռեժիմների թեթեւացման մասին որոշման նախագիծը:
Կառավարությանն առընթեր (ԿԱ) պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ նախատեսել են որոշակիորեն թեթեւացնել հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման հետ կապված կանոնների խնդիրները: Որոշումը վերաբերում է մեքենաների ձեռքբերման եւ դրանց շահագործման համար նախկինում դրված պահանջների թեթեւացմանը: Ռուբիկ Քոչարյանի ներկայացմամբ՝ «Նախկին կարգի համաձայն, տնտեսվարող սուբյեկտը պետք է պայմանագիր կապեր որեւէ սուբյեկտի հետ, որ այն պարտավորվեր սահմանված ժամկետում եւ համապատասխան ձեւով վերանորոգեր մեքենաները, իսկ հիմա պայմանագիր ունենալը պարտադիր չէ»: Պարոն Քոչարյանի խոսքերով, շատ հաճախ ժամանակի առումով խնդիրներ էին առաջանում, գործընթացը ձգձգվում էր, իսկ այս որոշմամբ վերանորոգման աշխատանքները տնտեսվարողները կարող են իրենց ուժերով կատարել: