Նախօրեին Ներքին Չարբախի բնակիչները 20 ժամից ավելի անլույս են մնացել: Այդ թաղամասի բնակիչները վստահեցնում են, որ հատկապես վերջերս հաճախակի են իրենց մոտ հոսանքի անջատումները, ինչի հետեւանքով շատ բնակարաններում տեխնիկան փչանում է: Այս անգամվա հոսանքազրկումներից թաղամասի տնտեսվարողներն են վնասներ կրել. Չարբախի սննդի խանութների սառնարաններում պահվող սննդամթերքը հասցրել է փչանալ: Դեռ հայտնի չէ, թե ինչ վիճակում է բնակարանների տեխնիկան: Թաղամասի բնակիչների խոսքերով, երբ զանգում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 1-80 ծառայությանը, այնտեղից ոչ միշտ են հստակ պատասխան ստանում: «Ամեն մի քամուց սկսել է լույսերն անջատվել: Էլ չենք խոսում առանց պատճառի անջատումների մասին: Ախր, լվացքի մեքենա, օդորակիչ եւ այլ թանկարժեք տեխնիկա ունենք, որ վառվի, ինչպե՞ս են փոխհատուցելու: Ամեն անգամ ասում են, որ կփոխհատուցենք, սակայն ոչ մի անգամ նման բան չի եղել»,- մեզ հետ զրույցում դժգոհում էր Ներքին Չարբախի բնակիչներից մեկը:
Էներգամատակարարման դադարեցման պատճառը, ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարուհի Թորիկյանի, եղել է խոշոր վթարը. «Երեկոյան ուշ ժամից սկսած մեր մասնագետներն աշխատում էին, որպեսզի կարողանան էներգամատակարարումը վերականգնել: Ցերեկը ժամը 16-ի կողմերը միացրել են, նորից է անջատվել՝ ամենայն հավանականությամբ ծանրաբեռնվածության պատճառով: Երեկոյան արդեն վերջնականապես լույսը միացվել է»: Ինչ վերաբերում է հաճախակի անջատումներին, ապա Զ. Թորիկյանի խոսքերով, հիմա արդեն մալուխները փոխվում են եւ շուտով քամու եւ անձրեւի պատճառով հոսանքազրկումներ չեն լինի:
Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս են փոխհատուցելու այս թաղամասի բնակիչների վնասները. «Եթե խոսքը տեխնիկայի փչանալու մասին է, ապա բնակիչները պետք է դիմեն մեր տարածքային ստորաբաժանում եւ ներկայացնեն իրենց տեխնիկան: Այդ ապրանքը մենք ուղարկում ենք «Հրայր» ՍՊԸ, այնտեղ վերանորոգում են, եթե տվյալ ապրանքը ենթակա չէ վերանորոգման, արդեն մեզ մոտ քննարկվում է փոխհատուցման հարցը: Ամեն ապրանքի համար չկա կոնկրետ ֆիքսված գումար, սակայն մենք նաեւ հաշվի ենք առնում ապրանքի տարիքը»: