Օրեր առաջ՝ հուլիսի 9-ի գիշերը Կոնդի 20-ամյա բնակիչ Սերգեյ Ավետիսյանին իրենց «թաղի հեղինակություն» համարող մի քանի տղաներ այնպես են ծեծել, որ էպիլեպսիայով հիվանդ տղան արյունլվա է եղել ու ուշագնաց ընկել փողոցում: Այս մասին «Առավոտի» երեկվա համարում «Հարգված տղերքը դաժան ծեծի են ենթարկել» վերնագրով հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել էինք, թե ովքեր են ծեծողները եւ ինչպես են նրանք պարբերաբար գումար պահանջել տղայից ու ստիպել իրենց «նալոգ» տալ՝ որպես «խառոշի տղերքի»: Երբ ծնողները հիվանդ երեխային «շտապօգնության» մեքենայով տարել են «Արմենիա» բուժկենտրոն, հիվանդանոցից տեղեկանալով, որ ընտանիքը վճարունակ չէ, առավոտվանից մինչ երեկո երեխային նույնիսկ պատգարակից չեն իջեցրել ու «անտեր-անտիրական» թողել միջանցքում: Արձագանքելով մեր հրապարակմանը՝ հենց նույն օրը առողջապահության նախարարությունը թերապեւտ էր ուղարկել՝ Սերգեյի առողջական վիճակը զննելու եւ առաջին բուժօգնություն տրամադրելու: Երբ երեխայի վիճակը վատացել է, նախարարության ջանքերով «շտապօգնությունը» նրան տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Երեկ «Առավոտին» հիվանդանոցից տեղեկացրին, որ տղայի վիճակն արդեն կայուն է եւ նա նեյրովիրաբուժական բաժանմունքում է: Բաժնի վարիչ Ռուդիկ Վարոսյանի խոսքերով՝ «Նախնական ախտորոշմամբ՝ Սերգեյն ուղեղի ցնցում է տարել, բայց նրան պետք է դեռ մանրամասն հետազոտենք, որպեսզի վերջնական եզրակացություն տանք»:
Մեր հրապարակման մեջ Սերգեյի մայրը՝ Նարինեն պատմել էր, որ իրենք դիմել են նաեւ «Նաիրի» բուժկենտրոն, որտեղից նրանց հորդորել են դիմել «Էրեբունի» հիվանդանոց: Երեկ հիվանդ տղայի հարազատները ճշտեցին, որ դեպքի մասին պատմելիս հուզված են եղել եւ շփոթվել են՝ ասելով, որ «Նաիրիից» իրենց տեղեկացրել են, որ երեխայի բուժօգնությունն արժե 200 հազար դրամ: Այդ գումարն իրենցից պահանջել են ոչ թե «Նաիրիում», այլ՝ հանրապետական հիվանդանոցում՝ «Արմենիայում»:
Հ. Գ. Երեկ խմբագրություն էր եկել Սերգեյին ծեծողներից մեկի մայրը: Նա վրդովված մեկ առ մեկ թվարկում էր, թե ինչ նվերներ է արել՝ շապիկ ու բոթաս է նվիրել Սերգեյենց ընտանիքին՝ պահանջելով անմիջապես հերքում տպագրել, որ իր տղան ոչ թե ծեծել է, այլ այդ ժամին պատահաբար անցնելիս տեսել է, որ ծեծում են: Նշենք, որ Սերգեյի ծեծի գործը Կենտրոնի ոստիկանությունում է: