Այս դեղատների ցանցի նախկին աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստացել, սակայն այսօր նրանցից «911»-ի տնօրինությունը փորձում է 1 միլիոն դրամ բռնագանձել։
Արդեն լուծարված «911» դեղատների ցանցն իր դեղատներում աշխատած տասնյակ աշխատակիցների դեմ դիմել է դատարան: Մոտ մեկ ամիս առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից նրանք ծանուցագրեր են ստացել։ Դեղատան տնօրինությունը դատարանի միջոցով ցանկանում է աշխատակիցներից բռնագանձել 1 միլիոն դրամ: Մինչդեռ օրերս «Առավոտին» դիմած այս դեղատների մի շարք աշխատակիցներ պնդում են, որ «911»-ը դեռ մի բան էլ իրենց աշխատավարձերի մեծ պարտքեր ունի:
«Մենք դեղատանն աշխատելու՝ դեղ վաճառելու իրավունք չենք ունեցել, քանի որ դրա համար անհրաժեշտ լիցենզիա չենք ստացել առողջապահության նախարարությունից, սակայն 4-5 տարի դեղ ենք վաճառել մեր քաղաքի բնակիչներին։ Տեղյակ էլ չենք եղել, որ պետք է լիցենզիա ունենանք դեղ վաճառելու համար, այդ մասին իմացել ենք, երբ արդեն չէինք աշխատում այս դեղատանը։ Որեւէ մեկս անգամ դեղատանն աշխատելու համապատասխան կրթություն էլ չունեինք, մեկս ակնաբույժ էր, մյուսները՝ Բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողներ, մեկն էլ ոչ պետական բուհ ավարտած մեկը, որի դիպլոմի ժամկետն արդեն լրացած էր։ Չնայած դրան, երբ մենք ազատվեցինք աշխատանքից, մեր աշխատանքային գրքույկներում նրանք գրել են, որ մենք մասնագիտությամբ դեղագետներ ենք։ Այս թերությունները, մեր եւ մեր ղեկավարության օրինախախտ լինելը բացահայտվեցին այն ժամանակ, երբ մենք փորձում էինք այլ տեղ աշխատանք գտնել։ Մեզ ոչ մի այլ դեղատանը աշխատանք չէին տալիս»,- մեզ հետ զրույցում պատմեցին «911»-ի Հարավ-արեւմտյան թաղամասի մասնաճյուղի աշխատակիցները։ Նրանք չցանկացան հրապարակել իրենց անունները, քանի որ արդեն այլ դեղատներում ու բուժհիմնարկներում օրինական կարգով են աշխատում եւ ամաչում են, որ այդպիսի աշխատանքային փորձ են ունեցել։ Նշենք, որ «Առավոտին» դիմած այս աշխատակիցներն արդեն 1 տարուց ավելի է, որ չեն աշխատում «911»-ում։ Նրանք բոլորը միասին են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել։ Պատճառը եղել է ոչ նորմալ վարձատրությունը, իսկ աշխատելու վերջին ամիսներին այս կոլեկտիվն արդեն 4-5 ամիս շարունակ չի վարձատրվել։ Երբ նրանք դիմել են «911»-ի ղեկավարությանը՝ պահանջելով իրենց աշխատավարձը, նրանց պատասխանել են, թե գումար չունեն եւ 1 միլիոն դրամի էլ պակասորդ ունեն եւ չեն կարող աշխատակիցներին վարձատրել։ «Մենք մոտավորապես 4 տարի աշխատել ենք այս մասնաճյուղում, որեւէ անգամ նորմալ չենք վարձատրվել, ամեն անգամ պակաս են տվել աշխատավարձը՝ պատճառաբանելով, որ դեղերի վաճառքը նորմալ չի եղել եւ համապատասխան շահույթ չեն ստացել։ Պետք է ստանայինք մոտ 65 հազար դրամ, սակայն բավական չէ, որ ժամանակին չէին վարձատրում, մի բան էլ 5-10 հազար դրամ պակաս էին տալիս։ Երբ մենք իրենց դիմեցինք եւ պահանջեցինք, որ մեզ տան մեր գումարները, ասացին, որ եթե այս կոնֆլիկտը տեղափոխվի այլ հարթություն, տվյալ դեպքում՝ դատարան, գումարի չափն ավելանալու է, ուստի ավելի լավ է հաշտության փաստաթուղթ ստորագրենք, ու նրանք մեզ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կվճարեն, մենք էլ համաձայնեցինք, ստորագրեցինք՝ առանց կարդալու փաստաթղթի մեջ գրվածը, այնքան հոգնել էինք այդ քաշքշուկներից, որ մտածեցինք՝ իրենք էլ չեն ցանկանա ավելորդ խնդիրների մեջ ընկնել եւ կփորձեն ժամանակին վճարել։ Բայց որոշ ժամանակ անց բացահայտվեց, որ ստորագրել ենք պարտավորագիր, որով պետք է մենք մի բան էլ իրենց գումար տանք եւ այդ 1 միլիոն դրամը փակենք։ Տեղեկացանք այս մասին վերջերս, երբ դատարանից ծանուցագիր ստացանք։ Միանգամից փաստաբան վարձեցինք, քանի որ հասկացանք, թե ինչ են ցանկանում սարքել մեր գլխին։ Իսկ մենք այնքան նվիրված աշխատող ենք եղել, առանց դժգոհելու ե՛ւ շոգին, ե՛ւ ցրտին աշխատել ենք, այն դեպքում, երբ տապին օդորակիչ չենք էլ ունեցել։ Դեղերը փչանում էին, հալչում, սակայն մենք նորմալ աշխատում էինք եւ միշտ շատ լավ վաճառք էինք ունենում, ուստի զարմանալի էր մեզ համար, թե այդ ինչպես է, որ նրանք միշտ գումար չէին ունենում, որպեսզի աշխատակիցներին վարձատրեին։ Ամբողջ ցանցում մոտ 60 հոգի էր աշխատում, բոլորին էլ այդպես էին աշխատավարձ տալիս»,- վրդովված պատմում էր «Առավոտի» խմբագրություն եկած այս կոլեկտիվի անդամներից մեկը։ Նրա խոսքերով, իրենք բացահայտել են նաեւ, որ այս մասնաճյուղում իրենցից հետո աշխատանքի անցածներին էլ չեն վարձատրել, մոտ 500 հազար դրամ էլ նրանց են պարտք, սակայն, ի տարբերություն մեզ դիմած կոլեկտիվի, նրանց հաջորդածներին իսկապես խոստացել են վարձատրել այդ գումարը, բայց այն ժամանակ, երբ դատական կարգով նախկին կոլեկտիվից կստանան այդ 1 միլիոն դրամը։
Այսօր այս գործով առաջին նիստն է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում։ «911» դեղատների ցանցի նախկին աշխատակիցները վստահ են, որ դատարանում ավելի ճոխ մեղադրանքներ են լսելու իրենց հասցեին, քանի որ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել 2009 թվականի հունիսին, իսկ դեղատների ցանցի ղեկավարությունը նրանց դատի է տվել 1 տարի հետո, երբ արդեն ամբողջ ցանցը լուծարվել է. «Ուզում են վերջին գումարներն էլ աշխատակիցներից պոկեն, որ վերջնականապես հանգստատան։ Նրանք շատ բաներ են արել աշխատակիցների հաշվին։ Ամեն արձակուրդի սեզոնին ղեկավարությունից ում ինչքան գումար պետք է եկել՝ վերցրել է ու գնացել հանգստանալու՝ Անթալիայից մինչեւ այլ ծովափնյա քաղաքներ»։
Հիշեցնենք, որ «911» դեղատների ցանցը լուծարվեց այս տարվա մարտին։ Պատճառը կուտակած պարտքերն էին։ Ըստ չճշտված տեղեկությունների, ընկերությունը վարկ էր վերցրել եւ չէր կարողացել փակել։
Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ «911» ընկերությունից, սակայն նրանց բոլոր հեռախոսահամարները միացված չէին կայանին: