Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՍՑԵԱՏԵՐՆ ԻՐԵՆՔ ՉԷԻՆ

Հուլիս 16,2010 00:00

Հուլիսի 10-ին «Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը, թե այն մարդիկ, ովքեր հեռացվել են կուսակցությունից՝ կարող են գրավոր դիմել նորընտիր վարչությանը՝ վերականգնվելու նպատակով, այժմ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության մաս կազմող «Ժառանգության» վարչության նախկին անդամները դիտարկել էին իբրեւ հատկապես իրենց ուղղված առաջարկ ու շտապել մերժել: Այսպես՝ Մովսես Արիստակեսյանը դա անվանել էր ոչ կոռեկտ առաջարկ ու անգրագիտություն, իսկ Զոյա Թադեւոսյանը հեգնել, թե «վերեւից շնորհ են անում՝ եթե ուզում եք, կարող եք վերադառնալ… Պարոնայք, տիկնայք, խոսքը չափահաս, կազմավորված, քաղաքական սկզբունքներ ունեցող մարդկանց մասին է, բարի եղեք հարգել այդ մարդկանց»:

Մինչդեռ համագումարի օրը «Առավոտի» հարցադրմանը Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանից, որը չէինք հրապարակել զուտ տեղի սղության պատճառով՝ ակնհայտ է, որ այդ հրավերի առաջին հասցեատերը բնավ այժմ արդեն քաղաքական այլ պատկանելություն ունեցող մարդիկ չեն: Այսպես՝ մեր հարցին, թե անվանապես ումի՞ց եք ակնկալում, որ անհատական դիմումներով պիտի դիմեն՝ վերականգնվելու համար, եթե հաշվի առնենք, որ նրանցից ոմանք արդեն «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնությունից են, մեկը դարձել է հնչակյան եւ այլն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել էր. «Ես անվանական ակնկալիք չունեմ: Բայց կարող եմ ասել, որ նրանք, ովքեր քաղաքական դաշտում իրենց նոր տեղը չեն գտել կամ չեն բացահայտվել այլ քաղաքական միավորների մոտ, կամ անգամ նրանք, ովքեր այդ որոշումը կայացրել են եւ ուզում են վերանայել՝ ես կարծում եմ, որ այս նոր վարչությունն ակնկալիք չունենալով, բայց հանուն արդարության՝ եթե լինեն այդ գրավոր դիմումները, պետք է արագացված կարգով անդրադառնա դրանց: Չբացառելով որեւէ մեկի վերաբերմունքը ու նաեւ չակնկալելով որեւէ մեկի վերաբերմունքը, նվազագույնը մի քանի հոգի կան, ովքեր դրանից հետո չեն մասնակցել քաղաքական որեւէ միջոցառման կամ միավորման ստեղծման»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել