Ես գիտեմ, որ անհույս է երախտագիտություն ակնկալել արածներիդ համար, քանի որ հայտնի է՝ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, քանի դեռ ապրում ես: Եվ կարեւոր չէ, թե ինչ եւ ինչքան ես օգնել քո շրջապատի մարդկանց, ինչ նվիրումով ես բացել սիրտդ եւ ինչ ես զոհաբերել, միեւնույն է՝ միշտ հայտնվում են վերաքննողները՝ մաղձի փրփուրը աչքերի անկյուններում թաքցրած: Եվ, որպես կանոն, նրանք քեզ նայում-լսում են չափազանց ուշադիր, ինչքան ուշադիր կարող է լինել հավատարմությունն ինքը, բայց իրենց չկայացած ցանկությունների թաքցրած դեղին փրփուրը մի պահ դուրս է լողում նրանց աչքերից, եւ դու միամտաբար մտածում ես, որ նա հիվանդ է, եւ դարձյալ ուզում ես օգտակար լինել, այնինչ՝ դա չկայացած մարդու շողոմ ժպիտի հետեւում թաքնված ատելությունն է քո հանդեպ, որ դու կարողացար, ինքը՝ չկարողացավ: Եվ նրանք՝ այդ մարդիկ, այդ վերաքննող հոգիները, որոնցով շրջապատված ենք մենք եւ կամա թե ակամա առնչվում ենք ամեն օր, երազում են բնական մահով մեռնել՝ չփորձելով քսվել որեւէ սխրանքի, քանի որ լինելով անկարող՝ ատում են սխրանքը: Չի կարելի ասել, թե ես խորշում եմ նրանցից, նրանք մեր կյանքի մի մասն են՝ թաքուն դավադրության կնիքը վրան: Եվ հաճախ հայտնվելով բաց, ազատ սեղանների շուրջ կամ դահլիճներում՝ նրանք, միեւնույն է, քեզ հետեւում են անկյունից՝ սարդի նման թաքուն….
Եվ երբ նրանց՝ քեզ նայող հայացքի խորքից լողալով աննկատ դուրս է գալիս մաղձի փրփուրը եւ հիվանդ դեղնությամբ փառակալում աչքերը, ուզում ես գոռալ՝ ջո՛ւր, ջո՛ւր տվեք, աստվածների ահեղ զենքը, որ մաքրագործում է խաթար հոգիները: Եվ ո՞վ, ո՞վ է, որ պիտի հեղի ամեն ինչ մաքրող-սրբագործող այդ կենդանի ջուրը, որ մեր ցեղի հազարամյակների խորքերում կարծրացած թունավոր ժանգը մաքրի մեր միջից, սեր հաստատի իրար հանդեպ, սեր՝ մեր երկրի, մեր հավատի հանդեպ, պարզի, հստակեցնի աչքերը մեր, որ իրար նայելիս շողշողան մոտ եւ հեռու համաստեղությունների նման… Չէ, ջո՛ւր, ջո՛ւր է պետք մեր ներսի վերաքննող հոգիներին, ովքեր թերեւս սեփական անհաջողություններից մոլորված են, բայց միեւնույն է՝ մերն են, մեր մոլորյալներն են նրանք, սակայն: